Հա

Քաղաքական

02/09/2022 - 13:10

Տեւական խաղաղութեան գրաւականը երկիրը պաշտպանելու կարողութիւնն է

Սեպտեմբերի 1-ին Hraparak tv-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 1-ին Hraparak tv-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Բրիւսէլում կայացած հայ-ադրբեջանական բանակցութիւնների հերթական ռաունդում քննարկված հարցերին, Արցախի հետագայ ճակատագրի հետ կապւած ՀՀ իշխանութիւնների որդեգրած մերժելի քաղաքականութեանը, ներքաղաքական իրավիճակին, ինչպէս նաեւ Երեւանում եւ Ստեփանակերտում կայանալիք հանրահաւաքներին՝ նւիրւած Արցախի Հանրապետութեան Անկախութեան օրւան:

- Այս իշխանութիւնները,- նշել է Արթուր խաչատրեանը,- Արցախի հարցը տարանջատում են Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւններից: Դա արմատական եւ սկզբունքային սխալ է: Հայաստան-Ադրբեջան հակամարտութիւնն առաջացել է այն պահից, երբ Հայաստանը միջամտել է եւ հանդիսացել Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը Ադրբեջան-Արցախ հակամարտութեան շրջանակներում: Հետեւաբար Հայաստան-Ադրբեջան հակամարտութիւնը կարող է հանգուցալուծւել միայն այն ժամանակ, երբ հանգուցալուծւի Արցախի խնդիրը: Այլապէս, երբ Հայաստանը գնում է Ադրբեջանի հետ սեպարատ բանակցութիւնների, սեպարատ «խաղաղութեան», դրանով դաւաճանում է Արցախի հայերին: «Խաղաղութիւնն» այս դէպքում ես դնում եմ չակերտների մէջ, որովհետեւ այս իրավիճակում սեպարատ խաղաղութիւնն Ադրբեջանի հետ ոչ թէ խաղաղութիւն է, այլ կապիտուլեացիա:

Խօսելով ներքաղաքական խնդիրներից՝ Արթուր Խաչատրեանն անդրադարձել է ՀՀ կառավարութեան կողմից երկրի օրէնսդիր իշխանութեան ներկայացուցիչների իրաւունքների կոպիտ խախտումներին, ընդհուպ գործադիրի կողմից օրէնքների ոտնահարման դէպքերին: «Եթէ կառավարութիւնն ու վարչապետն են խախտում օրէնքը, ապա ի՞նչ պահանջել մնացած երեք միլիոն քաղաքացիներից»,- ասել է Արթուր Խաչատրեանը: Նա խօսել է նաեւ ՀՀ նախագահին ուղղւած իր հարցումի մասին, որի պատասխանն առնւազն հիասթափեցնող է եղել:

- Ես ՀՀ նախագահին հարցրել էի՝ Դուք հաստատո՞ւմ էք, արդեօք, որ Արցախի հարցի լուծման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումն է եւ արդեօք հէնց դա՞ է շարունակում մնալ Արցախի հարցի լուծման՝ Հայաստանի Հանրապետութեան պատկերացումը: Նրանք, օրէնքի կոպիտ խախտումներով հանդերձ ինձ պատասխանել են, որ Արցախի հարցի կարգաւորումը ժողովրդի անվտանգութեան երաշխաւորումն է եւ պէտք է լուծւի նոյեմբերի 9-ի, յունւարի 11-ի եւ 2021թ. նոյեմբերի 26-ի յայտարարութիւնների հիման վրայ՝ այդպէս էլ ոչ մի բառ չասելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին,- նշել է Արթուր Խաչատրեանը:

Անդրադառնալով սեպտեմբերի 2-ին Երեւանում կայանալիք հանրահաւաքին՝ ԱԺ պատգամաւորը հանրութեանը կոչ է արել ակտիւ մասնակցութիւն ցուցաբերել ընդդիմութեան պայքարին, որովհետեւ զանգւածային մեծ աջակցութեամբ է միայն հնարաւոր ազատւել գործող իշխանութիւններից ու նրանց վարած անխոհեմ քաղաքականութիւնից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։