Հա

Քաղաքական

08/09/2022 - 11:25

«Նիկոլի արկածները Վլադիւոստոկում»․ Արտակ Զաքարեան

Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Մեր ազգակործան «իշխանութիւնները» միջազգային յարաբերութիւններում Հայաստանը ոչ միայն զգետնել են, այլ նաեւ հետեւողականօրէն շարունակում են անլրջացնել, ծաղրուծանակի առարկայ դարձնել ու նսեմացնել: Հերթական արարը Վլադիւոստոկում էր:

«alikonline.ir» - Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Մեր ազգակործան «իշխանութիւնները» միջազգային յարաբերութիւններում Հայաստանը ոչ միայն զգետնել են, այլ նաեւ հետեւողականօրէն շարունակում են անլրջացնել, ծաղրուծանակի առարկայ դարձնել ու նսեմացնել: Հերթական արարը Վլադիւոստոկում էր:

Նորին գերազանցութիւն կապիտուլեանտի խրոխտ ելոյթը ցանկացած գիտակից հայի մօտ առնւազն ամօթի զգացում պէտք է առաջացնէր: Ինչպէս ասում են՝ «ամօթ պետութեանը» (“За державу обидно”).

Նիկոլը ասում է, որ աշխարհում հեշտ ժամանակներ չեն եւ ինքն իրեն հռետորական հարց է տալիս «…իսկ երբ են հեշտ ժամանակներ եղել»:

Սա յայտնի ճշմարտութիւն է քաղաքականութեան համար: Երբեք էլ հեշտ ժամանակներ չեն լինում եւ քաղաքական լիդերների խնդիրն է ամենաբարդ ժամանակներում արժանապատւօրէն պաշտպանել, կռիւ տալ եւ արդիւնքներ ապահովել սեփական պետութեան ու ժողովրդի համար: Իսկ ի՞նչ է արել Նիկոլը: Ողբերգութիւնների, տարածքային ու մարդկային կորուստների, ցաւալի ու ամօթալի իրադարձութիւնների, պետականութեան հիմքերի խարխլումների եւ քաղաքական խայտառակութիւնների մի ամբողջ էպոպեա:

Հայաստանում շատերն այդ հարցը կը տային Նիկոլին. «բա որ գիտես, որ հեշտ ժամանակներ չեն լինում ու միեւնոյն ժամանակ դաւաճան չես, ինչո՞ւ ես քո տգէտ քաղաքականութեամբ մինչեւ վերջ կործանման տանում Հայաստանն այս բարդ ժամանակների աշխարհում»: Նաեւ ազնիւ կը լինէր, որ այդ միտքն ասելուց յետոյ Նիկոլը շնորհակալութիւն ասէր նախկին նախագահներին՝ բոլոր ժամանակների բարդ իրադարձութիւններում երկիրն անվտանգ պահելու, ուժեղացնելու, կայունացնելու եւ զարգացնելու համար:

Նիկոլի ելոյթում ցայտուն կերպով ընդգծւած էր վախի գերադրական աստիճանը: Յատկապէս, երբ աղերսական հայեացքն ուղղած դէպ ՌԴ նախագահը՝ խօսում էր անվտանգութիւնից եւ Հարաւային Կովկասում նոր ապակայունացումից: Իսկ միթէ՞ նախորդ նախագահները, երբեւէ իրենց թոյլ են տւել նման իրավիճակում յայտնւել:

Կապիտուլեանտն իր ելոյթում, «մեղայական» հայեացքով նայելով դէպի ՌԴ նախագահը, գովերգում էր Եւրասիական Տնտեսական միութիւնը՝ ասելով, որ այն լիովին արդարացրել է իրեն եւ Հայաստանը շարունակում է մեծ օգուտներ քաղել այդ միութիւնից: Բայց Նիկոլը մոռացաւ հէնց այդ պահին շնորհակալութիւն յայտնել Սերժ Սարգսեանին եւ այդպէս արդար կը լինէր: Իսկ աւելի արդար կը լինէր, եթէ նշէր նաեւ, որ հէնց ինքն էր Հայաստանի ելքը ԵԱՏՄ-ից օրէնսդրական նախաձեռնութեան հեղինակը:

Նա խրոխտ տոնով եւ ուդմուրտական ռուսերէնով պատմում ու հպարտանում էր Հայաստանի «Հիւսիս-Հարաւ» ճանապարհով:

Այստեղ եւս մոռացաւ շնորհակալ լինել Սերժ Սարգսեանից, այդ նախագծի եւ կատարւած հսկայական աշխատանքի համար: Նա խօսում էր նաեւ ռեգիոնալ ճանապարհների «Հայկական-Խաչմերուկ»-ից, ասելով, որ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, Միջին Ասիան եւ Մերձաւոր Արեւելքը կը կապւեն միմեանց հետ Հայաստանով:

Սակայն հէնց ճիշտ պահն էր ասելու, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ թէ ճանապարհ, այլ միջանցք են ուզում: Բայց չասեց, երեւի թէ վախենալով իր թուրքական տէրերից:

Նիկոլը կրկին շնորհակալ տոնով նշեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնեցնելու մասին համատեղ յայտարարութիւնը ստորագրւել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով: Ըստ էութեան, նա խոստովանեց, որ Արցախի մնացած հատւածը պաշտպանւել է ՌԴ նախագահի շնորհիւ, եւ եթէ իրեն մնար, ինքը ամբողջ Արցախն էր յանձնելու թուրքերին:

Նիկոլը մի քանի թոյլիկ, զգուշաւոր բառեր արտասանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, բայց երբ ՌԴ նախագահը յատուկ շեշտադրեց ՄԱԿ-ի կանոնադրութիւնն ու ազգերի ինքնորոշման իրաւունքը, կապիտուլեանտը լռեց, ու երեւի էլի վախից չասաց, որ այդ իրաւունքից օգտւելու առաջնային իրաւունք ունի նաեւ Արցախի ժողովուրդը:

Պետութեան շահերն իրեն չեն հետաքրքրում, բայց փոխարէնը մի քանի անգամ ընդգծեց, որ ինքը հաւատարիմ է Ռուսատանին, եւ պէտք չէ հաւատալ այն ուժերի, որոնք Մոսկւայում իրեն դիտարկում են որպէս արեւմտամէտ:

Նիկոլի վախերը հասան գերադրական աստիճանի, երբ ՌԴ նախագահը խօսելով Ուկրայինայի մասին, վերջինիս ռեժիմը որակեց ոչ լեգիտիւ եւ իշխանազաւթ: Վլադիմիր Պուտինը՝ կարծում եմ քաղաքակրթութիւնից ելնելով, ուղակի չասաց, որ փողոցով իշխանութիւն զաւթած եւ արեւմտեան տեխնոլոգիաներ կիրառած ռեժիմի ներկայացուցիչներից մէկն էլ նստած է հէնց իր կողքին:

Վլադիւոստոկեան արկածներն այսքանով չեն աւարտւում: Նիկոլի ելոյթն ու հարցուպատասխանը կարելի է երկար քննարկել: Բայց եղածն էլ բաւարար է, որպէսզի արձանագրենք մեր պետութեանը պատուհասած հերթական խայտառակութիւնը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։