Հա

Քաղաքական

01/09/2022 - 11:50

«Չկա՛յ Ղարաբաղ, չկա՛յ Ղարաբաղի հայութեան հարց․ Փաշինեանը ձեռքերը լւացել է Ղարաբաղից»․ Թեւանեանը՝ բրիւսէլեան հանդիպման մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է Բրիւսէլում Եւրոպական խորհրդի միջնորդութեամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօրւայ հանդիպմանը։ 

«alikonline.ir» - ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է Բրիւսէլում Եւրոպական խորհրդի միջնորդութեամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօրւայ հանդիպմանը։ Գրառման մէջ ասւում է․

«Բրիւսէլեան ուրացման հերթական արարը

Նախնական դիտարկումներ Շառլ Միշէլի միջնորդութեամբ կայացած Փաշինեան-Ալիեւ հանդիպման արդիւնքների վերաբերեալ (Միշէլի յայտարարութեան տեքստը՝ մեկնաբանութիւնում)․

1․ Բրիւսէլում ձեռք բերւած համաձայնութիւններն ամբողջութեամբ անցել են Բաքւի օրակարգով։

Այսպէս կոչւած խաղաղութեան համաձայնագրի մասին խօսւել է առանց «Ղարաբաղ» բառն օգտագործելու։

Դատելով ամենից՝ այդ համաձանագիրը կազմւելու է Բաքւի ներկայացրած սկզբունքների համաձայն։ Քանզի մինչեւ այդ Ալիեւը ներկայացրել էր «խաղաղութեան համաձայնագրի» հիմքում դրւելիք իրենց պատկերացրած մօտեցումները, որոնց Փաշինեանն անմիջապէս համաձայնել էր։ Դրանից յետոյ Երեւանը ներկայացրել էր սեփական լրացումները, որոնք ծաղրի էին ենթարկւել Բաքւի կողմից։ Երեւանն այդ ծաղրին լռութեամբ էր պատասխանել, իսկ դա տւեալ դէպքում համաձայնութեան նշան է։

Եթէ պայմանաւորւել են գնալ «խաղաղութեան համաձայնագիր» կնքելու ճանապարհով, ուրեմն դա տեղի է ունենալու Բաքւի սկզբունքների շրջանակներում, ըստ որի՝ Ղարաբաղի հարցը փակւած է, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է եւ այդպէս շարունակ։

2․ Այս ձեւաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումից յետոյ Միշէլն օգտագործել էր «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութեան իրաւունքների ու անվտանգութեան ապահովում» ձեւակերպումը։ Փաշինեանը Երեւանում յայտարարեց, որ դա Միշէլի մեկնաբանութիւնն է։ Ուզում էր ասել, թէ, իբր, ինքն այդ ձեւակերպման հետ համաձայն չէ։ Այս անգամ նոյնիսկ «էթնիկ հայ բնակչութիւնից» բան չի մնացել։ Չկա՛յ Ղարաբաղ, չկա՛յ Ղարաբաղի հայութեան հարց։ Փաշինեանը ձեռքերը լւացել է Ղարաբաղից։

3. Միշէլը խօսում է այն մասին, որ պէտք է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին նախապատրաստել խաղաղութեան (ի դէպ, այդ մասին 44-օրեայ պատերազմից առաջ էլ էին խօսում)։ Բայց փաստն այն է, որ Ալիեւը նախապատրաստում է ադրբեջանցիներին նոր ագրեսիային, Փաշինեանը՝ նոր պարտութեանը, նոր տեղահանութեանը, նոր խայտառակութեանը։ Ալիեւը պահանջում է «Զանգեզուրի միջանցքը», Լաչինի միջանցքն է բռնագրաւում, Աղաւնոն է տեղահանում, իսկ Փաշինեանը նախապատրաստում է հայ ժողովրդին «խաղաղութեան»։

4․ Ակնյայտ է Բրիւսէլի մրցակցութիւնը Մոսկւայի հետ ինչպէս «խաղաղութեան պայմանագրի», այնպէս էլ սահմանագծման, սահմանազատման հարցերում։ Մոսկւան այսօր ուղիղ տեքստով ցոյց տւեց իր բացասական վերաբերմունքն այդ ամենին։

Բրիւսէլին պէտք է Ղարաբաղի հարցի արագ լուծում, որպէսզի լուծի ՌԴ ռազմական ներկայութեան «հարցերը» Ղարաբաղում ու Հայաստանում։ Մոսկւային հակառակը, պէտք է, որ Ղարաբաղի հարցը առկախւի, այնտեղ լինեն հայեր, որպէսզի իր ռազմական ներկայութիւնը հիմնաւորւի։

Մոսկւան ու Բրիւսէլը կողմ են, որպէսզի հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարցերը կարգաւորւեն, կոմունիկացիաներն աշխատեն, բայց ամէն մէկն իր մոդելով է դա պատկերացնում եւ իր ազդեցութեան գօտում է դա տեսնում։ Փաշինեանը, չունենալով սեփական հայեցակարգը, երկու կողմին էլ ասում է «այո»՝ մեր երկիրը ներքաշելով վտանգաւոր խաղերի մէջ։

Բրիւսէլի ու Մոսկւայի մրցակցութիւնը նշանակում է, որ Հայաստանը դառնում է կռւախնձոր աշխարհաքաղաքական շահերի թատերաբեմում։ Թէ ինչի սա կարող է յանգեցնել, կարելի է հեշտութեամբ հասկանալ Սիրիայի օրինակով։

Յ․Գ․ Փաշինեանը գիտի, որ Մոսկւայում ինքն անվստահելի է։ Ինչ էլ անի, միեւնոյն է անվստահելի է։

Բանն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանութիւնների միջեւ կայ «դասակարգային» հակասութիւն։ Այդ հակասութիւնը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի վրայ, քանի դեռ իշխանութեան է Նիկոլ Փաշինեանը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։