Հա

Քաղաքական

13/09/2022 - 13:00

Դատապարտելի են խաղաղութեան օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատւածում ձեռնարկւած այս դաւադիր քայլերը․ Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն․Ս․ Օ․ Տ․ Տ Գարեգին Բ-ն ուղերձ է հղել ՀՀ տարածքում Ադրբեջանի սկսած ռազմական գործողութիւնների առնչութեամբ։

Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն․Ս․ Օ․ Տ․ Տ Գարեգին Բ-ն ուղերձ է հղել ՀՀ տարածքում Ադրբեջանի սկսած ռազմական գործողութիւնների առնչութեամբ։

Ուղերձն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ,


Վերստին խռովւած են մեր հոգիները։ Ցաւով եւ անհանգստութեամբ ենք հետեւում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծւած սադրիչ մարտական գործողութիւններին, որոնց հետեւանքով գնդակոծւել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր եւ վիրաւորներ։ Դատապարտելի են խաղաղութեան օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատւածում ձեռնարկւած այս դաւադիր քայլերը։ Ակնյայտ է՝ թշնամին չի փոխւել, չեն փոխւել նաեւ նրա նկրտումներն ու մտադրութիւնները։ 2020 թւականի պատերազմը, վայրագ գործողութիւնները Արցախի մեր ժողովրդի եւ ոտնձգութիւնները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժէք միջազգային գնահատականի այդպէս էլ չարժանացան, համարձակութիւն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողութիւններով փորձելու հասնել ցանկալի զիջումների։ Իրական, արժանապատիւ խաղաղութիւնը չի կարող հաստատւել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել եւ յարատեւութիւն ունենալ։
Սիրելի զաւակներ մեր ի Հայաստան, Արցախ եւ ի սփիւռս, վստահ ենք, մեր ժողովրդի ոգին ամուր է, հայրենիքի սահմանները պահող զինւորները՝ անվեհեր։ Թիկունքում հայրենի սրբազան հողն է, մեր ընտանիքները, հայրենի դրօշը ծածանող մեր նահատակ հերոսների շիրիմները եւ առ Աստւած ձայնող տաճարները։ Առկայ իրադրութեան մէջ թոյլ չպէտք է տանք, որ անմիաբանութիւնն ու ներհասարակական բեւեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտութիւնների, պարտադրւած խաղաղութիւնը՝ նոր զիջումների։ Մեր միասնականութեամբ եւ հայրենիքի հանդէպ հաւատարմութեամբ պէտք է դիմակայենք նաեւ այս փորձութեանը։ Արդ, մեր կարողութիւններն ու հնարաւորութիւնները, ազգային ողջ ներուժը համախմբենք եւ սատար լինենք Հայոց Բանակին եւ հայրենիքի կարիքներին։ Չերկմտենք եւ գործենք առ հայրենին սիրով եւ պատասխանատւութեամբ։ Ամենայն յանձնառութեամբ իւրաքանչիւրս մեր պատասխանատւութեան ոլորտում անենք կարելին՝ յանուն անկախ պետականութեան անսասանութեան, յանուն մեր ազգի յարատեւութեան։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրութեանը եւ յատկապէս մեր բարեկամ երկրներին՝ ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան եւ նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ։
Եղբայրական մեր դիմումն է Քոյր Եկեղեցիների հովւապետերին աղօթելու առաջին քրիստոնեայ պետութեան, նրա հաւատաւոր ժողովրդի ապահովութեան համար եւ կարելի նպաստ բերելու տարածաշրջանում իրական խաղաղութեան հաստատմանը։
Մեր հայցն է առ Միածին Որդին՝ մեր Տէրը Յիսուս Քրիստոս՝ վերստին այցի գալու իր փոքր հոտին, որին դարեր առաջ ընտրեց ի վկայութիւն իր հաւատի։ Աղօթում ենք զոհւած մեր զաւակների հոգիների խաղաղութեան, նրանց հարազատների ու ընտանիքների մխիթարութեան համար։ Շուտափոյթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրաւորներին։ Թող Տէրը ամուր ու տոկուն պահի ե ւԻր Ամենախնամ Սուրբ Աջով պահպանի հայոց զինւորին։
Աստւած պահապան Հայոց բանակին եւ մեր հայրենիքին։

Գարեգին Երկրորդ
Կաթողիկոս Ամենայն Հայոց

   

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։