Հա

Քաղաքական

07/09/2022 - 14:40

ԱԱԾ-ն Մուրադ Փափազեանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը

ԱԱԾ-ն, շրջանցելով օրէնքը, թաքցնում է Մուրադ Փափազեանից, թէ ինչու է նա ՀՀ-ում յայտարարւել որպէս անցանկալի անձ, ինչի հետեւանքով նրա մուտքն արգելւել է ՀՀ, փոխարէնը՝ տեղեկութիւնը յայտնւում է վարչապետի աշխատակազմի սեղանին։

«alikonline.ir» - ԱԱԾ-ն, շրջանցելով օրէնքը, թաքցնում է Մուրադ Փափազեանից, թէ ինչու է նա ՀՀ-ում յայտարարւել որպէս անցանկալի անձ, ինչի հետեւանքով նրա մուտքն արգելւել է ՀՀ, փոխարէնը՝ տեղեկութիւնը յայտնւում է վարչապետի աշխատակազմի սեղանին։

Ինչպէս արդէն տեղեկացրել ենք՝ Մուրադ Փափազեանը ընտանիքի հետ 2022թ. յուլիսի 14-ին ժամանել է ՀՀ, սակայն «Զւարթնոց» օդանաւակայանի սահմանային անցման կէտում իրաւասու աշխատակիցները չեն թոյլատրել վերջինիս մուտքը ՀՀ՝ միայն պատճառաբանելով, թէ ինքն ընդգրկւած է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում։ Մուրադ Փափազեանը ստիպւած էր նոյն օրն ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։ Ընդ որում, Մուրադ Փափազեանի մուտքը մինչ այդ արգելւած էր Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Իրաւապահների եւ պատկան մարմինների կողմից որեւէ յօդաբաշխ պարզաբանում այդպէս էլ չի տրւել, թէ որն է պատճառը Փափազեանի մուքտը ՀՀ արգելելու համար։ Բարձրացւած աղմուկին օրեր անց յաջորդել էր վարչապետի աշխատակազմի պարզաբանումը՝ «Արմէնպրես» գործակալութեանը, համաձայն որի՝ մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելւել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդւածի «գ» եւ «զ» կէտերը:

«Տւեալ անձը հանդիսանում է նախորդ տարւայ յունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանութեան մօտ վարչապետի գլխաւորած կառավարական պատւիրակութեան՝ ՀՀ պետական դրօշակիր աւտոշարասեան դէմ յարձակում կազմակերպած անձանցից մէկը: Աւտոշարասեան ուղղութեամբ նետւել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրօշակիր աւտոմեքենան ենթարկւել է յարձակման եւ ստեղծւած իրավիճակը յաղթահարւել է միայն ֆրանսիական ոստիկանութեան եւ անվտանգութեան ուժերի ջանքերի արդիւնքում:

Այդ մասին վկայող տւեալներ հրապարակւել են տարբեր լրատւամիջոցների կողմից, իսկ տեսանիւթերն առկայ են նաեւ համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշւած անձի, այլեւ յարձակման ակտիւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելւել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ յարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն՝ օրէնքով սահմանւած կարգով արգելւել է»,- նշել են վարչապետի աշխատակազմից։

«Փաստինֆօ»-ի գրաւոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից եւս յիշատակել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդւածի գ եւ զ կէտերը, համաձայն որի՝ գոյութիւն ունեն հաւաստի տւեալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունէութիւն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպութեան անդամ, որի նպատակն է՝ վնաս պատճառել Հայաստանի Հանրապետութեան պետական անվտանգութեանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակութիւնը, իրականացնել ահաբեկչական գործունէութիւն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թոյլտւութեան) տեղափոխել զէնք, ռազմամթերք, պայթուցիկ նիւթեր, ռադիոակտիւ նիւթեր, թմրանիւթեր, հոգեներգործուն նիւթեր կամ իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ։ Իսկ զ կէտը թոյլ է տալիս անձի մուտքն արգելել, եթէ գոյութիւն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետութեան պետական անվտանգութեանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնաւոր սպառնալիքներ:

Իսկ թէ ինչ սպառնալիք կարող է ներկայացնել ՀՀ-ի համար՝ հայրենանւէր գործունէութիւն իրականացնող եւ բացառապէս ՀՀ շահը սպասարկող Մուրադ Փափազեանը՝ որեւէ կերպ պարզաբանում չի տրւում։ Աւելին, պարզւում է, որ Մուրադ Փափազեանին, եւ նրա ներկայացուցիչ Արծւիկ Մինասեանին եւս առ այս պահն ընդհանրապէս չի պարզաբանւել, թէ ինչու է արգելւել Փափազեանի մուտքը ՀՀ։

