Հա

Քաղաքական

20/09/2022 - 14:30

«Փելոսիի երեւանեան այցելութեան հաւանական հետեւանքները». Կարէն Խանլարեան

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամւոր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամւոր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Փելոսիի երեւանեան այցելութեան հաւանական հետեւանքները

Նանսի Փելոսիի վերջին տարիներին ցուցաբերած քաղաքական լեքսիկոնում ու դիրքորոշումներում առկայ են հետեւեալ առանցքային գծերը, որոնք չեն կարոց վճռորոշ նշանակութիւն չունենալ նրա երեւանեան այցի քաղաքական բովանդակութեան մէջ։

- Փելոսին ներկայացնում է ԱՄՆ օրէնսդիրը, որը նոյն պետութեան սահմանադրական հասկացութիւնների հիման վրայ, ոչ միայն տարանջատ իշխանութիւն է, այլեւ յաճախ գտնւում է գործադիր իշխանութեան ՀԱԿԱԿՇՌԻ ֆունկցիոնալ դերում։

- Փելոսին Իրան-ԱՄՆ փոխյարաբերութիւնների եւ առճակատումների համաթեքստում առաւել կշռոյթով հակւած է եղել եւ է նախկին նախագահ՝ Օբամայի «փափուկ» ռազմավարութեանը, եւ ոչ իհարկէ Թրամփի կոշտ կեցւածքներին։

- Փելոսին կանոնաւոր կապի մէջ է եւ է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի հետ, ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, այլեւ «Ադրբեջան»-ին ռազմա-տնտեսական օժանդակութիւնների սահմանափակման բանձեւերի մշակման, արծարծման եւ քւէարկութեան գործում։

Այս լոյսի տակ, ահա ինչպէս կարելի է պատկերացնել Փելոսիի երեւանեան այցի հաւանական հետեւանքները․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ազգային շահերի առումով, Փելոսին ընդգծեց մի կարեւոր սկզբունք, ասելով․ «Ցանկանում ենք ձգտել, որպէսզի բանակցային, խաղաղ եւ տեւական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը»։ Այսպիսով Փելոսին յուշեց իր հայաստանեան գործընկերներին, այն պարզ ճշմարտութիւնը, որ «խաղաղութեան դարաշրջան»-ը չի կարող ուրւագծւել միայն 29,800 քկ-ի համար, եւ որ «տեւական լուծման» գործում՝ Արցախը շարունակում է մնալ գլխաւոր հարցը։

ՀՀ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ հաշւին անտարակոյս բարձրանում է ՀՀ-ԱՄՆ միջպետական փոխյարաբերութիւնների ռազմավարական մակարդակը։ Փելոսիի յայտարարութեան մէջ յստակ շեշտւում է․ «Ինձ համար մեծ պատիւ է, որ ես Ներկայացուցիչների պալատի առաջին խօսնակն եմ, ԱՄՆ ամենաբարձաստիճան պաշտօնեան, որն այցելել է ՀՀ, որտեղ մենք շարունակում ենք մեր երկխօսութիւնը»։ Իսկ Փելոսիի «Ադրբեջանի մահացու հարւածները, յարձակումները» Կոնգրեսի անունից դատապարտանքի խօսքը բխում է ԱՄՆ-ի համար Հայաստանի ռազմավարական նշանակութիւնից։

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ հանդէպ Փելոսիի հովանաւորչական չափաւոր խոսքը, որն էլ, հաշւի առնելով Հայաստանի ներքաղաքական թէժութեան աստիճանը, մասամբ զերծ մնաց «արջի ծառայութեան» բնոյթից, միմիայն կէսբերան հաստատումն էր՝ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան նկատմամբ ԱՄՆ գործադիր իշխանութեան ներկայիս դիրքի։ Փելոսին, որպէս ԱՄՆ գործադրի ՀԱԿԱՀՇԻՌ-ի առաքելութիւնը տարիներ հմտօրէն իրականացնող պետական այր, լաւ է գիտակցում, որ պէտք չէ անզուզպ խօսքեր շռայլել տւեալ հովանաւորչութեան համար։ «․․․ Նաեւ շնորհակալ ենք [նախագահ Բայդէն],- ասել է Փելոսին,- վարչապետ Փաշինեանին այս տարի Ժողովրդավարութեան գագաթնաժողովին հրաւիրելու համար»։ Ընդիմութեան հետ հանդիպման Փելոսիի ժեստն էլ լաւապէս վկայում է նրա նշւած հմտութեան մասին։

