Հա

Քաղաքական

29/08/2022 - 14:20

«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը: Վերջին իրադարձութիւնները վկայում են, որ Արցախի բնակիչները ֆիզիկապէս չեն կարող գոյատեւել Ադրբեջանի պրոտեկտորատի տակ». յայտարարութիւն

Մենք՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի զինւած ուժերի կողմից մեր բնակութեան վայրերի օկուպացիայի հետեւանքով բռնի տեղահանւած եւ Հայաստանի Հանրապետութիւնում ու Արցախի Հանրապետութեան այլ շրջաններում ապաստան գտած բնակիչներս, ողջունում ենք ամերիկացի նոր համանախագահ Ֆիլիպ Ռիկերի նշանակումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։ 

Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան) բռնի տեղահանւած քաղաքացիների հասարակական կազմակերպութիւնների յայտարարութիւնը

 

Մենք՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի զինւած ուժերի կողմից մեր բնակութեան վայրերի օկուպացիայի հետեւանքով բռնի տեղահանւած եւ Հայաստանի Հանրապետութիւնում ու Արցախի Հանրապետութեան այլ շրջաններում ապաստան գտած բնակիչներս, ողջունում ենք ամերիկացի նոր համանախագահ Ֆիլիպ Ռիկերի նշանակումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։ 2020 թւականի սեպտեմբերի 27-ին ահաբեկչական վարձկանների կիրառմամբ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի արդիւնքում մենք՝ Արցախի Հանրապետութեան բնակիչներս (նաեւ նախկին ԼՂԻՄ-ի բնակիչներս) կորցրեցինք մեր տները, ունեցւածքը, պատմական եւ հոգեւոր արժէքները, եւ մեր հարազատների շիրիմներին այցելելու հնարաւորութիւնը։

Յուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կը շարունակի իր աշխատանքը՝ հաշւի առնելով Արցախի Հանրապետութեան բնակիչների կարծիքը, այն է՝ մեր օրինական ինքնորոշման իրաւունքը, որը արտայայտւել է մեր կողմից 1988 թւականին եւ հաստատւել այդ իրաւունքի իրականացման համար մեր 32 տարւայ պայքարով։ Ռասայական խտրականութեան քաղաքականութիւնը, հայատեացութիւնը եւ Ադրբեջանի ներկայիս քաղաքականութիւնը՝ ուղղւած Արցախի Հանրապետութեան տարածքի հայերից էթնիկ զտմանը, խաղաղ բնակչութեան դաժան սպանութիւնները, խաղաղ բնակչութեան դէմ զէնքի արգելւած տեսակների կիրառումը եւ Լաչինի մարդասիրական միջանցքի գրաւման եւ Բերձոր քաղաքի, Աղաւնօ եւ Ներքին Սուս գիւղերի բնակիչների բռնի տեղահանման հետ կապւած վերջին իրադարձութիւնները վկայում են այն մասին, որ Արցախի Հանրապետութեան բնակիչները ֆիզիկապէս չեն կարող գոյատեւել Ադրբեջանի պրոտեկտորատի տակ։ Նոյնի մասին է զգուշացնում նաեւ Լեմկինի Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտը, որը երկրորդ նախազգուշացումն է ուղարկել Ադրբեջանին (lemkininstitute.com)՝ դատապարտելով ատելութեան խօսքը, սպառնալիքներն ու վայրագութիւնները, որոնք քարոզւում են Ադրբեջանում պետական ​​մակարդակով հայերի եւ հայկական ինքնութեան դէմ։ Մենք յուսով սպասում ենք Արցախի Հանրապետութեան հիմնախնդրի արդարացի երկարաժամկէտ լուծում՝ միջազգային կոնւենցիաների հիման վրայ նրա բնակիչների իրաւունքների պաշտպանութեան շրջանակներում։

«Վերադարձ դէպի Դիզակ» ՀԿ

«Յանուն Հադրութի» ՀԿ

«Հադրութի օկուպացիա» ՀԿ

«Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ

«Վերադարձ Քարվաճառ» ՀԿ

«Կռունկ» ՀԿ

«Շուշիի բռնի տեղահանւածների» ՀԿ

Aravot.am

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։