Մենք ողջունում ենք այս հրաժարումը եւ այն համարում ենք կարեւոր քաղաքական եւ մարդասիրական քայլ։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը:
«alikonline.ir» - Մենք ողջունում ենք այս հրաժարումը եւ այն համարում ենք կարեւոր քաղաքական եւ մարդասիրական քայլ։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը:
«Ադրբեջանը հերթական անգամ յարձակւել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրայ՝ օգտագործելով իրեն բնորոշ դիւանագիտական բառապաշարը։ Պատճառներից մէկը՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանների՝ օկուպացւած Շուշի մեկնելուց հրաժարւելն էր։ Մենք ողջունում ենք այս հրաժարումը եւ այն համարում ենք կարեւոր քաղաքական եւ մարդասիրական քայլ։
Սակայն Մինսկի խումբը փլուզելու Ադրբեջանի գործողութիւնների պատճառներն այլ տեղ են։ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ, մասնաւորապէս, այդ խմբի համանախագահութեան ինստիտուտը փլուզելու Բաքւի շահագրգռւածութեան հիմնական պատճառն այն է, որ սրանով Ադրբեջանը փորձում է ոչնչացնել Արցախի դէ ֆակտօ եւ դէ իւրէ միջազգային դիւանագիտական կարգավիճակը, որը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան եւ դրա կարգաւորման բանակցային գործընթացի ճանաչւած կողմ։ Իսկ համապատասխան փաստաթղթերի, յայտարարութիւնների եւ այլ քաղաքական ու իրաւական ակտերի մեծ մասը գտնւում է Մինսկի խմբի եւ Մինսկի գործընթացի գործունէութեան ոլորտում։ Մինսկի խմբի եւ այդ խմբի համանախագահութիւնը լուծարումը, ըստ Բաքւի տրամաբանութեան, պէտք է ոչնչացնի Արցախի դէ ֆակտօ եւ դէ իւրէ միջազգային դիւանագիտական կարգավիճակը։
Այստեղ Բաքուն եւ Անկարան գործում են միասին՝ ամէն կերպ օգտւելով Ռուսաստանի եւ հաւաքական Արեւմուտքի միջեւ առկայ հակասութիւններից, ինչը նոյնպէս ազդում է Մինսկի խմբի համանախագահութեան գործունէութեան վրայ։ Բայց այս էմոցիոնալ սիրախաղը, որի միջոցով ադրբեջանա-թուրքական դաշինքը փորձում է հաճոյանալ Ռուսաստանին, բնականաբար տակտիկական ու ժամանակաւոր քայլ է։ Ակնյայտ է, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանն ամէն ինչ անում են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելութիւնը խաթարելու համար՝ քաջ գիտակցելով, որ Ռուսաստանի դուրսբերմամբ կը կործանւի նաեւ Արցախը, իսկ Արցախի կործանումը կը բերի տեկտոնական աշխարհաքաղաքական տեղաշարժերի Անդրկովկասում եւ յարակից հսկայական աշխարհաքաղաքական տարածութիւններում, ինչը էկզիստենցիալ սպառնալիքներ կը ստեղծի մի շարք երկրների, առաջին հերթին Ռուսաստանի համար։ Սա, ի դէպ, վտանգ է ներկայացնում նաեւ Արեւմուտքի համար, պարզապէս, երկարաժամկէտ հեռանկարում։
Չի բացառւում նաեւ, որ Բաքւի` նման մաքսիմալիստական քաղաքականութիւնը նպատակաուղղւած է նաեւ այս կարգի շանտաժի միջոցով հասնել Թուրքիային Մինսկի խմբի համանախագահող երկրներում ընդգրկելուն, որպէս Բաքւին իր կոշտ դիրքորոշումը մեղմելու իւրատեսակ փոխհատուցում։
Ես վստահ եմ, որ այս եւ շատ այլ բաներ լաւ են հասկանում Մոսկւայում, Վաշինգտոնում, Փարիզում։
Ակնյայտ է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ նրա ներկայիս համանախագահութիւնը դեռ այլընտրանք չունեն»,- գրել է նա։