Հա

Քաղաքական

18/09/2022 - 13:10

«Խայտառակութիւն է, որ առայսօր մահաբեր «Բայրաքթարների» դէմ պայքարի որեւէ միջոց դեռեւս չունենք». Դաւիթ Ջամալեան

Ընդամէնը մէկ շաբաթ առաջ անհնար էր պատկերացնել «Ջերմուկի ինքնապաշտպանական մարտեր» արտայայտութիւնը։ Մենք չունենք պաշտպանութեան ռազմավարական խորութիւն, թէեւ այն առկայ էր մինչեւ 2020-ը։ Երբ ամէն առիթով ասում էինք, որ Արցախում՝ Արաքսի ափին, Հորադիզում՝ մեր պատմական Դիզակում, հայ զինւորը Կապանը, Գորիսն ու Երեւանն է պաշտպանում, Քարվաճառում՝ Ջերմուկը, Սեւանն ու էլի Երեւանը, սթափ բանականութեան տէր մարդիկ հասկանում էին, էմոցիոնալ վիճակում գտնւողները՝ ոչ, բայց փաստը դա է։ 

«alikonline.ir» - Ընդամէնը մէկ շաբաթ առաջ անհնար էր պատկերացնել «Ջերմուկի ինքնապաշտպանական մարտեր» արտայայտութիւնը։ Մենք չունենք պաշտպանութեան ռազմավարական խորութիւն, թէեւ այն առկայ էր մինչեւ 2020-ը։ Երբ ամէն առիթով ասում էինք, որ Արցախում՝ Արաքսի ափին, Հորադիզում՝ մեր պատմական Դիզակում, հայ զինւորը Կապանը, Գորիսն ու Երեւանն է պաշտպանում, Քարվաճառում՝ Ջերմուկը, Սեւանն ու էլի Երեւանը, սթափ բանականութեան տէր մարդիկ հասկանում էին, էմոցիոնալ վիճակում գտնւողները՝ ոչ, բայց փաստը դա է։ Սկուտեղի վրայ ստորագրութեամբ մատուցւեց Քարվաճառը, հետեւաբար՝ Ջերմուկն ու Գեղարքունիքը պիտի դառնային հարւածի թիրախ։ Մենք կորցրինք մեր դիրքերը Ղազախլար գիւղի մատոյցներում՝ պատմական Դիզակում, արդիւնքում՝ հիմա Կապանի մատոյցներում ադրբեջանական դրօշ է ծածանւում, եւ այդպէս շարունակ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանը։

«Խայտառակութեան միւս կողմն այն է, որ մեր դէմ 2020-ից առայսօր կիրառում են նոյն մահաբեր միջոցը, եւ մենք դրա դէմ պայքարելու որեւէ արդիւնաւէտ միջոց դեռեւս չունենք, այն դէպքում, երբ դրա դէմ պայքարի մեծ թւով միջոցներ կարելի էր ձեռք բերել։ Սիրիայում այդ նոյն ժամանակահատւածում՝ 2020-ի փետրւարին, թուրքական բանակը «Բայրաքթարներ» կիրառեց սիրիական կառավարական ուժերի դէմ։ Յետոյ տեղ հասաւ ռուսական օգնութիւնը՝ ռադիոէլեկտրոնային պայքարի եւ հակաօդային պաշտպանութեան միջոցներ, եւ «բայրաքթարային» ակտիւութիւնը դադարեց։ Այսինքն՝ եթէ անգամ մինչ այդ մենք չէինք հաշւարկել նման սպառնալիքը, թուրքը ցոյց էր տալիս, թէ ինչպէս է Արցախում հարւածելու, սպանելու մեզ, էլ չասած, որ 2020-ի գարնանից դրանց խմբաքանակներն առաքւում էին Ադրբեջան»,- ասաց փորձագէտը։

«Երրորդ նախագահ Սերժ Սարգսեանն իր հարցազրոյցներից մէկում նշել է, որ 2017-ին հաստատւած սպառազինութեան գնման պլանով՝ պէտք է երկու խմբաքանակ «Տոռ-2 ՄԿ» ՀՕՊ միջոցներ ձեռք բերւէին, սակայն դրանք ձեռք չեն բերւել, իսկ սա հէնց այն միջոցն է, որով կարելի էր նւազագոյնի հասցնել «բայրաքթարային» ակտիւութիւնը, եւ առհասարակ՝ այն հակաօդային պաշտպանութեան ամենաարդիւնաւէտ միջոցներից մէկն է։ Ինչո՞ւ եւ ո՞ւմ յորդորով դրանք ձեռք չեն բերւել։ Բազմիցս նշւել է, որ այս իշխանութիւնն ամերիկեան դեսպանութիւնից պարբերաբար ստանում է յորդորներ, խորհրդատւութիւն, որի կատարման վերաբերեալ զեկուցագրեր են ուղղւում այդ դեսպանութեանը, հաւաստում են, որ այդ յանձնարարականները կատարւած են։ Մենք հիմք ունենք ենթադրելու, որ սպառազինութեան գնման պլանների փոփոխութիւնը կարող է այդպիսի մի յորդորի հետեւանք լինել»,- նշեց Դաւիթ Ջամալեանը։

Ռազմական փորձագէտի կարծիքով՝ թշնամին ժամանակն արդիւնաւէտ է օգտագործում՝ սկսած 2018-ի իշխանափոխութեան օրերից. «Լոնդոնում ծւարած մեր նախկին նախագահ կոչեցեալը երկու տարի առաջ այս օրերին պարգեւատրեց հայկական մի ընկերութեան ղեկավարի, որն արտադրում էր ԱԹՍ-ներ, այդ թւում՝ նաեւ հարւածային, այդ մասին անգամ հեռուստատեսային ռեպորտաժ է եղել։ Ինչո՞ւ այս ընկերութեանն անհրաժեշտ թւով անօդաչու թռչող սարքերի արտադրութիւն չեն պատւիրել։ Չէ՞ որ մենք ունենք ձեռնարկութիւն, որն արտադրում է այն, ինչի կարիքն ունենք, իշխանութիւնն էլ պարգեւատրել է նրանց։ Ինչո՞ւ մեր բանակը չունի համարժէք միջոցներ։ Թշնամին անօդաչուներ ունի, մենք էլ ունենք այն արտադրողին, ինչո՞ւ չենք պատւիրում։ Սա հերքում է շրջանառութեան մէջ դրւած այն լկտի սուտը, թէ իբր մենք փող ունենք, բայց զէնք վաճառող չկայ։ Սրանք խճճւել են իրենց ստերի մէջ»:

«Բնականաբար, հարց է ծագում՝ ինչո՞ւ որերորդ անգամ անօդաչուների դէմ պայքարի միջոցներով չեն զինել բանակը։ Եթէ ասեն՝ գումար չկայ, կարելի է հակադարձել, ասել՝ ընդամէնը մէկ ամիս առաջ մօտ 720 մլն դրամ ուղղւել է պետական պահպանութեան ծառայութեան կարիքներին, այսինքն՝ վարչապետի պահպանութեանը։ Ընդլայնւում է անօգուտ ոստիկանական ստորաբաժանումը՝ պարեկային ծառայութիւնը, այն ծաւալւում է, այսինքն՝ միջոցներ կան։ Միւս կողմից՝ չեն կարող ասել, թէ իբր նախկինները չեն գնել, քանի որ աւելի քան չորս տարի անց այդ թէզն անգամ ամենավերջին մոլորեալը չի ընկալի։ Հիմա գտել են մի նոր մանիպուլեացիա, լկտի սուտ, թէ իբր մեզ զէնք չեն վաճառում։ Եթէ անգամ ոչ ոք չի վաճառում, մենք ունենք տեղական ընկերութիւն, որն ունակ է զէնք արտադրելու, նրան կարելի է պատւիրել, ճիշտ է՝ ՀՕՊ սեգմենտում չէ, բայց մի քանի տեսակի անօդաչուներ է արտադրում»,- ամփոփեց Դաւիթ Ջամալեանը:

 

Դաւիթ Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։