ՎՐԱՍՏԱՆԸ Փելոսիի այցելութեան հետքերով, թւում է թէ փոքր-ինչ խախտելու է իր պասիւ բալանսաւորւած քաղաքականութիւնը երկու հարեւան պետութիւնների նկատմամբ, եւ հաւանաբար ակտիւացման պրոցեսում փորձելու է թօթափել Թուրքիայի հակահայ ազդեցութիւնները, ինչն անկասկած կարող է նպաստաւոր լինել Հայաստանի համար։

ԹՈՒՐՔԻԱՅԻ համար բացւելու է հակա-ԱՄՆ հռետորաբանութեան նոր էջ։ Քանզի Փելոսին փաստօրէն կախեց դամոկլեան մի նոր սուր Թուրքիայի գլխին, ասելով․ «Միացեալ Նահանգների Կոնգրեսը առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում եւ 2019 թւականին այն օրէնսդրօրէն ընդունւեց, իսկ անցած տարի պաշտօնականացւեց նախագահ Բայդէնի կողմից։ Մենք երկար ժամանակ Կոնգրեսում այս հարցի շուրջ աշխատում էինք: Մենք այժմ ունենք նախագահ, որն ասել է, որ կստորագրի այդ բանաձեւը, ինչի համար մենք երախտապարտ ենք նախագահ Բայդէնին»։ «Բանաձեւի ստորագրման» մղձաւանջով դեռ երկար է տառապելու նորակոչիկ սուլթանը։

ԻՐԱՆԻ համար Փելոսիի երեււանեան այցելութիւնը բոլորովին նման չէր Բոլտոնի հակաիրանական սպառնալիքներով ու հետեւանքներով լի այցին։ Վերջին տասնամեակների կտրւածքով, Թերեւս հազւադէպ երեւոյթ պէտք է համարել՝ Հայաստանի քաղաքական սահմանների անփոփոխելիութեան մասին Իրանի եւ ԱՄՆ դիրքորոշումների համընկնումը։ Հետեւաբար սպասելի է , որ պաշտօնական Թեհրանը հեռու մնայ Փելոսիի այցի նկատմամբ բացասական մեկնաբանութիւններից, եւ արդիւնքում Իրանը սառնասրտօրէն կը շարունակի իր կարմիր գծերով պայմանաւորւած ռազմաքաղաքական եւ դիւանագիտական գործունէութիւնը։

«ԱԴՐԲԵՋԱՆ»-ի զայրոյթը, եթէ գործի չդրւի Թուրքիայի զսպողական մեխանիզմը, հաւանաբար կը վերածւի հիստերիկ ինքնահարւածի՝ «ինքնագոլ»-ի։ «Ադրբեջան»-ի ԱԳՆ-ի յայտարարութեան մէջ, ի միջի այլոց շեշտւում է հետեւեալ սպառնալիքը․ «Սա լուրջ հարւած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած ջանքերին։ Նման միակողմանի քայլերն ու չհիմնաւորւած յայտարարութիւնները ծառայում են ոչ թէ տարածաշրջանում փխրուն խաղաղութեան ամրապնդմանը, այլ աւելի մեծացնելու լարւածութիւնը»։ Կարծում ենք «մեծ եղբայր»-ն «Ադրբեջան»-ին խելք կսովորեցնի եւ հեռու կը պահի նորանոր արկածախնդրութիւնից, ԱՄՆ-ի հետ վաղեմի, փորձւած «սէր ու ատելութիւն» հռետորաբանական խաղը ամբողջապէս իր վրայ վերցնելով։

