Հա

Քաղաքական

10/09/2022 - 12:05

«Հայկական կողմից, չգիտես ինչու, չի խօսւում ՌԴ տանող աւելի կարճ ճանապարհի մասին. ծիծաղելի կը լինի որեւէ վստահութիւն ունենալ Ադրբեջանի բարի նպատակների վրայ». Աշոտ Մելքոնեան

168.am-ի հետ զրոյցում ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանն անդրադառնալով վերը նշւած հարցին՝ նշեց, որ հաշւի առնելով Ադրբեջանի ներկայիս գործողութիւններն ու յայտարարութիւնները՝ անվտանգութեան որեւէ երաշխիք չի կարող լինել։

«alikonline.ir» - Օգոստոսի 8-ին Վլադիւոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սպառնալիքների մասին հարցին, Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ ճանապարհի բացումը Սիւնիքի մարզի եւ Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, ընդհակառակը՝ ճանապարհի բացումը կը բերի անվտանգութեան եւ կայունութեան լրացուցիչ երաշխիքներ։

«Այլ բան է, որ ադրբեջանական խօսոյթի մէջ երբեմն մտնում են արտայայտութիւններ, նախաձեռնութիւններ, որոնք բացայայտում են որոշակի վտանգներ։ Օրինակ՝ խօսւում է միջանցքի մասին, ուզում եմ յստակ լինի․ մենք ՀՀ-ի տարածքով որեւէ միջանցք որեւէ մէկին չենք տալու, ուզում եմ բոլորս յստակ արձանագրենք, բայց ճանապարհ տալու ենք եւ պատրաստ ենք տալ ցանկացած պահի»,- ասել է նա եւ յաւելել, որ դրա վերաբերեալ առաջարկներ են փոխանցւել Ադրբեջանին։

«Որ պահին Ադրբեջանը ընդունի այդ առաջարկները, դրանց հիման վրայ կարելի է փաստաթուղթ ստորագրել եւ շատ արագ իրագործել այդ պայմանաւորւածութիւնը։ Հաւաստիացնում եմ՝ դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում։ Ճանապարհի բացումը ոչ միայն սպառնալիք չէ ՀՀ-ի համար, այլեւ օգտակար է ՀՀ-ի համար, Ադրբեջանի համար էլ է օգտակար, Թուրքիայի համար էլ։ Ադրբեջանը ցանկանում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացւեն այնպէս, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մէջ, այ դա սպառնալիք է»,- ընդգծել է Փաշինեանը։

Իրականում ճանապարհի բացումը Հայաստանի համար անվտանգութեան ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ է տալիս, որի մասին չբարձրաձայնեց Նիկոլ Փաշինեանը, առհասարակ ո՞վ է երաշխաւորում ՀՀ քաղաքացու կեանքի անվտանգութիւնը, եթէ այդ ճանապարհները բացւեն։

168.am-ի հետ զրոյցում ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանն անդրադառնալով վերը նշւած հարցին՝ նշեց, որ հաշւի առնելով Ադրբեջանի ներկայիս գործողութիւններն ու յայտարարութիւնները՝ անվտանգութեան որեւէ երաշխիք չի կարող լինել։

«Ամբողջ խնդիրն այն է, որ միայն խօսւում է Սիւնիքով, այսպէս կոչւած, «միջանցքի» մասին, չի խօսւում առհասարակ բոլոր ճանապարհների ապաշրջափակման մասին։ Առաւել եւս հայկական կողմից, չգիտես ինչու, չի խօսւում դէպի Ռուսաստան տանող աւելի կարճ ճանապարհի մասին, որը Երեւան-Հրազդան-Իջեւան ճանապարհն է, այն կառուցւել է խորհրդային տարիներին։ Այսինքն՝ Նախիջեւանով գնալ պտտւել եւ դուրս գալ Բաքւով դէպի Դաղստան՝ աւելի երկար ճանապարհ է, քան Իջեւանից անմիջապէս Ղազախով դուրս գան դէպի Ռուսաստան։ Այ, երբ խօսեն առհասարակ բոլոր ճանապարհների ապաշրջափակման մասին, եւ այս կեղծ «միջանցքի» խնդիրը դուրս գայ օրակարգից եւ կիրառւի որպէս սովորական մի ճանապարհ՝ միջազգային օրէնքներով նախատեսւած, որն անցնելուց առաջ պէտք է մաքսային ծառայութիւններ անցնեն, ապա այդ դէպքում միայն կարելի է խօսել անվտանգութեան մասին։

Սակայն այսօր, երբ Ադրբեջանը խօսում է «միջանցքի» մասին այնպէս, կարծես թէ Բերձորի միջանցքի ճանապարհի մասին համահաւասար է եւ որեւէ կերպ փաստօրէն չի ցանկանում ենթարկւել միջազգային օրէնքներին եւ յարգել Հայաստանի ինքնիշխանութիւնը, ապա նման պայմաններում, բնականաբար, հնարաւոր չէ խօսել անվտանգութեան մասին»,- նշեց Աշոտ Մելքոնեանը։

Ըստ նրա, երբ Հայաստանը համոզւի, որ ադրբեջանական կողմը կը յայտարարի, որ դրանք սովորական ճանապարհներ են լինելու, այդ ժամանակ գուցէ հնարաւոր լինի խօսել անվտանգութեան մասին։ Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խօսել «միջանցքի» մասին, որի վերաբերեալ տառ անգամ չկայ 2020 թւականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրի մէջ, հետեւաբար՝ վստահութեան մթնոլորտի մասին խօսելը նոյնիսկ աւելորդ է։

«Այսօր, երբ Ադրբեջանը խօսում է, իբր Սիւնիքը, Գեղարքունիքը եւ Երեւանն ադրբեջանական են, ծիծաղելի կը լինի որեւէ վստահութիւն ունենալ Ադրբեջանի բարի նպատակների վրայ։ Դրա մասին վաղ է խօսել, գուցէ ամէն ինչ մնում է ցանկութիւնների մակարդակում, գուցէ հեռանկարում սպասւելի դրական երեւոյթ լինի, բայց ոչ այս պահին։ Ադրբեջանի ներկայիս հռետորաբանութեան, ամենօրեայ լկտի ու ցինիկ յայտարարութիւնների պայմաններում հնարաւոր չէ ապասել, որ նրանք կերաշխաւորեն հայի կեանքի անվտանգութիւնը, որպէսզի նա Ադրբեջանով հասնի Ռուսաստան»,- եզրափակեց Աշոտ Մելքոնեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։