Հա

Քաղաքական

08/09/2022 - 11:30

«Մենք չենք տեսնում մեզ Ադրբեջանի կազմում, Արցախի փոխարէն որեւէ մէկը չի կարող որոշում կայացնել, իսկ եթէ կայացւի՝ կը լինի համապատասխան ռեակցիա»․ Դաւիթ Բաբայեան

«Մենք ունենք յստակ ձեւակերպւած կարմիր գիծ, որի մասին անընդհատ խօսում ենք՝ ոչ թէ յիշեցնելու այդ մասին ինչ-որ մէկին, այլ խաղի կանոններն են այդպիսիոն՝ մենք պէտք է անընդհատ յայտնենք, որ մեր տեսլականը չի փոխւել։ Այդ կարմիր գիծը համընդհանուր է, ոչ միայն իշխանութեանն է, այլեւ ամբողջ հանրութեան ընդհանուր կամքն է, նաեւ ամբողջ հայութեան։ Այդ կարմիր գիծը հետեւեալն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա բացառւած է»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեանը:

«alikonline.ir» - «Մենք ունենք յստակ ձեւակերպւած կարմիր գիծ, որի մասին անընդհատ խօսում ենք՝ ոչ թէ յիշեցնելու այդ մասին ինչ-որ մէկին, այլ խաղի կանոններն են այդպիսիոն՝ մենք պէտք է անընդհատ յայտնենք, որ մեր տեսլականը չի փոխւել։ Այդ կարմիր գիծը համընդհանուր է, ոչ միայն իշխանութեանն է, այլեւ ամբողջ հանրութեան ընդհանուր կամքն է, նաեւ ամբողջ հայութեան։ Այդ կարմիր գիծը հետեւեալն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա բացառւած է»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հնարաւոր պայմանագրին, որի նախապատրաստական աշխտանքների մեկնարկը տալու մասին յայտարարւեց Բրիւսէլում Շառլ Միշէլի միջնորդութեամբ կայացած Փաշինեան, Ալիեւ, Միշէլ եռակողմ հանդիպման արդիւքներով։

Յայտարարւել էր, որ ՀՀ ԱԳ նախարարներին յանձնարարւել է այդ ուղղութեամբ սկսել աշխատել։ Ուշագրաւ է որ ՀՀ վարչապետ Փաշինեանը ԱԺ-ում ունեցած ելոյթներից մէկում յայտարարել էր, որ կայ գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւններից: «Մենք հիմա ակտիւօրէն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպէս առաջ ընթանալ»: Սակայն բրիւսէլեան օրակարգում ընդհանրապէս ԼՂ մասին խօսք չկար։

ԱՀ ԱԳ նախարարը շեշտեց՝ երբ խօսում է կարմիր գծերի մասին, պէտք է նկատի ունենալ այդ թւում՝ որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չլինելու մասին է, որովհետեւ հակառակը կը նշանակի, օրինակ, որ հրեաները նացիստական Գերմանիայում ունենային ինքնավարութիւն։ «Նրանք ունեցել են ինքնավարութիւն։ Այդ համակենտրոնացման ճամբարները ինչ-որ տեղ ինքնավարութիւնների կենտրոններ էին, այսինքն, նրանք իրաւունքներ ունէին՝ օրւայ մէջ տասը րոպէ կարող էին քայլել, ինչ երազ ուզում էին, կարող էին տեսնել։ Նոյնը Ադրբեջանի կազմում գտնւելու մասին է»,- նկատեց Բաբայեանը՝ շեշտելով, որ բնականաբար, Ադրբեջանը ձգտում է այդ խաղաղութեան հնարաւոր պայմանագրի մէջ մի կէտ խցկել, որով Հայաստանը կը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւմը՝ Արցախի հետ մէկտեղ։

Ըստ Բաբայեանի, բնական է, որ Հայաստանը դա չի կարող ընդունել եւ սա ամենակարեւորն է։ «Արցախի փոխարէն որեւէ մէկը չի կարող որոշում կայացնել, եթէ նման որոշում կայացւի, ով ուզում է լինի, ուզում է՝ ՄԱԿ-ը կայացնի, այստեղ լինելու է համապատասխան ռեակցիա, այսինքն, մենք չենք տեսնում մեզ Ադրբեջանի կազմում»։

«Փաստինֆօ»-ի ճշտող հարցին, թէ այդ թւում պաշտօնական Երեւանը լիազօրւած չէ՞ Արցախի անունից որեւէ որոշում կայացնելու, Դաւիթ Բաբայեանը նշեց․ «Կապ չունի, թէ ով է, չեմ էլ ուզում կարծել, որ պաշտօնական Երեւանը, ով էլ լինի, հայ մարդու մասին խօսքը, կարող է ստորագրել մի բան, որով Արցախը դառնայ Ադրբեջանի մաս, ես չեմ պատկերացնում, չեմ էլ ուզում պատկերացնել, բայց եթէ նոյնիսկ ամբողջ աշխարհը նման բան որոշի, ելքը լինելու է կամ նոր պատերազմն ու ցեղասպանութիւնը կամ, պարզապէս, Արցախի հայաթափումը, իսկ դրանից յետոյ, արդէն այնպիսի աշխարհաքաղաքական լանդշաֆտի այնպիսի խորը փոփոխութիւններ են տեղի ունենալու, որ շատ ու շատ երկրների համար, իսկապէս, սարսափելի գոյաբանական վտանգենր են առաջանալու, բայց դա չի լինելու արդէն միայն մեր խնդիրը։

Հարցին, եթէ այդուհանդերձ, իրադարձութիւններն այնպէս զարգանան, որ պաշտօնական Երեւանը նման փաստաթուղթ ստորագրի, հնարաւո՞ր է, որ պաշտօնական Ստեփանակերտը, հաշւի առնելով ռուսական խաղաղապահ ներկայութիւնն Արցախում, ուղիղ դիմի ՌԴ-ին՝ անվտանգութեան երաշխիքների խնդրանքով, Դաւիթ Բաբայեանն ասաց. «Եթէ որեւէ մէկը վաղը ասի, որ դուք պէտք է Ադրբեջանի կազմում լինէք, կրկնում եմ՝ ելքը երկուսն է՝ կամ պատերազմ, կոտորած կամ հայաթափում, օրինակ կարող է այնպէս լինել, որ կանայք եւ երեխաները դուրս գան, իսկ տղամարդիկ պայքարեն մինչեւ մահ, սա էլ է տարբերակ, բայց մենք չենք լինելու այդ երկրի կազմում, որովհետեւ դա մահ է, կործանում՝ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի։ Չեմ կարծում, որ նման սցենար կը լինի»։ 

Ինչ վերաբերում է Երեւան-Ստեփանակերտ շփումներին ու հնարաւոր խորհրդակցութիւններին, ապա Բաբայեանն ասաց, որ երկրների ղեկավարները շփւում են, կոմունիկացիան կայ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։