News.am-ը Արցախի խորհրդարանի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանի հետ զրուցել է Բրիւսէլում Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման շուրջ։
«alikonline.ir» - News.am-ը Արցախի խորհրդարանի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանի հետ զրուցել է Բրիւսէլում Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման շուրջ։
- Պարո՛ն Մոսիեան, օգոստոսի 31-ին Բրիւսէլում Եւրոպական միութեան նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ տեղի ունեցաւ Փաշինեան-Ալիեւ հանդիպում, եւ հանդիպումից կարճ ժամանակ անց թէ՛ Հայաստանի կառավարութիւնը, թէ՛ Եւրոպական միութեան նախագահը յայտարարութիւններով հանդէս եկան: Ուշագրաւն այն էր, որ այդ երկու յայտարարութիւններում ԼՂՀ-ի մասին ոչ մի խօսք չկար: Ի՞նչ է սա նշանակում:
- Ամէն անգամ ես ասում եմ, որ Հայաստանի գործող վարչախումբը ձեռքերը լւացել է Արցախից: Այն կեղծ օրակարգը, որը Նիկոլ Փաշինեանը լցրեց խաղաղութեան համապարփակ համաձայնագրի շուրջ, ես չեմ հասկանում ինչ խաղաղութեան մասին է խօսքը, երբ այսօր ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի սահմաններին տիրում է այն իրավիճակը, որ թշնամին մէկ տարուց աւելի Հայաստանի սուվերեն տարածքները հսկում է, եւ խօսել խաղաղութեան օրակարգից, վերջերս էլ դուք գիտէք, որ խորհրդարանի ամբիոնից ասում է այլընտրանք չկայ, բայց դա էլ երաշխիք չէ: Այս ամէնը դժւար է մեկնաբանել, քանի որ սովորական հայի գլխում սա չի տեղաւորւում: Միգուցէ Նիկոլ Փաշինեանը կարողանայ իր պատասխանները մեկնաբանել, որովհետեւ առաւօտեան, կէսօրին եւ երեկոյեան տարբեր բաներ է ասում եւ անում տարբեր բաներ:
- Այդ յայտարարութիւններում ակտիւօրէն խօսւում է խաղաղութեան պայմանագրի նախագծի մշակման մասին, եւ կարծես շատ մօտ է թւում խաղաղութեան պայմանագրի կնքումը: Քանի դեռ լուծւած չէ ԼՂՀ-ի հարցը, արդեօ՞ք կարծում էք ճիշտ ժամանակն է խաղաղութեան պայմանագրի կնքումը:
- Խաղաղութիւնը ժողովուրդների միջեւ հաստատւում է կա՛մ հաւասարակշռութեան, կա՛մ պարտադրանքի դէպքում: Այս պարագայում մենք ոչ թէ գործ ունենք խաղաղութեան պայմանագրի, այլ պարտադրանքի հետ: Նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն համաձայնագրից յետոյ, մենք ասել ենք, որ սա դեռ վերջը չի: Անցնող երկու տարիները ցոյց տւեցին, որ դրանից վատ էլ է լինում, եւ համաձայնագրի այն կէտերը, որոնք վերաբերում են գերիներին չի կատարւում փոխարէնը Ադրբեջանը համաձայնագրից դուրս ստանում է յաւելեալ կէտեր, եւ սա Նիկոլ Փաշինեանի, ինչպէս ինքն է ասել, բանաւոր ընկալումների, եւ բանաւոր պայմանաւորւածութիւնների մասին է: Տարբեր առիթներով ասել եմ, որ մինչեւ Փաշինեանը չբացի այդ պայմանաւորւածութիւնների ամբողջ բովանդակութիւնը, մենք չենք կարող իմանալ, եւ ամէն առաւօտ մենք պէտք է սպասենք վատ լուրի: Խաղաղութեան դարաշրջանի մասին մենք ասել ենք, իսկ ո՞ւր մնաց Արցախը: Բնականաբար, Փաշինեանը եւ իր բարձրաստիճան պաշտօնեաները, երեւի բանաւոր պայմանաւորւել են Արցախ չգալը, նրանք Արցախի հետ գործ չունեն եւ Արցախ անունը չեն տայ: Վաղը սեպտեմբերի 2-ն է, եւ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի ղեկավարի այն բարձրագոյն աթոռը զբաղեցնող անձն է, որը պատերազմից յետոյ դեռ Արցախ չի այցելել: Չգիտեմ՝ այդ ինչ համաձայնագրի մասին կարող է խօսք լինել, որ Արցախը եւ Արցախի կարգավիճակի հարցը մէջը ներառւած չեն:
- Արցախի ԱԺ նախագահը դեռ մէկ ամիս առաջ էր, որ Հայաստանի խորհրդարանական ուժերին հրաւիրել է Արցախ՝ մասնակցելու Արցախի անկախութեան 31-րդ տարեդարձին: Տեղեկութիւններ ունէ՞ք՝ իշխող ուժից այդ հրաւէրը ընդունել են:
- Իշխանութեան մասով տեղեկութիւն չունեմ, գիտեմ, որ «Պատիւ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքը ներկայ են լինելու:
- Ռուսական լրատւամիջոցները վերջին շրջանում տեսակէտներ են շրջանառում, որ Բրիւսէլը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը իր ձեռքը վերցնելով, փորձում է Ռուսաստանին դուրս մղել այդ գործընթացից: Եթէ այս սցենարը իրականութիւն դառնայ, ապա արցախցիների ապագան ինչպէ՞ս էք պատկերացնում:
- Ռուսաստանը խաղաղապահների տեսքով Արցախում այլ ներկայութիւն ունի եւ Հայաստանում այլ ներկայութիւն ռուսական ռազմաբազայի տեսքով: Ես չեմ կարողանում պատկերացնել այնպիսի մի իրավիճակ, որ Ռուսաստանը դուրս մղւի այս բանակցութիւններից: Ասւածի վառ ապացոյցը Ռուսաստանի ԱԳՆ-ի կոշտ արձագանգն էր Բրիւսէլում տեղի ունեցած հանդիպմանը, նշելով՝ Բրիւսէլը ոչինչ չի կարող առաջարկել:
- Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում մեծ հանրահաւաք է սպասւում: Մի փոքր խօսենք օրւայ խորհրդի մասին:
- Օրւայ խորհուրդը միասնականութիւնն է, դա էր պատճառը, որ մենք կարողացանք սեպտեմբերի 2-ը կերտել Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնութեան շնորհիւ: Դժբախտաբար, 2018 թւականին Նիկոլ Փաշինեանը եկաւ իշխանութեան եւ քանդեց այդ եռամիասնութիւնը:
- Եթէ վաղը (սեպտեմբերի 2-ին, Խմբ.) Հայաստանի իշխանութիւններից որեւէ մէկը չլինի Արցախում, Դուք դա ինչպէ՞ս կը բացատրէք:
- Մենք յոյս չունենք, որ Հայաստանի իշխանութիւններից որեւէ մէկը կը լինի:
- Պատերազմից գրեթէ երկու տարի անց Շուշիի անկման համար մեղադրւում է ՊԲ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանը: Տեղեակ ենք, որ օգոստոսի 31-ին նախատեսւած էր Փաշինեան-Ալիեւ հանդիպումը, եւ հէնց այդ օրն էր, որ Արզումանեանին ձերբակալեցին: Երէկ էլ հանդիպումից յետոյ կալանավորւեց: Կապ տեսնո՞ւմ էք ձերբակալման եւ կալանաւորման հետ:
- Ես որեւէ բան պատահական չեմ համարում: Մենք յիշում ենք, թէ ինչպէս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի դատավարութիւնը տեղի ունեցաւ Շուշին գրաւելու օրը: Փաշինեանի ցանկացած հանդիպումը Ալիեւի հետ ինչ-որ «մասկի շոուներ» են եղել: Ես մի բան գիտեմ, որ Արզումանեանը այդ օղակը չի: Եթէ ինչ-որ մէկին պէտք է դատել այս գործերի համար, ապա դա Նիկոլ Փաշինեանն է: Բայց հիմա Հայաստանում տեղի է ունենում մեղաւորների նշանակման գործընթաց: Մի մարդ խորհրդարանում կանգնում է եւ ասում՝ մենք հպարտ ենք: Բոլորը մեղաւոր են, բացի իրենցից: