Հա

Քաղաքական

30/08/2022 - 13:00

«44-օրեայ պատերազմի հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անյայտ կորած է համարւում». ՄԻՊ

Մարդու իրաւունքների պաշտպան Քրիստինէ Գրիգորեանն ուղերձ է յղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրւայ առթիւ։

«alikonline.ir» - Մարդու իրաւունքների պաշտպան Քրիստինէ Գրիգորեանն ուղերձ է յղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրւայ առթիւ։

Ուղերձում ասւում է.

«Այսօր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը սահմանւել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմից ընդունւած բանաձեւով։

Մարդկանց բռնի անհետացումները մարդու իրաւունքների բազմակի եւ շարունակական խախտումներ են։ Դրանք սկսւում են պետութեան ներկայացուցիչների եւ պաշտօնատար անձանց թոյլտւութեամբ կամ համաձայնութեամբ, որին յաջորդում է անհետացած անձի գտնւելու վայրի ժխտումը կամ թաքցնելը:

Մարդկանց բռնի անհետացումները ծայրահեղ ծանր ազդեցութիւն ունեն ինչպէս զոհերի վրայ, ովքեր յաճախ ենթարկւում են խոշտանգումների եւ ապրում իրենց կեանքի համար մշտական վախի մէջ, այնպէս էլ նրանց ընտանիքների վրայ, ովքեր անտեղեակ են իրենց հարազատների ճակատագրից եւ ապրում են նրանց վերադարձի չփարատւող սպասումով:

Ցաւալիօրէն ժամանակակից աշխարհում ընթացող հակամարտութիւնները բռնի անհետացումների յանցագործութեան համար «բարենպաստ» միջավայր են ստեղծել, եւ մենք, դժբախտաբար, մեր օրինակով գիտենք ու շարունակում ենք կրել 44-օրեայ պատերազմի ընթացքում ու դրանից յետոյ այս յանցագործութեան զոհերի ու հարազատների ցաւն ու չմարող պայքարը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտէի 2022թ. օգոստոսին ներկայացրած տւեալների համաձայն՝ 2020թ. 44-օրեայ պատերազմի հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անյայտ կորած է համարւում:

Ադրբեջանական իշխանութիւնների կողմից գերիների ու անյայտ կորած անձանց վերաբերեալ տեղեկութիւնների չտրամադրման կամ այդ տեղեկութիւնների աղճատման շարունակւող գործելակերպը ոչ այլ ինչ է, քան մարդու իրաւունքների հարցերն օգտագործել միջազգային մարդասիրական իրաւունքով արգելւած քաղաքական նպատակների համար։

Ցաւալիօրէն բռնի անհետացումների դէպքերին միջազգային արձագանքման մեխանիզմներն այս օրերին դրսեւորում են իրենց արդիւնաւէտութեան պակասը, ինչն այս ուղղութեամբ բոլոր դերակատարների հետ միայն ակտիւ աշխատելու պատճառ է։

Սրա հետ մէկտեղ, պէտք է նկատել, որ միջազգային իրաւունքով նախատեսւած կանոնները կեանքի կոչելու համար, պետութիւնները պէտք է ամրագրեն այդ նորմերը ներպետական օրէնսդրութեամբ եւ ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը դրանց գործադրման համար: Ուստի, այս առումով Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է աշխատելու Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հետ անյայտ կորած անձանց ու նրանց հարազատների իրաւունքների ապահովման վերաբերեալ ներպետական օրէնսդրութեան ու ինստիտուցիոնալ շրջանակի բարելաւման ուղղութեամբ։

Պաշտպանի իրաւասութեան շրջանակում ձեռնարկելով բոլոր միջոցառումները անյայտ կորած անձանց գտնելու եւ նրանց աջակցութիւն տրամադրելու հարցում՝ խստօրէն դատապարտում եմ բռնի անհետացման անխտիր բոլոր դէպքերը եւ կոչ անում միաւորել ջանքերը ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ բռնի անհետացած անձանց գտնելու եւ վերջիններիս ու նրանց ընտանիքների իրաւունքների արդիւնաւէտ երաշխաւորման ուղղութեամբ։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։