Հա

Քաղաքական

29/08/2022 - 13:50

«Միշտ չէ, որ յայտարարւած եւ իրական նպատակները համընկնում են». Բադալեանը` ընդդիմութեան մասին

Քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչ ակնկալիքներ կարող են լինել սեպտեմբերի 2-ին «Դիմադրութիւն» շարժման հրաւիրած հանրահաւաքից։

«alikonline.ir» - Քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչ ակնկալիքներ կարող են լինել սեպտեմբերի 2-ին «Դիմադրութիւն» շարժման հրաւիրած հանրահաւաքից։

Այս պահին Հայաստանում իշխանափոխութեան հնարաւորութիւններ կան, եթէ միայն ընդդիմութիւնն իսկապէս ցանկանայ իրականացնել իշխանափոխութիւն, քանզի միշտ չէ, որ յայտարարւած նպատակներն ու իրական նպատակները համընկնում են։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը։

Նշենք` «Դիմադրութիւն» շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը յայտնել է, որ շարժումը սեպտեմբերի 2-ին մեծ հանրահաւաք կանի Ֆրանսիայի հրապարակում` «Ոտքի կանգնենք, որ չկորցնենք» խորագրով։

«Ընդհանրապէս երբ նախատեսում են համապետական հանրահաւաք, որն ինչ-որ մեծ գործընթացի մեկնարկը պէտք է լինի` նպատակադրւելով հասնել իշխանափոխութեան, ապա բնականաբար նման միջոցառման մեկնարկին պէտք է հնարաւորինս լաւ նախապատրաստւել, մինչդեռ այդ ուղղութեամբ աշխատանքները դեռ տեսանելի չեն»,- նշեց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով այն հարցին, թէ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարեանի նախաձեռնած «Համախմբում» շարժումն ինչ ազդեցութիւն կարող է թողնել խորհրդարանական ընդդիմութեան կողմից իրականացւող շարժման վրայ, Բադալեանը նշեց, որ մարդկանց հաւաքը Հանրապետութեան հրապարակում դեռ չի նշանակում, որ այն կարելի է որակել որպէս քաղաքական հանրահաւաք։

«Հանրահաւաքը, որպէս քաղաքական տեխնոլոգիա կամ տեխնոլոգիական միջոցառում, ունի իր կանոնները, մասնաւորապէս` թէ ինչ նպատակ է հետապնդում եւ ինչ խնդիրներ պէտք է լուծի։ Անհրաժեշտ է նաեւ տւեալ պարագայում պահպանել քաղաքական ձեւաչափը։ Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցած հաւաքի նպատակն անհասկանալի էր, այն որեւէ խնդիր չլուծեց, ձեւաչափը չպահպանւեց, եւ եթէ գործիչը չի տիրապետում քաղաքական միջոցառում անցկացնելու տարրական կանոններին, ապա դժւար է ակնկալել, որ նա կիրականացնի լուրջ քաղաքական գործընթաց։ Այդուհանդերձ, Էդգար Ղազարեանի գործունէութիւնը ո՛չ կօգնի, ո՛չ էլ կը խանգարի ընդդիմութեանը»,- պարզաբանեց Բադալեանը։

Նրա դիտարկմամբ` իշխանութեան ջրաղացին ջուր լցնելու յուզական թէզը շրջանառւում է դեռ 1992 թւականից, երբ ընդդիմութիւնը շարունակ իրականացնում էր ակցիաներ` պայքարելով օրւայ իշխանութեան դէմ։

Երբ խօսում են վճռական քայլերի դիմելու մասին, ապա նախ պէտք է յստակեցնել, թէ ինչ է դա նշանակում` շէնքերի գրաւո՞ւմ, ուժայինների հետ մարտական բախումնե՞ր։ Յամենայն դէպս, ընդդիմութիւնը պէտք է բացատրի վճռական քայլերի էութիւնը։ Փաստ է, որ մինչ այս պահը «Դիմադրութիւն» շարժումը կտրուկ քայլերի չի դիմել։

«Միշտ չէ, որ ընդդիմադիրների գործողութիւնները յանգեցնում են իշխանափոխութեան, եւ միշտ չէ, որ նման գործողութիւնների արդիւնքում օրւայ իշխանութիւնները ներկայացնում են հրաժարական ու հեռանում ասպարէզից։ Այդուհանդերձ փաստ է, որ Հայաստանի ընդդիմութիւնն ակտիւ ու կրեատիւ մօտեցումներ չի դրսեւորում, որ խնդիրներ ստեղծի իշխանութեան համար ու նրա իշխանութեան մնալը դնի հարցականի տակ»,- ասաց քաղտեխնոլոգը։

Յիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` Արցախի վերաբերեալ յայտարարութիւնից յետոյ Հայաստանում բողոքի ալիք բարձրացաւ։

Ապրիլի 22-ին Իշխան Սաղաթելեանն ազդարարեց վարչապետին ու նրա թիմին իշխանութիւնից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։

Մայիսի 1-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմութիւնը բազմահազարանոց հանրահաւաք անցկացրեց։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, եւ մայիսի 2-ից սկսւեցին անհնազանդութեան ակցիաները, որոնք աստիճանաբար մարեցին։

Յունիսի 15-ին վրանները հաւաքեցին Ֆրանսիայի հրապարակից:

Դրանից յետոյ «Դիմադրութիւն» շարժումը գնալով աւելի մեծ ընդմիջումներով է հանրահաւաքներ ու երթեր կազմակերպում։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։