Հա

Քաղաքական

18/09/2022 - 14:10

«Ապաշրջափակում» տարակուսելի եւ զարհուրելի եզրոյթը

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր, «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր, «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Ստալինը 1920թ. նոյեմբերի 30-ին, այսինքն՝ ճիշտ այն օրերին, երբ Հայաստանի անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը ոչնչացւում էին քեմալական սալի եւ բոլշեւիկեան մուրճի արանքում, «Պրաւդա»-ին տւած հարցազրոյցում, համապարփակ կերպով անդրադարձել է Անդրկովկասի (Հարաւային Կովկաս) աշխարհա-քաղաքական, ռազմավարական նշանակութեանը. «Ռեւոլուցիայի համար Կովկասի կարեւոր նշանակութիւնը ոչ միայն նրանով է որոշւում, որ նա հումքի, վառելիքի եւ պարենի աղբիւր է հանդիսանում, այլեւ իր դիրքով Եւրոպայի ու Ասիայի միջեւ, մասնաւորապէս Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ տնտեսական եւ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ-ների (Բաթում-Բաքու, Բաթում-Թաւրիզ, Բաթում-Թաւրիզ-Էրզրում) առկայութեամբ։

Այս բոլորը հաշւի է առնում Անտանտը, որն այժմ տիրապետելով Կոստանդնուպոլսին, Սեւ ծովի այդ բանալուն, կը ցանկանար պահպանել Անդրկովկասի վրայով դէպի արեւելք տանող ուղիղ ճանապարհը։ Ով վերջի-վերջոյ կը հաստատւի Կովկասում, ով կօգտւի նաւթից եւ դէպի Ասիայի խորքը տանող ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԱԳՈՅՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ. Ռեւոլուցիան թէ Անտանտը,- այս է ամբողջ հարցը։

Ադրբեջանի ազատագրումն զգալի չափով թուլացրեց Անտանտի դիրքը Կովկասում։ Անտանտի դէմ Թիւրքիայի մղած պայքարը նոյն հետեւանքներին հասցրեց։ Այնուամենայնիւ Անտանտը չի վհատում եւ հիւսում է իր ոստայնը Կովկասում» (Գլխագրով ընդգծումները մերն է,- Կ. Խ.)։

Ստալինեան հարցազրոյցի հետքերով, էական զուգահեռներ կարելի է գծել հարիւրամեայ հեռաւորութեան վրայ՝ Կովկասի բնական հարստութիւնների կողոպտման ծրագրերից մինչեւ հաղորդակցական երթուղիներին տիրանալու ռազմավարական մրցակցութիւններ, մինչեւ Թուրքիա-«Ադրբեջան»-ի տեղն ու դերը ռուսական քաղաքականութեան մէջ եւ այլն։ Սակայն մի այլ զուգահեռ կայ չշարադրւած տողամէջերում. թէ այն ժամանակ Ստալինն ու Անտանտն, իրենց նւաճողական իմպերիալ մօտեցումներով, իրաւական ի՞նչ սահմանումներ են տւել՝ ստրատեգիական «ամենակարեւորագոյն» ճանապարհներին, եւ թէ այսօր իրաւական ի՞նչպիսի կարգավիճակ է պատկերացւում՝ հաղորդակցական ուղիների «ապաշրջափակում» եզրոյթի համար։ Միջանցք, դալան կամ կորիդոր հոմանիշները ճանապարհների դէպքում նշանակում են՝ «անարգել» (unimpeded) անցման հասանելիութեամբ եւ առանց սահմանային-մաքսային անցակէտերով (checkpoints) երթուղի, անցք։ Բազմաթիւ աղբիւրներում նշւած այս երկու յատկանիշները իրաւականօրէն առանձնացնում են «միջանցք» հասկացութիւնը՝ «տրանսպորտային ճանապարհ» հասկացութիւնից, որն էլ բնորոշ է ինքնիշխան պետութիւններում առկայ հաղորդակցական ուղիներին։

Իսկ «անարգել»-ը (unimpeded) հաւաստի բառարաններում բացատրւում է՝ «not blocked» եւ «unblocked» բառերով, որոնք նոյնութեամբ համընկնում են՝ «ապաշրջափակւած»-ի իմաստի հետ։ Ահա թէ ո՞րն է չգրւած զուգահեռը։ Թէ ինչո՞ւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան թարգմանութեան մէջ, «ապաշրջափակել» եզրոյթի փոխարէն, չի օգտագործւել՝ «բացել», «վերաբացել», «շահագործել», «վերաշահագործել» կամ այլ տարբերակներ։

Թէ ինչո՞ւ ե՛ւ ոչ մի շահառու պետութիւն, այդ թւում Թուրքիան ու «Ադրբեջան»-ը ցայժմ լուրջ չեն ընդունել եւ չեն ընդունում ՀՀ իշխանութիւնների այն պնդումը, որ «եռակողմ»-ում ոչ մի խօսք չի եղել զանգեզուրեան միջանցքի մասին։

Վախենամ այս տարակուսելի եզրոյթի խաբկանքով, ազգովին կանգնենք եւս մի նոր զարհուրելի իրավիճակին դէմ-յանդիման»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։