Հա

Քաղաքական

07/09/2022 - 09:09

Ստեփանակերտում տեղի է ունեցել Բեկորի կիսանդրու բացման արարողութիւնը

Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտի Աշոտ Ղուլեանի անունը կրող թիւ 2 դպրոցի բակում կայացել է ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլեանի կիսանդրու բացման արարողութիւնը։ Հերոսի կիսանդրու տեղադրման նախաձեռնութիւնը ՀՅ Դաշնակցութեան Արցախի կառոյցինն է, իսկ ֆինանսաւորումն իրականացրել է աւստրալահայ երիտասարդ բարերար Շանթ Կրաջեանը՝ ԱՀ կառավարութեան հետ համատեղ:

«alikonline.ir»- Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտի Աշոտ Ղուլեանի անունը կրող թիւ 2 դպրոցի բակում կայացել է ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլեանի կիսանդրու բացման արարողութիւնը։ Հերոսի կիսանդրու տեղադրման նախաձեռնութիւնը ՀՅ Դաշնակցութեան Արցախի կառոյցինն է, իսկ ֆինանսաւորումն իրականացրել է աւստրալահայ երիտասարդ բարերար Շանթ Կրաջեանը՝ ԱՀ կառավարութեան հետ համատեղ:

Բեկորի անունը կրող դպրոցի տնօրէն Լաուրա Մարտիրոսեանը, շնորհակալութիւն յայտնելով նախաձեռնութեան հեղինակներին, նշել է, որ Աշոտ Ղուլեանը մեզ պատգամել է ճիշտ ապրել, ճիշտ քայլել եւ միասնաբար պահել հայրենիքը: «Ամէն օր այս դպրոց են մուտք գործում 1100 աշակերտներ եւ ուսուցիչներ: Ամէն առաւօտ խոնարհւելու ենք Բեկորի վեհաշուք կիսանդրու առաջ, նորից ուխտ ենք անելու, որ ապրելու ենք ճիշտ, քայլելու ենք ճիշտ»,- ասել է Լ. Մարտիրոսեանը:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱՀ ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը, ներկայացնելով նախաձեռնութեան մասին, տեղեկացրել է, որ գաղափարը մի քանի տարի առաջ է ծագել, երբ ՀՅԴ անդամների հետ հանդիպման ժամանակ տնօրէնը յորդորեց դպրոցում կանգնեցնել Աշոտ Ղուլեանի դիմաքանդակը:

«Մեր խոստումը կարող ենք համարել իրականացւած: Պատահական չէ, որ Աշոտի հայացքը սեւեռւած է դէպի Շուշի, այսօր իր կիսանդրու կողքին կանգնած են փառապանծ բանակի զինւորները եւ ապագայ սերունդը: Այս ամէնն իր մէջ խորհուրդ ունի առ այն, որ Աշոտ-Բեկորի գաղափարները դեռեւս իրականանալու են: Եթէ մեր սերունդը, իր ժամանակակիցները չեն կարողացել ամբողջականացնել այդ գաղափարը, վստահ ենք, որ նոր սերունդը այն կարող է իրականութիւն դարձնել: Համոզւած եմ, որ այդ նպատակները կիրականանան ու Աշոտ-Բեկորի կիսանդրու առջեւ խոնարհւողը հպարտութեամբ կը լցւի: Մեր խոնարհումը կարող է լինել միայն մեր նահատակների եւ մեր մեծերի շիրիմներին»,- իր խօսքում նշել է ՀՅԴ Բիւրոյի անդամը:

Կիսանդրու տեղադրման աշխատանքներին աջակցել է նաեւ Ստեփանակերտի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի կրթութեան եւ սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանեանի խօսքով՝ ազգային-ազատագրական պայքարի իւրաքանչիւր փուլ ծնել է հերոսներ, որոնք իրենց անձնական կեանքով, իրենց ապրած ժամանակաշրջանով տարբերւում էին, բայց նրանց անձնական կեցւածքը նոյնն էր՝ հայրենասէր, հայրենատենչ, մահ իմացեալ ընդունելու պատրաստակամութեամբ: Դիմելով ներկայ աշակերտներին՝ Թերեզա Ղարախանեանը նշել է, որ նրանք իրաւունք ունեն հպարտանալու, որ սովորում են Աշոտ Ղուլեանի անունը կրող կրթօջախում:

ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Միքայէլ Համբարձումեանը ներկաների հետ կիսւել է ուսանողական տարիների մի դրւագով. «Մի թէժ ժողովում հանդիպեցի Բեկորին. նա դեռ այդ անունը չունէր: Ժողովում քննարկւում էին տարբեր հարցեր, Աշոտին դուր չեկան որոշ դրոյթներ եւ նա ձեռքը թափ տւեց՝ ասելով՝ զինւել է պէտք եւ վերջ: Ուրիշ բան չի ասել: Սա է նաեւ մեր այսօրւայ կարգախօսը՝ զինւել ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Պէտք է մեր երեխաներին զինել գիտելիքներով, որովհետեւ գիտելիքը ամենաանխոցելի զէնքն է, մեր ուսուցիչներին՝ մանկավարժական հմտութիւններով, մեր պետական այրերին՝ ճշմարտութիւնը եւ արդարութիւնը գնահատելու կարողութիւններով եւ այսպէս շարունակ»,- նշել է Մ. Համբարձումեանը՝ կոչ անելով ձեւաւորւած միասնականութեան միջոցով ներկայ ողորմելի օրերը շուռ տալ լաւերի:

Բեկորի մարտական ընկեր Աշոտ Սարգսեանն իր ելոյթում անդրադարձել է Աշոտ Ղուլեանի մարդկային որակներին, քանի որ հիմնականում խօսւում է ռազմական գործողութիւների, Բեկորի վաշտի հերոսութիւնների մասին. «Իւանեանի ազատագրման նախօրեակին ես ու Ֆելիքս Գաբրիէլեանը զինւած մօտեցանք Բեկորին, բայց նա թոյլ չտւեց մասնակցել: Ռազմագործողութեան աւարտից յետոյ մօտեցանք ու պարզաբանում խնդրեցինք: Հարցրեց՝ քեզ ո՞վ է նշանակել Ստեփանակերտի դաշնակցական կառոյցի ղեկավար, ասացի՝ բնականաբար վերեւից: Հարցրեց՝ ինձ ո՞վ է նշանակել հրամանատար, ասացի՝ մենք: Ասաց՝ իւրաքանչիւր մարդ թող իր գործով զբաղւի: Աշոտի թողած պատգամն է, որ ամէն մարդ իր գործով զբաղւի»:

ԱՀ անհետ կորած ազատամարտիկների հարազատների միութեան նախագահ Վերա Գրիգորեանը «Հայրենիք եւ հավատ» մեդալով պարգեւատրել է Աշոտ Ղուլեանի այրուն՝ Նելլիի Ղուլեանին: Անհետ կորած իր որդին՝ Սպարտակը, Բեկորի վաշտում 3 ամիս 20 օր է ծառայել, այնուհետեւ հրամանատարը հեռացրել է վաշտից որպէս տան միակ զաւակի:

Յուշակոթողի հեղինակը քանդակագործ Իւրի Յովհաննիսեանն է, ճարտարապետը՝ Սերգէյ Ադամեանը:

Կիսանդրու բացման պատիւը տրւել է դպրոցի տնօրէն Լաուրա Մարտիրոսեանին, Նելլի Ղուլեանին եւ Բեկորի թոռ Աշոտ Ղուլեանին:

Հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը, պատգամաւորներ, պետական այրեր, Բեկորի մարտական ու կուսակցական ընկերները, հարազատները, դպրոցի մանկավարժական եւ աշակերտական կոլեկտիւը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։