Հա

Քաղաքական

20/09/2022 - 13:10

«Վերջը մենք ի՞նչ ենք ուզում եւ ինչի՞ հիման վրայ». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը գրում է.

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը գրում է.

«Փակ սենեակում պէտք է արւի ամենակարեւոր հարցադրումը

Քանի դեռ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, բոլորը գիտեն, թէ ինչ են ուզում, իսկ մենք ՝ոչ, ռազմական պարբերական բախումները՝ մեծաթիւ զոհերով, շատ հաւանական են։ Ու մենք ամէն դէպքից յետոյ զարմացած հարցնելու ենք` ինչո՞ւ այսպէս եղաւ, որտե՞ղ սխալւեցինք, ո՞վ հրահրեց, ո՞վ կանգնեցրեց։

Վերջը մենք ի՞նչ ենք ուզում. նոր ստեղծւած իրականութեան մէջ ո՞րն է մեր պետական միտքը։

Գործող վարչապետը ընդունում է, որ հարցի կարգաւորման իր կոնցեպտը, ըստ էութեան, տապալւել է։ Պետութիւնը չի պատկերացնում իր յետոն։

Ոչ իշխանական համակարգը չունի մշակւած այլընտրանքային կոնցեպտ, որով կը ներկայանայ ժողովրդին եւ միջազգային հանրութեանը։ Գուցէ` ինֆորմացիայի պակասի պատճառով, բայց իրականութիւնը դրանից քիչ է փոխւում։ Իսկ քանի սա չկայ, մնացածը պետական մակարդակով բամբասանք է։

Առանց խորանալու խնդրի մէջ` երկիրը բաժանւել է ճամբարների.

- Թուղթ ստորագրելու կողմնակիցներ եւ որեւէ թուղթ չստորագրելու կողմնակիցներ։ Շարունակութիւն չկայ՝ ի՞նչ թուղթ, ի՞նչ բովանդակութեան։ Ստորագրում ենք՝ ի՞նչը, չենք ստորագրում՝ ի՞նչը։

- Միջանցք տալու կողմնակիցներ, եւ հակամիջանցքայիններ։ Շարունակութիւն չկայ՝ ի՞նչ է միջանցքը, ի՞նչ տարբերակներ կան, իսկ դրանք հաստատ կան, կա՞ն արդեօք փոխզիջումային հետաքրքիր լուծումներ, իսկ այդպիսիք կան։ Վերջապէս, եթէ չենք տալիս միջանցք, ի՞նչ ենք ունենում, եթէ գալիս ենք համաձայնութեան՝ ի՞նչ համաձայնութեան։

- Առանձին շերտ են «ալարմիստները»` թուրքական 100-200 հազարանոց բանակ է կուտակւում, պատրաստւէք պատերազմի։ Շարունակութիւն էլի չկայ։ Եթէ թուրքական 100-200 հազարանոց բանակը յարձակւի, կա՞յ արդեօք դիմադրելու ռազմական պոտենցիալ։ Կարծում եմ` պատասխանը ռացիոնալ մարդու համար պարզ է։ Լաւագոյն դէպքում դառնալու ենք Սիրիա։

Ձեւաւորւել է տոտալ խառնաշփոթ, բովանդակային քաոս։ Սա շատ վտանգաւոր է, որովհետեւ նման դէպքերում հակառակորդն է քեզ համար ընտրում քո բովանդակութիւնը։ Հակառակորդն է ձեւաւորւում նոր իրականութիւն։

Ու այս պայմաններում Հայաստանում չի դառնում դոմինանտ հնարաւոր պատերազմից քաղաքական լուծումներով խուսափելու պետական գաղափարը։ «Քաղաքական լուծումը» բազմաշերտ գաղափար է եւ ամենեւին չի նշանակում միակողմանի յանձնում։ Ամէն ինչի մասին խօսում ենք, աւելի ճիշտ` բամբասում, բացի սրանից։

«Նիկոլը ստորագրեց թուղթը, հօրս արեւ տեսել եմ, իջէք փողոց»՝ մի կողմից, «ոչ մի թուղթ չեմ ստորագրել եւ չեմ ստորագրելու»՝ միւս կողմից։ Բա յետո՞յ։ Ի՞նչ թուղթ է, ինչի՞ մասին, ի՞նչ ձեւակերպումներով, ո՞ւմ միջնորդութեամբ։

Ակնյայտ է, որ ժամանակ քիչ ունենք, եւ անհրաժեշտ են գործելաոճի փոփոխութիւններ։

Ըստ իս, հիմա' է հէնց ժամանակը, որ խորհրդարանական ընդդիմութիւնը գնայ ԱԺ իր օրակարգով։ Բազմաչարչար «սեփական օրակարգի» պահն է։ Պէտք է անցկացնել փակ նիստ, հրաւիրել գործող վարչապետին, արտգործնախարարին, ՊՆ-ին եւ խօսել։ Խօսել հանգիստ եւ առարկայական՝ առանց վիրաւորելով իրար։

Վ. Օսկանեանի հարցադրումը պէտք է ստանայ օրակարգային որակ։ Հարցադրումը յստակ է. Պուտինի ներկայութեամբ, բանաւոր եղանակով, միջանցք եւ այլ բաներ խոստացե՞լ ես։

Գոնէ մէկ դահլիճի սահմաններում սա պէտք է պարզւի։ Սա շատ կարեւոր է նաեւ ՔՊ-ի համար։ Ըստ Օսկանեանի` եթէ չի խոստացել, ապա պէտք է յայտարարւի դրա մասին, եթէ խոստացել է՝ ապա արդէն լրիւ ուրիշ վիճակ է։

Ինչո՞ւ է կարեւոր հիմա' ընդդիմութեան եւ իշխանութեան աշխատանքային կոնտակտը. Սա թոյլ կը տայ` հասկանալ, արդեօ՞ք ռացիոնալ հատիկ կայ վերը նշւած երեք անտագոնիստ մօտեցումների` թուղթ ստորագրել-չստորագրելու, միջանցք տալու-չտալու եւ «ալարմիստների» պատկերացումների միջեւ, հնարաւո՞ր են արդեօք ռացիոնալ որոշումներ, կա՞ն տարբերակներ, որոնք չեն յանգեցնի պատերազմի, բայց եւ չեն բերի ազգային շահերի անվերադարձ կորստի։ Գուցէ կան, գուցէ՝ չկան։ Բայց դա կիմացւի միայն բանակցային ինֆորմացիայի տիրապետման եւ խորքային վերլուծութեան արդիւնքում։ Մնացածը դարձեալ բամբասանք է։

Ու նաեւ ա'յդ իմաստով է շատ կարեւոր, որ ՔՊ-ն եւ ընդդիմութիւնը միասին, նոյն դահլիճում, առանց տեսախցիկների, լսեն պարզաբանումները, որի առանցքում Վ. Օսկանեանի հարցադրումն է։

Դրանից յետոյ պէտք է խօսել ժողովրդի հետ։ Փաստարկւած եւ առարկայական ուղերձները թոյլ կը տան` ժողովրդին հանել փելոսիական էյֆորիայից, միտումնաւոր ուղղորդւող հակառուսական տրամադրութիւններից եւ անտարբեր զոհի կարգավիճակից»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։