Հա

Քաղաքական

04/09/2022 - 14:00

Յաջորդը լինելու է մեր հարւածելու հերթը. Ուժեղ Արցախ ունենալու համար այսօր հիմքերն աւելի ամուր են, քան 1991 թւականին

168.am-ի հետ զրոյցում Լ. Մելիք-Շահնազարեանի որդին՝ քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը, խօսելով Արցախի անկախութեան եւ այսօր ստեղծւած իրավիճակի մասին, նկատեց՝ իր համար իսկապէս շատ կարեւոր էր, որ սեպտեմբերի 2-ին՝ բուն տօնի օրն ըստ էութեան ժողովրդի մէջ ինչ-որ կերպ վերականգնւած էր պայքարի ոգին։

«alikonline.ir» - Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետութիւնում նշւեց Արցախի անկախութեան 31-ամեակը։ Հայաստանից վարչապետի, նախագահի, փոխվարչապետների, ԱԺ նախագահի մակարդակով որեւէ ներկայացւածութիւն չեղաւ Արցախում։

Արցախի հերոս Շահէն Մեղրեանը եւ Արցախեան շարժման գործիչ, քաղաքագէտ Լեւոն Մելիք-Շահնազարեանը կանգնած են եղել Արցախի անկախութեան հռչակման հիմքերում։ Արցախեան շարժման առաջին օրւանից մասնակցել են ազատագրական պայքարին։

Որքանո՞վ է արժեւորւում այն անկախութիւնը, որին հասնելու համար իրենց կեանքը տւեցին Շահէն Մեղրեանը եւ բազմաթիւ այլ հերոսներ, անկախութիւն, որի ամրապնդման համար երկարատեւ ու յամառ աշխատանք կատարեցին Լեւոն Մելիք-Շահնազարեանը եւ նրա նման այլ հայ մտաւորականներ։

168.am-ի հետ զրոյցում Լ. Մելիք-Շահնազարեանի որդին՝ քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը, խօսելով Արցախի անկախութեան եւ այսօր ստեղծւած իրավիճակի մասին, նկատեց՝ իր համար իսկապէս շատ կարեւոր էր, որ սեպտեմբերի 2-ին՝ բուն տօնի օրն ըստ էութեան ժողովրդի մէջ ինչ-որ կերպ վերականգնւած էր պայքարի ոգին։

«Եթէ համեմատենք նախորդ տարւայ տօնակատարութեան հետ, երբ իսկապէս ամբողջութեամբ կոտրւած էր եւ կարծես թէ կորսւածի գաղափարն էր՝ Արցախի, այս անգամ մարդիկ մտածում են վերականգնելու հնարաւորութիւնների մասին, այսինքն՝ տեսնենք, թէ ինչ վիճակի ենք հասել ու ինչ արդիւնքներ կարող ենք ունենալ։

Անկեղծ, ինքս էլ շատ լաւատես եմ, որովհետեւ գիտեմ, որ մեր պատմութեան ընթացքում շատ աւելի բարդ օրեր են եղել, շատ աւելի դժւար կացութեան մէջ ենք եղել, մենք որպէս ժողովուրդ՝ աւելի լուրջ կորուստների առաջ ենք կանգնած եղել։ Արցախն իր անկախութեան հռչակումից 1,5 տարի անց, կարելի է ասել, որ մնացել էր Ստեփանակերտը եւ Հադրութը, իրարից կտրւած, ամբողջը կորսւած, բայց կար պայքարի ոգի եւ մինչեւ վերջ պայքարելու կամք։ Կարծում եմ՝ այդ կամքն է, որ պէտք է վերականգնենք մեր հանրութեան մէջ, անկախ ամէն ինչից, թէ ինչ իշխանութիւններ կը լինեն, ինչպիսին կը լինեն, ամէն դէպքում թելադրողը ժողովրդի կամքն է լինում։ Եթէ ժողովուրդը ոտքի է կանգնում, պայքարում է եւ այդ որոշումը կայացնում է իր համար, ապա արդիւնքներն էլ իրեն երկար սպասել չեն տալիս»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարեանը։

Նա պատմեց, որ 1991 թւականին հայրը՝ Լ. Մելիք-Շահնազարեանը, աւելի ծանր վիճակում էր՝ Շահումեանի շրջանային խորհրդի պատգամաւորներին պէտք է կարողանային տեղեկացնել, որ սեպտեմբերի 2-ին նիստ է լինելու, եւ պէտք է նրանք մասնակցեն, ըստ էութեան 2-3 օրւայ ոտքի ճանապարհ են անցել։

«Շահէն Մեղրեանն էլ, այսպէս ասած, որպէսզի բոլոր իրավիճակներին պատրաստ լինէր, պատգամաւորների հետ այնքան փաստաթղթեր է ուղարկել, որոնք, ի դէպ, պահպանւում են մեր ընտանեկան արխիւում, եթէ տեքստը երկար լինի՝ օգտագործէք այս թուղթը, եթէ կարճ՝ միւսը թուղթը։ Այսինքն՝ այս վիճակն է եղել Արցախի անկախութիւնը ճանաչելուց։ Այո, հիմա կորուստներ կան, բայց փառք Աստծոյ, մենք Արցախում ունենք պետականութիւն, ունենք անկախութեան սերունդ, բանակ, պետական համակարգեր, վատ վիճակում, խոցւած, բայց այդ ամէնը կայ։ Այսինքն՝ ուժեղ Արցախ ունենալու համար այսօր հիմքերն աւելի ամուր են, քան 1991 թւականին էր»,- յաւելեց Հրանտ Մելիք-Շահնազարեանը։

Արցախի ազատամարտի ժամանակ, երբ Շահէն Մեղրեանը մի քանի գիւղ էր ազատագրում, ասում էր, որ այդ ամէնն իրենց բարոյական պատասխանն է թշնամուն, այսօր, երբ Արցախի 75 տոկոսը կորսւած է, ե՞րբ է թշնամին ստանալու այդ բարոյական պատասխանը։

Հերոսի որդու՝ Զինաւոր Մեղրեանի խօսքով՝ այսօր հայ ժողովրդի ներքին հոգեբանական վիճակը շատ նման է նրան, որ նաւաբեկութեան ժամանակ խեղդւող մարդկանց մի մասն իջնում է ջրի յատակը, իսկ յետոյ ոտքերով հրում ու վերեւ է բարձրանում։

«Հիմա մենք գրեթէ հասել ենք յատակին, եւ արդէն ժամանակն է, որպէսզի կազմակերպւենք ու փորձենք մեզ վեր բարձրացնենք։ Բոլոր ժամանակներում, Արցախեան պայքարի բոլոր փուլերում հիմնական վճռական կամ ճակատագրական պահերը որոշել են կոնկրետ անձինք։ Վստահ եմ, որ թէ՛ անկախութեան սերնդի, թէ՛ աւագ սերնդի մէջ կան այն վճռականները, որոնք անպայման ղեկը վերցնելու են իրենց ձեռքը։ Կարծում եմ՝ հէնց այդ գիտակցումը եկաւ, որ արդէն ժամանակն է ջրի յատակից վերեւ բարձրանալու, այդ մարդիկ յայտնւելու են։ Ըստ իս ուշ չի լինելու, որովհետեւ մենք արդէն յատակին ենք, ու վեր բարձրանալու ժամանակն է, երբեք ուշ չի լինի»,- նշեց Զինաւոր Մեղրեանը։

Այսօր հայութիւնն ունի՞ գաղափարախօսութիւն, առհասարակ ի՞նչ գաղափարախօսութեամբ է առաջնորդւում։

Հրանտ Մելիք-Շահնազարեանի կարծիքով՝ այդ գաղափարախօսութիւնը կայ, եւ դրա հիմքում հայկականութեան, հայկական արժէքների պահպանութիւնն է եւ այդ արժէքների հիման վրայ լաւ ապագայ ստեղծելն է։

Զինաւոր Մեղրեանն էլ յաւելեց, որ ազգային արժեհամակարգն անընդհատ հարւածներ է ստանում, նոյնիսկ, երբ մարդուն են հարւածում, նա մի պահ շոկի մէջ է ընկնում, կարող է նոյնիսկ ընկնի եւ վեր կենայ, բայց դրանից մարդը չի մահանում ու չի դադարում մարդ լինել:

«Նոյնը հիմա մեզ մօտ է, մեր ազգային արժեհամակարգին այս պահին յատկապէս շատ ակտիւ հարւածներ են հասցնում, եւ հարւած հասցնողները պայմանական ասեն՝ ուժեղ «մարզիկներ» են։ Այդ առաջին հարւածներն այս մի քանի տարւայ մէջ ընդունեցինք, հիմա մեզ մօտ որոշակի հարւած ընդունելու, լաւը վատից տարբերելու իմունիտետ ձեւաւորւել է։ Կարծում եմ՝ յաջորդը լինելու է մե՛ր հարւածելու հերթը, երբ մենք հարւածենք, մեր ազգային արժեհամակարգը կը գայ իր ուրոյն, իսկական ու հիմնական տեղը՝ դրանում կասկած չունեմ»,- եզրափակեց Զինաւոր Մեղրեանը։

 

Զւարթ Խաչատրեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։