Սեպտեմբերի 10-ին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայրենաճանաչութեան ծրագրի շրջանակներում նախաձեռնել է արշաւ դէպի Յակոբավանք կամ Մեծառանից վանք, որը գտնւում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գիւղի յարակից բարձունքում: Տարբեր երիտասարդական կազմակերպութիւններից եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներից կազմւած 60 հոգանոց խումբը յագեցած օր ունեցաւ: Ծրագրին մասնակցում էին նաեւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան մի խումբ անդամներ:
«alikonline.ir» - Սեպտեմբերի 10-ին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայրենաճանաչութեան ծրագրի շրջանակներում նախաձեռնել է արշաւ դէպի Յակոբավանք կամ Մեծառանից վանք, որը գտնւում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գիւղի յարակից բարձունքում: Տարբեր երիտասարդական կազմակերպութիւններից եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներից կազմւած 60 հոգանոց խումբը յագեցած օր ունեցաւ: Ծրագրին մասնակցում էին նաեւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան մի խումբ անդամներ: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Առաջին կանգառը «Մենք ենք մեր սարերը» յուշարձանի տարածքում էր, որտեղ մասնակիցները հրաւիրւած զբօսավարի միջոցով տեղեկացան Արցախը խորհրդանշող տուֆակերտ կոթողի պատմութեանն ու նշանակութեանը:
Յետոյ այցելեցին Յակոբավանք, որտեղ նրանց ողջունեց եւ օրհնեց վանքի հոգեւոր հովիւ Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը, ով նաեւ ներկայացրեց 5-7-րդ դարերում կառուցւած տաճարի պատմութիւնը:
Արշաւախումբը յաջորդիւ Ծաղկաշատ գիւղում «վարպետաց դասերի» շրջանակում ծանօթացաւ թոնրում հաց թխելու գաղտնիքներին, համտեսեց արցախեան աւանդական ուտեստներից կուրկուտ:
Օրւա երկրորդ կէսին խումբը եղաւ Նիկոլ Դումանի տուն-թանգարանում:
Հաճելի եւ ճանաչողական ժամանցի վերջին ակորդներն էլ տեղում կազմակերպւած տարբեր խաղերն էին արշաւականների մասնակցութեամբ ու «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգուպարի համոյթի հայրենասիրական կատարումները:
Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրէն Թամրազեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է, որ քաղաքապետարանի այս նախաձեռնութիւնը պարբերական բնոյթ է կրում, եւ փորձում են երիտասարդներին ծանօթացնել պատմամշակութային արժէք ներկայացնող կոթողներին՝ նախապատւութիւնը տալով այնպիսի վայրերին, որտեղ շատ չեն այցելում: