Հա

Քաղաքական

18/09/2022 - 14:00

«Գուցէ խոստովանէք, որ «խաղաղութեան» ձեր դիսկուրսն իրականում պետութեան ինքնասպանութիւնն էր». Լիլիթ Գալստեան

Մեր ՄԵԾ ՅԱՂԹԱՆԱԿԸ՝ ԱՐՑԱԽԸ տանուլ տւած գերագոյն հրամանատարը չի կարող խաղաղութեան բանակցող լինել, ոչ էլ՝ երկրի անվտանգութեան երաշխաւոր։

Բաւական է կառչել բացակայ ժողովրդավարութիւնից, Հայաստանում գոյութիւն չունեցող ժողովրդավարութիւնից։ Ու վերջապէս, եթէ անգամ այն կայ, գրոշ չարժի, եթէ այն իմ պետականութեան կորստի գինն ունեցաւ։

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Հայաստանի անվտանգութիւնն այսօր մէկ նախապայման ունի. ձեր հեռանալը

Խաղաղութեան ճարտարապետներից Ալէն Սիմոնեանն՝ ի պատասխան Պետրոսի այն հարցի, թէ ի՞նչ է ուզում Ադրբեջանը, պատասխանում է. «Նրանք/հաւանաբար Թուրքիային էլ նկատի ունի/ ուզում են, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն...»։

Դժւար թէ այս գիտակցում-գնահատականը վերջին չորս օրերի եզրակացութիւն է. Բա այդ դէպքում ինչո՞ւ էիք խաղաղութիւն մուրում, շարունակ մուրում, խաղաղութեան դարաշրջան կառուցում ու մեր ազգային շահերի հաշւին իջեցնում «նշաձողը»։

Ինչո՞ւ... Եւ շատ աւելի վատ, եթէ այդքան սնանկ են եղել իշխանութեան անվտանգային ընկալումներն ու սպառնալիքների գնահատումը։

Լաւ, եթէ նոյնիսկ նոր էք հասկացել, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են, որ Հայաստանը չլինի, ապա հէնց այս պահին, երբ պաշտօնական տւեալներով «հակառակորդը մխրճւել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնութեամբ ճակատով՝ մինչեւ 7,5 կիլոմետր խորութեամբ», ապա ինչո՞ւ ռազմական դրութիւն չէք յայտարարում։

Աաաա՜, պարզւում է թշնամին կարող է այն ագրեսիայի քայլ դիտարկւել... Մեզ քառատում են, մեր 18 տարեկան, կեանք չտեսած երեխէքին կեանքից զրկում, մենք, աւելի ճիշտ՝ դուք, անհանգստանում էք, որ յանկարծ ագրեսոր չընկալւէք։

Իսկ գուցէ խոստովանէ՞ք, որ այնպէս էք ջլատել երկիրը, քայքայել բանակն ու հասարակութիւնը, որ ո՜չ կարողութիւն ունէք, ոչ էլ՝ ռեսուրս կազմակերպելու երկրի պաշտպանութիւնը։ Գուցէ խոստովանէք, որ «խաղաղութեան» ձեր դիսկուրսն իրականում պետութեան ինքնասպանութիւնն էր...

Ո՞վ բերեց այս քաոսը, ո՞վ է այս անճարակութեան պատասխանատուն, ո՞վ քայքայեց պետական ինստիտուտներն ու պառակտեց հասարակութիւնը...

Նիկոլի հանգոյն, Ալէն Սիմոնեանն էլ է համոզւած, թէ ընդդիմութիւնը ուղղորդւում է դրսից, թէ գործակալների ցանց կայ եւ այլն։ Բա սատանաներ որսալու փոխարէն գուցէ հէնց այդ գործակալներին բացայայտելու առաջադրանք տրւէ՞ր ԱԱԾ-ին, թէ չէ դատարկախօսութիւն է ձեր կառավարման չորրորդ տարում յայտարարել, որ դեռ նախկիններն են մեղաւոր, որ պատերազմը նախկիններից ենք ժառանգել։

Այո, անցեալում շատ սխալներ են եղել, բայց դրանք խմբագրելի էին, դրանք պետութիւն կորցնելու գին չունէին։ Իսկ թշնամու յարձակումներն էլ արժանի պատասխան են ստացել, եւ երբեք, երբեք Հայաստանը չի յայտնւել խաղաղութեան մուրացկանի նւաստ կարգավիճակում, պետականութեան ոչնչացման եւ ցեղասպանւելու եզրին։

Իսկ անցեալի, նախկինների ամենամեծ ժառանգութիւնը մեզ եւ ձեզ՝ Արցախն էր։ Այն Արցախը, որից բացայայտօրէն հրաժարւում էք, յանցաւոր տգիտութեամբ չհասկանալով կամ չուզենալով հասկանալ, որ Արցախ-Հայաստանը մէկ անվտանգային համակարգ էր։ Որ Արցախը տալով հիմա հերթի մէջ Հայաստանն է։

Ակնյայտ է, Արցախից ձեր ձեռքերը լւացել էք՝ պատասխանատւութիւնը գցելով ռուս խաղաղապահների վրայ, այն ռուսների վրայ, որոնց դէմ աներեւակայելի հակաքարոզչութիւն էք գեներացնում։

«Մենք էդ ռեսուրսը չունենք... փոքր, 3 մլն երկիր ենք»,- ասում է ԱԺ խօսնակն ու հակասում իրեն՝ ասելով, որ Ռուսաստանից, Բրիւսէլից կամ Վաշինգտոնից «դաբռօ» չի սպասում։ «Մեր դոբրոն մեր ժողովուրդն է»։

Գուցէեւ ունեցել էք այդ «դաբռոն» չորս տարի առաջ։ Ունեցել էք, մոլորւածներն էլ հաւատացել են. համերաշխութիւն ու սէր էիք խոստանում, Արցախն Հայաստան էիք հռչակում, հաւասարութիւն ու ժողովրդավարութիւն...։ Բայց դուք աղէտ ու պատերազմ, մահ ու քաոս բերեցիք։ Միթէ՞ պարզ չի, որ դուք չէք կարողանում, չէք կարողանում ազգային ու պետական շահ պաշտպանել, դուք սպառել էք դիւանագիտական եւ ռազմավարական բոլոր հնարաւորութիւնները։ Տապալել էք ամէն բան, ինչին մօտեցել էք։ Հայաստանը յայտնւել է աշխարհաքաղաքական զոհասեղանին, ու ձեր սնանկութիւնն այնքան ակնյայտ է, Հայաստանն այնքան մեկուսացած, բացակայ, անպաշտպան...

Երկու օր առաջ եւ անցնող ամիսներին հազարաւորներ մայրաքաղաքի փողոցներում ձեր հրաժարականն էին պահանջում։ Նրանց մէջ նաեւ ձեզ «դաբռօ» տւած խաբւածներ, արթնացած քաղաքացիներ, իրական սպառնալիքները գիտակցողներ։ Ու սա իշխանութեան համար պայքար չէ, սա պետականութիւն պահելու ու չցեղասպանւելու բնական պահանջ է։

Ու չփորձէք մանիպուլացնել, թէ ժողովրդի ընդվզումը սահմանին կանգնած տղէքին մէջքից հարւած է։

Այսօր մեր սահմանը նաեւ հրապարակով ու Բաղրամեանով է անցնում...

Սահմանին կանգնած տղէքին հարւածել էք դուք, հէնց դուք, երբ ժամանակին Սիւնիքից զօրքը յետ քաշւելու հրաման էք տւել, երբ մեր թիկունքում հող ու ճանապարհ էք նւիրել թշնամուն, երբ գիտակցաբար նւաստացրել էք մեր յաղթանակներն ու յաղթողներին, քայքայել էք բանակի մարտունակութիւնն ու ձեր ստահակները սահմանին կանգնելը պատիժ են համարել, իսկ զօրահաւաքը ընդդիմադիրներին պատժելու միջոց։ Երբ ձեր վարձկան թիմակիցները մեր պատմութեան դասագրքերում թուրքի եղբայրական կերպար են քարոզում, իսկ Ադրբեջանում՝ Էրիւանի պահանջատիրութիւն...

Պառակտւած հասարակութիւնը չի կարող սահմանին կանգնած զինւորի համար լաւ թիկունք լինել։

Մեր ՄԵԾ ՅԱՂԹԱՆԱԿԸ՝ ԱՐՑԱԽԸ տանուլ տւած գերագոյն հրամանատարը չի կարող խաղաղութեան բանակցող լինել, ոչ էլ՝ երկրի անվտանգութեան երաշխաւոր։

Բաւական է կառչել բացակայ ժողովրդավարութիւնից, Հայաստանում գոյութիւն չունեցող ժողովրդավարութիւնից։ Ու վերջապէս, եթէ անգամ այն կայ, գրոշ չարժի, եթէ այն իմ պետականութեան կորստի գինն ունեցաւ։

Հայաստանի անվտանգութիւնն այսօր մէկ գին ու նախապայման ունի, դա ձեր հեռանալն է»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։