ԱԱԾ-ն՝ թաքցնում է, թէեւ «Անձնական տւեալների պաշտպանութեան» մասին ՀՀ օրէնքի 15-րդ յօդւածի համաձայն՝ տւեալների սուբիեկտն իրաւունք ունի ստանալու իր անձնական տւեալների, տւեալները մշակելու, մշակելու հիմքերի եւ նպատակների մասին անհրաժեշտ տեղեկատւութիւնը։

Մասնաւորապէս, պարզաբանումներ ստանալու համար Փափազեանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Արծւիկ Մինասեանը դիմում է հասցէագրել ԱԱԾ տնօրէնին՝ պարզելու, թէ արդեօք ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացւած տեղեկութիւնը համապատասխանում է ԱԱԾ-ում վարւող ՀՀ տարածքում անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկում Մուրադ Փափազեանի վերաբերեալ ներառւած տեղեկատւութեանը, արդեօք կառավարութիւնը կամ վարչապետի աշխատակազմն է հանդիսանում այն մարմինը, որը դիմել է ԱԱԾ՝ Փափազեանին անցկանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկում ներառելու համար, եթէ այո, ապա ինչ տեղեկութիւններ են տրամադրւել, երբ են դիմել եւ որ օրէնսդրական նորմի կոնկրետ լիազօրութեամբ են գործել, եթէ ոչ, ապա որ մարմինն է դիմել ԱԱԾ՝ Մուրադ Փափազեանին անցկանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկում ներառելու համար եւ ինչ տեղեկութիւնների հիման վրայ։ Փափազեանի ներկայացուցիչը փորձել է նաեւ պարզել, թէ որքան ժամանակ է տեւել Մուրադ Փափազեանի անձնական տւեալների մշակումը՝ պայմանաւորւած նրան անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկում ներառելու հետ, ինչ չափանիշներով եւ չափորոշիչներով է ԱԱԾ-ն գնահատել տրամադրւած տեղեկութիւնները, դրանք հիմնաւորող ապացոյցներն ու դրանց արժանահաւատութիւնը, որոնք են անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկում Փափազեանին ներառելու հիմք հանդիսացող փաստական հանգամանքները, դրանք հիմնաւորող ապացոյցները, ինչպէս նաեւ՝ իրաւական հիմքերը։ ԱԱԾ-ին հասցէագրւած դիմումում դիմումատուն խնդրել է յստակ մատնանշել, թէ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդւածում առկայ որ հիմքով է արգելւել Փափազեանի մուտքը ՀՀ։

ԱԱԾ-ից յայտնել են միայն, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացւած տեղեկութիւնը ՀՀ ԱԱԾ-ում վարւող ՀՀ տարածքում անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկում Մուրադ Փափազեանի վերաբերեալ առկայ տեղեկատւութեան շրջանակներում առկայ է. Նրան անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկում ներառելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից որեւէ տեղեկութիւն չի ստացւել, Փափազեանի վերաբերեալ տւեալներն անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկում ներառելու համար հիմք են հանդիսացել Ազգային անվտանգութեան մարմինների կողմից ձեռք բերւած տեղեկութիւնները: Իսկ թէ ինչ հիմքով է Փափազեանի տւեալները ներառւել անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկում՝ ԱԱԾ-ն առհասարակ որեւէ հիմնաւորում չի ներկայացրել՝ վկայակոչելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդւածը՝ առանց յստակեցման՝ յղում կատարելով գաղտնիութեան ռեժիմին: Իսկ թէ ինչպէս է գաղտնիք հանդիսացող տւեալը, որը թաքցւում է անգամ Փափազեանից, յայտնւել Փաշինեանի աշխատակազմում, առանց Փափազեանի թոյլտւութեան հասել երրորդ անձանց՝ անվտանգութեան մարմինները կրկին պատասխան չունեն, միայն նշում են, թէ իբրեւ իրենց կողմից որեւէ երրորդ անձի տեղեկութիւն չի փոխանցւել: Ստացւում է՝ Փաշինեանի աշխատակազմը օրէնքի խախտմամբ հասանելիութիւն է ձեռք բերել ԱԱԾ-ի գաղտնի տեղեկատւութեանը, ինչի վրայ դատախազութիւնն ու նոյն ԱԱԾ-ն աչք են փակում։

Պարզաբանումներից զատ Մուրադ Փափազեանի ներկայացուցիչը միջնորդել էր նաեւ հեռացնել Փափազեանի տւեալները տւեալներն անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկից, թոյլատրել վերջինիս մուտքը ՀՀ եւ վերացնել ՀՀ օրէնսդրութեան խախտումներով նրա վերաբերեալ մշակւած տւեալները, սակայն միջնորդութեանն ԱԱԾ-ն անգամ չի անդրադարձել՝ փաստացի ցուցաբերելով անգործութիւն եւ այժմ Փափազեանն իր իրաւունքների խախտումները վերականգնելու համար պատրաստւում է հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան:

Ի դէպ, վերջին շրջանում ձեւաւորւած արատաւոր պրակտիկայի վրայ հրաւիրւել է նաեւ ՄԻՊ-ի եւ Արդադադատութեան նախարարութեան ուշադրութիւնը: Փափազեանի ներկայացուցիչը դիմել է կառոյցներին՝ արձանագրելով, որ վերջին շրջանում սփիւռքահայ մեր հայրենակիցները բախւում են ՀՀ մուտք գործելու արգելքի հետ, ընդ որում, նրանք այդ մասին տեղեկանում են արդէն ՀՀ մուտք գործելու պահին եւ որեւէ կերպ պարզաբանում չի ներկայացւում ՀՀ մուտք գործելու արգելքի իրաւական եւ փաստական հիմքերի մասին տեղեկութիւն, ինչի հետեւանքով նրանք զրկւում են իրաւաբանական օգնութիւն ստանալու իրաւունքից: Յատկանշական է, որ յաճախ այդպիսի արգելքի մէջ ընդգրկւած անձանց միաւորում է Հայաստանի գործող քաղաքական իշխանութիւնների հետ ակնյայտ տարբեր հայեացքներ ունենալը, ինչն էլ ենթադրաբար այն իրական պատճառն է, որով պայմանաւորւած արգելւում է մեր հայրենակիցների մուտքը ՀՀ:

Յարակից լուրեր

  • Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի եւ Արցախի կողքին
    Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի եւ Արցախի կողքին

    Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է, այն կոչ է անում ի նպաստ Հայաստանի անվտանգութեան քաղաքականութիւն վարել, կոչ է անում ճանաչել Արցախի անկախութիւնը եւ դատապարտում է Ադրբեջանի գործողութիւնները՝ պահանջելով սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դէմ, որովհետեւ Ադրբեջանը պատերազմ է պարտադրում Արցախին եւ Հայաստանին,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւին։

  • Կոչ եմ անում ՀՀ իշխանութիւններին դադարեցնել սփիւռքում իրենց պառակտման քաղաքականութիւնը
    Կոչ եմ անում ՀՀ իշխանութիւններին դադարեցնել սփիւռքում իրենց պառակտման քաղաքականութիւնը

    Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դէմ յարաբերակցութեամբ ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւը։

  • Մուրադ Փափազեանի, Սիւնէ եւ Մասիս Աբրահամեանների հայցերը դատարանն ընդունել է վարոյթ
    Մուրադ Փափազեանի, Սիւնէ եւ Մասիս Աբրահամեանների հայցերը դատարանն ընդունել է վարոյթ

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի, ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի գրասենեակի ատենապետ Մասիս Աբրահամեանի եւ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի հայցերն ընդդէմ ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան՝ վարչական դատարանն ընդունել է վարոյթ։

  • «Կոչ եմ անում մասնակցել նոյեմբերի 5-ի հանրահաւաքին». Մուրադ Փափազեանի ուղերձը
    «Կոչ եմ անում մասնակցել նոյեմբերի 5-ի հանրահաւաքին». Մուրադ Փափազեանի ուղերձը

    Կոչ եմ անում մասնակցել շաբաթ` նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին կայանալիք հանրահաւաքին՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան համար. իր ուղերձում յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ,  Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

  • «Նիկոլ Փաշինեանը հերթական շոուն է կազմակերպում, Հայաստան-Սփիւռք համաժողովը ֆէյք նախաձեռնութիւն է». Մուրադ Փափազեան
    «Նիկոլ Փաշինեանը հերթական շոուն է կազմակերպում, Հայաստան-Սփիւռք համաժողովը ֆէյք նախաձեռնութիւն է». Մուրադ Փափազեան

    «ՀՀ իշխանութիւնները ՀՀ-Սփիւռք ֆէյք նախաձեռնութիւն են կազմակերպում՝ ցոյց տալու համար, որ իրենք կարող են հաւաքել Սփիւռքը, սակայն հերթական անգամ խաբում են հայ ժողովրդին, սխալ է, սուտ են խօսում կրկին»,- այս մասին 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացւելիք Հայաստան-Սփիւռք գագաթնաժողովին, որը կրելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողով անւանումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։