Հա

Քաղաքական

10/09/2022 - 14:10

«Նոր» Բրիտանիան, «արցախցի» Ռուբէն Վարդանեանն ու «հին» Ադրբեջանը Անժելա Էլիբեգովայի հետ հարցազրոյցում

Էլիզաբէթ 2-րդ թագուհու մահից յետոյ Անգլիայի թագաւոր դարձաւ Ուելսի նախկին արքայազն, թագաժառանգ Չարլզը, որն ընդունեց Կառլ 3-րդ անունը: Panorama.am-ն ադրբեջանագէտ Անժելա Էլիբեգովային մի քանի հարց ուղղեց Անգլիա-Ադրբեջան յարաբերութիւնների եւ Արցախի շուրջ զարգացումների վերաբերեալ:

«alikonline.ir» - Էլիզաբէթ 2-րդ թագուհու մահից յետոյ Անգլիայի թագաւոր դարձաւ Ուելսի նախկին արքայազն, թագաժառանգ Չարլզը, որն ընդունեց Կառլ 3-րդ անունը: Panorama.am-ն ադրբեջանագէտ Անժելա Էլիբեգովային մի քանի հարց ուղղեց Անգլիա-Ադրբեջան յարաբերութիւնների եւ Արցախի շուրջ զարգացումների վերաբերեալ:

 

Panorama.am- Մեծ Բրիտանիայի նոր թագաւորի նշանակումը ինչպէ՞ս կազդի Լոնդոն-Բաքու յարաբերութիւնների վրայ՝ Ադրբեջանում բրիտանական նաւթային, գազային պրոյեկտների առկայութեան տեսանկիւնից:

Ա. Էլիբեգովա- Բրիտանական մամուլում եւ հետաքննութիւններ անցկացնող միջազգային կազմակերպութիւնների հրապարակած յօդւածներում տարիներ առաջ արդէն բացայայտւել են ադրբեջանական ֆինանսական եւ քաղաքական էլիտաների սերտ ընկերական կապերը ե՛ւ արդէն թագաւոր Չարլզի, ե՛ւ արքայազն Էնդրուի հետ, որոնք բաւականին լուրջ ֆինանսական կապեր ունեն ադրբեջանական էլիտաների հետ:

Արքայազն էնդրուն նաեւ շատ յաճախ սիրով հիւրընկալւում է Բաքւում: Դրա մասին միջազգային մամուլը բաւականին մանրամասն գրել է: Ադրբեջանական կապիտալը եւ օլիգարխների երեխաները, այդ թւում նաեւ Իլհամ Ալիեւի ընտանիքը Լոնդոնում մեծ ֆինանսական եւ տնտեսական բիզնես պրոյեկտներ ունեն, այդ թւում նաեւ բաւականին թանկարժէք անշարժ գոյք՝ բնակարաններ, տներ, որոնց մասին նոյնպէս յաճախ գրւում է բրիտանական մամուլում: Այսինքը՝ ֆինանսական եւ տնտեսական կապերն բաւականին ամուր են Բրիտանական եւ Ադրբեջանական էլիտաների մջեւ:

 

Panorama.am- Բրիտանական տնտեսական շահն ընդհանրապէս ի՞նչ ազդեցութիւն է ունեցել արցախեան հիմնախնդրում այդ պետութեան դիրքորոշման վրայ:

Ա. Էլիբեգովա- Ինչ վերաբերում է Բրիտանիա-Ադրբեջան յարաբերութիւններին՝ բրիտանական նաւթային եւ գազային պրոյեկտների շահի տեսանկիւնից, ապա ասեմ, որ դրանք միանշանակ ազդում են տարածաշրջանում իրենց հետաքրքրութիւնների վրայ, քանի որ 1994 թւականից սկսած «Բրիթիշ փեթրոլիում»-ը մտաւ Ադրբեջանական շուկայ եւ այդ կորսորցիումը դարի գործարքի շնորհիւ ստացաւ մեծ հնարաւորութիւններ ադրբեջանական նաւթագազային հատւածում լուրջ դիրքեր գրաւելու առումով եւ մօտակայ տասնամեակում այնտեղից գնալու որեւէ պլաններ չունի:

Այդ 100 մլրդ դոլարի ներդրումները, որ արւել են «Բրիթիշ փեթրոլիում»-ի կողմից Ադրբեջանի նաւթագազային սեկտորում, նաեւ պայմանաւորում են այն փաստը, որ նրանք բաւականին լուրջ կերպով հետեւում էին, որպէսզի ադրբեջանական նաւթամուղերը եւ գազամուղերը պատերազմների ընթացքում վնաս չկրեն եւ պատերազմական գործողութիւնների ժամանակ Ադրբեջանական նաւթագազային սեկտորին յանկարծ որեւէ վնաս չհասցւի: Եւրոպական կառոյցները, մասնաւորապէս՝ Բրիտանիան աչալուրջ հետեւում էին, որպէսզի իրենց տնտեսական հետաքրքրութիւններին յանկարծ պատերազմը վնաս չհասցնի:

 

Panorama.am- Արցախի շուրջ զարգացումների համատեքստում կը խնդրէի նաեւ անդրադառնալ ՌԴ արդէն նախկին քաղաքացի Ռուբէն Վարդանեանի՝ Արցախ տեղափոխւելու անսպասելի որոշմանը:

Ա. Էլիբեգովա- Ռուբէն Վարդանեանի՝ Արցախ տեղափոխւելու վերաբերեալ ասեմ, որ այստեղ ինձ համար ուշագրաւ էր նրա՝ ադրբեջանական հասարակութեան հետ համակեցութեան ուղիների եւ երկխօսութեան մասին յայտարարութիւնը: Կարծում եմ, որ պէտք է բաւականին զգոյշ լինել նման մտքերի կամ պլանների հարցում, քանի որ մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանում հայատեացութիւնը որպէս պետական քաղաքականութիւն պատերազմից յետոյ ոչ միայն չի դադարել, այլ հակառակը՝ միայն ահագնացել է: Թշնամին շարունակում է պատերազմի պատրաստւել, իր սերունդներին մեծացնել հայատեացութեան մթնոլորտում:

Այս առումով շատ վտանգաւոր է մեզ համար, որ եթէ մեզ անընդհատ քարոզեն խաղաղ համակեցութիւն, իսկ թշնամին շարունակի պատրաստւել ագրեսիայի եւ յարձակման, ապա այն կարող է բթացնել մեր զգօնութիւնը եւ ստեղծի անիրական պատրանքներ: Հետեւաբար իրատեսական չեմ տեսնում առանց Ադրբեջանի ներսում շատ լուրջ դենացիֆիկացիայի պրոցեսի, որեւէ երկխօսութեան եւ խաղաղ համակեցութեան որեւէ փորձ:

 

Զրուցեց Ա. Վարդանեանը

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։