Յայտնի է՝ քաղաքականութեան մէջ պատահականութիւններ չեն լինում, եթէ անգամ լինում են, ապա օրինաչափութիւնները հաստատելու համար։ Անպատահականութիւն քաղաքականութիւնը նաեւ խորհրդանիշների զբաղմունք է, իսկ սիմւոլները մեծ նշանակութիւն ունեն յատկապէս արեւելեան ժողովուրդների, առանձնապէս՝ թուրքերի ու ադրբեջանցիների համար։ Ահա այս իրողութիւններում այսօր՝ օգոստոսի 31-ին, Բրիւսէլում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինեանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը։ Ասել, որ օրւայ ընտրութիւնը պատահական է, նշանակում է հերքել, որ այդ հանդիպումը քաղաքականութեան հետ կապ ունի։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Յայտնի է՝ քաղաքականութեան մէջ պատահականութիւններ չեն լինում, եթէ անգամ լինում են, ապա օրինաչափութիւնները հաստատելու համար։ Անպատահականութիւն քաղաքականութիւնը նաեւ խորհրդանիշների զբաղմունք է, իսկ սիմւոլները մեծ նշանակութիւն ունեն յատկապէս արեւելեան ժողովուրդների, առանձնապէս՝ թուրքերի ու ադրբեջանցիների համար։ Ահա այս իրողութիւններում այսօր՝ օգոստոսի 31-ին, Բրիւսէլում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինեանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը։ Ասել, որ օրւայ ընտրութիւնը պատահական է, նշանակում է հերքել, որ այդ հանդիպումը քաղաքականութեան հետ կապ ունի։
Իրականում, օգոստոսի 31-ը՝ որպէս հանդիպման օր, մեծ հաւանականութեամբ, պահանջւել է Ադրբեջանի կողմից, եւ նրանից կախւած եւրոմիութիւնը համաձայնել է պահանջին, թէեւ, իհարկէ, պաշտօնապէս հայկական կողմը կարող է յայտարարել, որ օրւայ ընտրութիւնը «պայմանաւորւած է երկու կողմերի աշխատանքային գրաֆիկներով, դիւանագիտական արարողակարգով եւ այլն»։
Իսկ ինչո՞ւ հէնց օգոստոսի 31-ը։ Որովհետեւ օգոստոսի 30-ին հայկական կողմը կատարել է Ադրբեջանի հերթական պահանջը՝ յանձնել է Բերձորի շրջանը՝ իր երեք գիւղերով։ Ահա, ուրեմն, Ալիեւը՝ կոպտօրէն խախտելով 2020 թւականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ առնւազն ժամկէտային առումով, ամռան սկզբին պահանջում է յանձնել Լաչինի միջանցքն ու Բերձորի շրջանը։ Առաջին օրերին հայկական կողմը ինչ-որ լղոզւած ձեւակերպումներով խուսափում է ուղիղ պատասխանից, յետոյ ասուլիս է տալիս Նիկոլ Փաշինեանը ու ասում, որ դրանք, այսպէս թէ այնպէս, յանձնւելու են՝ առանց կոնկրետ ժամկէտներ նշելու։
Բայց արդիւնքում, հայկական կողմը՝ Հայաստանի գլխաւորութեամբ ու Արայիկ Յարութիւնեանի ֆունկցիոներութեամբ, կատարում է Ալիեւի հերթական պահանջը՝ Ալիեւի սահմանած ժամկէտում, նոյնիսկ առանց որեւէ դիմադրութեան փորձի, առանց գոնէ իրավիճակը փոխելու ջանքի։ Եւ, ահա, ստացւում է, որ Արդբեջանի պահանջը կատարելու հէնց յաջորդ օրը Նիկոլ Փաշինեանը հանդիպում է Ալիեւին։ Կարելի է միայն կռահել, թէ ինչ ձեւաչափով է Նիկոլ Փաշինեանն Ալիեւին տեղեկացնելու պահանջի կատարման մասին։ Գուցէ զեկոյցի։ Հնարաւոր է՝ հաշւետւութեան։ Բացառւած չէ՝ կատարողական ակտի ներկայացմամբ։
Ալիեւի արձագանքը նոյնպէս կարելի է ենթադրել։ Նա կարող է ժպտալ ու գլխով հաւանութեան նշան անել, հնարաւոր է՝ գոհունակութիւնն արտայայտի ձեռքի շարժումներով, իսկ եթէ Նիկոլ Փաշինեանի բախտը ժպտայ, Ալիեւը կարող է նաեւ բաւարարւած պատւիրատուի մեծագոհութեամբ թփթփացնել նրա ուսին։
Իրականութեան մէջ Նիկոլ Փաշինեանն այսօր Բրիւսէլ է գնում ոչ թէ հաւասարը հաւասարի հետ Ալիեւի հետ հանդիպելու նպատակով, այլ մօտաւորապէս այնպէս, ինչպէս ուսանողն է գնում քննութեան, կամ կապալառուն է ներկայանում պատւիրատուին՝ կատարւած աշխատանքի մասին հաշւետւութիւն տալու։
«Դաւաճան» պիտակից խուսափելու համար Նիկոլ Փաշինեանը՝ իր իսկ խոստովանութեամբ, զոհեց մի ամբողջ սերնդի, ինչը, իհարէ, նրան չփրկեց «դաւաճանի» խարանից։ Նիկոլ Փաշինեանին ուղղւած դաւաճանութեան մեղադրանքի հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ նա դաւաճանել է պատերազմից առաջ կամ դրա ընթացքում։
Ենթադրենք, բոլոր այդ մեղադրանքները ծայրից ծայր սուտ են, եւ Նիկոլ Փաշինեանը համայն հայութեան ամենահայրենասէր առանձնեակն է ու պատերազմի ընթացքում իրեն դրսեւորել է անձնուրաց քաջի հանգոյն։ Ենթադրենք: Իրականում, եթէ անգամ նա դաւաճանութեան փորձ իսկ չի արել պատերազմից առաջ ու դրա ընթացքում, ապա իրական դաւաճանութիւն է նաեւ այն, ինչ նա անում է արդէն շուրջ երկու տարի՝ յետպատերազմեան շրջանում։ Ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանից բացի, ցանկացած մէկը, անգամ նրա թիմակիցներից, Ադրբեջանի հետ յարաբերութիւններում Հայաստանի ու Արցախի համար կը կարողանար պաշտպանել առնւազն պակաս ստորացուցիչ պայմաններ, քան իր նւաստացած կարգավիճակով կարողանում է Նիկոլ Փաշինեանը։ Կառչելով իշխանութիւնից՝ նա ամէն օր դաւաճանում է Արցախի ու Հայաստանի շահերին՝ առնւազն այնքանով, որքանով իրենից բացի ցանկացած մէկը կը կարողանար արժանապաւութեան գոնէ նւազագոյն նշաձող ապահովել անձամբ Նիկոլ Փաշինեանին ստորացնելուց գերագոյն հաճոյք ստացող Ալիեւի հետ բանակցութիւններում։
168.am