Հա

Քաղաքական

01/09/2022 - 12:20

«Իրանցիները «3+3» ձեւաչափը կօգտագործեն, որպէսզի խափանեն ադրբեջանաթուրքական ծրագրի իրականացումը». Վարդան Ոսկանեան

168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը, խօսելով «3+3» ձեւաչափով հանդիպումն Իրանում անցկացնելու մասին, նշեց, որ Իրանն այդ ձեւաչափը դիտարկում է՝ որպէս իր ունեցած գործիքակազմի բաղադրիչներից մէկը՝ ազդելու Հարաւային Կովկասում առկայ իրավիճակի վրայ, որովհետեւ իրանական գործիքակազմը բաւականին սահմանափակ է։

«alikonline.ir» - Ադրբեջանում Իրանի դեսպան Սէյէիդ Աբբաս Մուսաւին «Report» գործակալութեանը յայտնել էր, որ «3+3» ձեւաչափով հերթական հանդիպումը կանցկացւի Թեհրանում մինչեւ այս տարեվերջ:

««3+3» ձեւաչափը լաւ հնարաւորութիւն է՝ տարածաշրջանի երկրների նախաձեռնութիւններն իրականացնելու եւ գործողութիւնները համաձայնեցնելու համար։ Ակնկալում ենք, որ յաջորդ հանդիպումը կանցկացւի Իրանում մինչեւ այս տարւայ աւարտը»,- ասել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը։

168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը, խօսելով «3+3» ձեւաչափով հանդիպումն Իրանում անցկացնելու մասին, նշեց, որ Իրանն այդ ձեւաչափը դիտարկում է՝ որպէս իր ունեցած գործիքակազմի բաղադրիչներից մէկը՝ ազդելու Հարաւային Կովկասում առկայ իրավիճակի վրայ, որովհետեւ իրանական գործիքակազմը բաւականին սահմանափակ է։

«Չեմ կարծում, որ իրանցիներն այդ ձեւաչափով շատ խանդավառւած են կամ մեծ յոյսեր են կապում դրա հետ, սակայն, այդուհանդերձ, եղած գործիքներից մէկը կարծես թէ Իրանում դիտարկում են հէնց այդ ձեւաչափը, որովհետեւ 44-օրեայ պատերազմից յետոյ հարաւկովկասեան տարածաշրջանում ակնյայտ աճել է թուրքական գործօնը եւ փաստացի Թուրքիան նաեւ ռազմական ներկայութիւն ունի Ադրբեջանում, ուստի իրանցիները փորձում են օգտագործել նաեւ այդ հարթակը՝ սեփական շահերն առաջ մղելու համար։ Այդ շահերը, փառք Աստծոյ, բազմաթիւ կէտերով համընկնում է Հայաստանի շահերի հետ, հետեւաբար՝ իրանական կողմի նախաձեռնութիւնները որեւէ պարագայում որեւէ վտանգ չեն պարունակում ՀՀ շահերի տեսանկիւնից, ընդհակառակը՝ դրանք կարող են շատ հարցերում օգտակար լինել։ Մասնաւորապէս՝ գիտէք, որ «թուրանական միջանցքի», որն այլեւս չի կարելի կոչել «զանգեզուրեան միջանցք», այն «թուրանական միջանցքի» ծրագիր է, որին յստակ դէմ արտայայտւող, նաեւ իր ունեցած միջոցներով հակազդող միակ պետութիւնն Իրանն է։

Կարծում եմ՝ իրանցիները «3+3» ձեւաչափը կօգտագործեն, որպէսզի խափանեն ադրբեջանաթուրքական այդ ծրագրի իրականացումը, քանի որ իրանական կողմում շատ յստակ դիրքորոշում կայ՝ նախանշւած Իրանի հոգեւոր առաջնորդի կողմից»,- նշեց Վարդան Ոսկանեանը։

Ըստ իրանագէտի՝ Իրանի հոգեւոր առաջնորդի իւրաքանչիւր յայտարարութիւն ուղղակի ցուցում է՝ իրանական ամբողջ քաղաքական համակարգի, նաեւ՝ իրանական լրատւամիջոցներում, հասարակական տիրոյթում, նաեւ քարոզչական տիրոյթին, խօսքը մասնաւորապէս վերաբերում է Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի  յայտարարութեանը՝  «եթէ Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանն արգելափակելու քաղաքականութիւն տարւի, Իսլամական Հանրապետութիւնը դէմ կը լինի դրան, քանի որ այս սահմանը հազարամեակների վաղեմութիւն ունեցող հաղորդակցական ճանապարհ է»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում Իրանի դեսպանի յայտարարութեանը, ըստ որի՝ նա ողջունել է Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականութեան վերականգնման» համար, Վարդան Ոսկանեանը պարզաբանեց՝ իրանական եւ ադրբեջանական լրատւամիջոցներն այդ յայտարարութեան վերաբերեալ բոլորովին տարբեր բաներ են գրել, հետեւաբար պարզ չէ՝ իրանցի դեսպանը նման յայտարարութիւն արե՞լ է, թէ՞ այլ կերպ է ասել։

«Ամէն դէպքում ճիշտ կը լինի՝ դատողութիւններ արւեն տեսանիւթի հիման վրայ, որտեղ կայ դեսպանի կենդանի խօսքը։ Ադրբեջանում Իրանի դեսպանը շատ դէպքերում թոյլ է տւել կոպտագոյն սխալներ, եթէ նման յայտարարութիւն արւել է, որովհետեւ դրան գրեթէ զուգահեռ Իրանում Ադրբեջանի դեսպանն արել էր նմանատիպ յայտարարութիւն, ընդ որում, ոչ միանշանակ թւիթերեան գրառման ձեւով։ Այնտեղ կար հապաւում անգլերէն՝ I A, ինչը ենթադրում է «Իրանական Ադրբեջան» եզրոյթը։ Վերջին շրջանում Բաքւի քարոզչամեքենան ուղղակի հակաիրանական արշաւ էր սկսել՝ խօսելով, այսպէս կոչւած, «հարաւային Ադրբեջանի» մասին։

Կրկնում եմ՝ եթէ Ադրբեջանում Իրանի դեսպանը նման յայտարարութիւն է  արել, ապա այն չի բխում ոչ միայն հայկական կողմի շահերից, այլեւ Իրանի շահերից։ Այդ անձը բազմիցս եւ խիստ քննադատութեան է ենթարկւել իրանական մամուլում, խօսքը վերաբերում է այն կոպտագոյն սխալին, որը նա թոյլ է տւել ադրբեջանցի ոչնչացւած ընտանիքին փոխանցելով Ղասեմ Սոլէյմանի անւան մեդալը, որն այդ ընտանիքը  վերադարձրեց, ըստ էութեան, անարգելով իրանցի հռչակաւոր գեներալի յիշատակը, վիրաւորելով իրանական պետութեանը։ Հետեւաբար, եթէ նա նման յայտարարութիւն է արել, ապա դա դէմ է նաեւ Իրանի շահերին»,- եզրափակեց Վարդան Ոսկանեանը։

Նշենք, որ «3+3»՝ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա, ՌԴ-Իրան-Վրաստան ձեւաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարի դեկտեմբերին, որին մասնակցել են 5 երկրների նախարարների տեղակալները, բացակայում էր Վրաստանի ներկայացուցիչը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։