Հա

Քաղաքական

30/08/2022 - 13:20

«Փոփոխութիւնը սկսիր քեզնից. վերաիմաստաւորիր անցեալդ, գնահատիր ներկադ ու մտածիր ապագայիդ մասին»․ Արթուր Ղազինեան

Մինչեւ մենք չգիտակցենք մեր ձախողումների խորքային պատճառները, վերափոխւելու եւ ոտքի կանգնելու հնարաւորութիւն չենք ունենալու:

Նշեմ դրանցից մէկը:

«alikonline.ir» - ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցութեան նախկին պատգամաւոր Արթուր Ղազինեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Մինչեւ մենք չգիտակցենք մեր ձախողումների խորքային պատճառները, վերափոխւելու եւ ոտքի կանգնելու հնարաւորութիւն չենք ունենալու:

Նշեմ դրանցից մէկը:

Իմ խորին համոզմամբ, անհատական մակարդակում մենք աշխարհի ամենաանմեղ, արդար ու ազնիւ ժողովուրդն ենք, անհատապէս ոչ մի բանում մեղաւոր չենք:

Կատարենք մի փոքր վարժութիւն. մեր շրջապատում քանի՞ մարդ գիտենք, որ պատրաստ է ընդունել իր սխալը, իրեն մեղաւոր ճանաչել ինչ որ հարցում եւ ստանձնել մեղքի իր բաժնի պատասխանատւութիւնը:

Օրինակ, ՀՀ քրէակատարողական մարմիններում կան հազարաւոր դատապարտեալներ: Ինչ է՞ք կարծում, նրանց քանի՞ տոկոսն է իրեն մեղաւոր ճանաչում կատարած յանցանքի համար:

Ասեմ, 2-ից 4%-ը, ոչ աւել, այնտեղ բոլորն անմեղ են, ինչպէս եւ մնացած բոլոր համակարգերում ու յարաբերութիւններում:

Մենք մի ժողովուրդ ենք, որ պատրաստ ենք մեղադրել բոլորին ու ամէն ինչ. Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Իրանին, լաւ ապրող հարեւանին, յաջողակ գործարարին, աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները:

Մի խօսքվ մեղաւոր են բոլորն ու ամէն ինչ, բացի մեզնից, ինձից ու քեզնից:

Սա յստակ ախտորոշում է, որի դեղատոմսը մէկն է. գտնել համարձակութիւն նայել հայելու մէջ, գտնել սեփական սխալն ու մեղքը սեփական անյաջողութիւնների ու ձախողումների մէջ, ընդունել այն ու աշխատել այլեւս երբեք չկրկնել նոյն սխալները, ստանձնել պարտաւորութիւն աշխատել այդ սխալներն ուղղելու եւ դրանց հետեւանքները վերացնելու համար:

Կարճ ասած, մինչեւ ինչ-որ մէկին մեղադրելը պէտք է հասկանալ, իսկ դու ամէն ինչ ճիշտ ե՞ս արել, յարգել ու պաշտպանել ե՞ս օրէնքները, բարեխիղճ կերպով կատարել ե՞ս քո սոցիալական առաքելութիւնը, ազնիւ ե՞ս եղել պետութեան նկատմամբ, հաւատարիմ ե՞ս եղել քո ընկերներին, բարեկամներին ու հարեւաններին:

Եթէ ազնւօրէն պատասխանես այս հարցերին ու գտնես, որ այո, ապա իրաւունք կունենաս մեղադրել բոլորին ու ամէն ինչ:

Իսկ եթէ ոչ, ապա փոփոխութիւնը սկսիր քեզնից. վերաիմաստաւորիր անցեալդ, գնահատիր ներկադ ու մտածիր ապագայիդ մասին...»։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։