ՀՀ դաշնակից՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ոչ մի դէպքում հաշտ աչքով չի նայելու Փելոսիի այցելութեանը։ Փելոսին լինելով Ուկրայինայի ջերմ պաշտպան, այնուամենայնիւ խնայեց երեւանեան հարթակները հակառուսական կոչերով ողողելուց։ Սակայն ՌԴ փոխվարչապետի այցը վկայում է Ռուսաստանի զսպւած զայրոյթի մասին։ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին լրագրողի «անմեղ» հարցադրումը, Ռուսաստանի դիտանկիւնից կ’ընկալւի բեմականացւած սպառնալիք իր ռազմաքաղաքական տիրոյթի դէմ։ ՀՀ իշխանութիւնները ծանօթ են ռուսական քաղաքական այս մենտալիտետին եւ այստեղ իրօք հարց է առաջանում, թէ ինչո՞ւ նրանք հնարաւորութիւն ստեղծեծցին նման բեմականացման համար, եւ թէ Հայաստանն ու հայութիւնը ի՞նչ շահեցին կամ ի՞նչ են շահելու դրանից։ «Ժողովրդավարական չափանիշների յարգում»-ը չափազանց թոյլ հիմնաւորում է պլստալու համար։ «Ադրբեջան»-ի վերում հնչած սպառնալիքներն էլ կարող են համապատասխանել ռուսական սոյն մենտալիտետին։ Վերջապէս Ալիեւն էլ է փայլուն ճանաչում Ռուսաստանը։

 

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ
    Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ

    Աշխարհագրական եւ քաղաքական տարբեր միջավայրերէ Հայաստան-Ազրպէյճան սահմանազատման գործընթացին առնչութեամբ կը հնչեն տարբեր տեսակէտներ: Ռուսիոյ նախագահը ազրպէյճանական վերջին յարձակումին առիթով կը հաստատէր, որ խնդրի լուծման բանալին սահմանազատումն է երկու երկիրներու միջեւ Ռուսիոյ երաշխաւորութեամբ: Ֆրանսայի արձագանգը չէր ուշանար: Նախագահ Մաքրոն կ՛ակնարկէր սահմանազատման գործընթացին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ը ներառելուն մասին: Աւելի առաջ Միացեալ Նահանգները իրենց պատրաստակամութիւնը յայտնած էին սահմանազատման աշխատանքներուն իրենց թեքնիք օժանդակութիւնները բերելու:

  • «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը»․ Սանասարեան
    «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը»․ Սանասարեան

    «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը։ Եւ այդ զաւթողական քաղաքականութիւնը սկսւել է Նիկոլ Փաշինեանի իշխանության գալուց կէս տարի անց»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց կենսաբանական գիտութիւնների թեկնածու Յակոբ Սանասաարեանը։

  • «Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան
    «Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան

    Այս իշխանութիւնը հայրենիքը դարձրել է առուծախի ապրանք եւ իր տեսակով խեղճ է, թոյլ ու պարտւող, սրանք պատրաստ են ամէն ինչ զիջելու՝ ինչ-որ փշուր պահելու համար։ Գիտենք, թէ ինչպէս է դա նոյնկերպ դրսեւորւում տղայական յարաբերութիւններում։ Փաշինեանն իբրեւ տղայ միշտ եղել է ճնշւած, թոյլ, անտեսւած, հոգում կուտակել է չարութիւն ու վրէժ, իսկ դա թոյլերն են կուտակում, հիմա էլ նրան մեծ հնարաւորութիւններ են տրւել, եւ նա դրսեւորում է նոյն վարքը։

  • «Ժնեւում բարդ խօսակցութիւն է սպասւում»․ Տարասով
    «Ժնեւում բարդ խօսակցութիւն է սպասւում»․ Տարասով

    168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ Ժնեւում սպասւող բանակցութիւնները բարդ են լինելու, քանի որ սեպտեմբերեան ռազմական բռնկմամբ խախտւեց այն դիւանագիտական տրամաբանութիւնը, որը հաստատւել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ։

  • Որոշումը բոլորինն է. Պենտագոնը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիեւի դիմումի մասին
    Որոշումը բոլորինն է. Պենտագոնը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիեւի դիմումի մասին

    ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականութեանը, սակայն կարծում է, որ դրա ընդլայնման մասին որոշումը պէտք է կայացնեն դաշինքի բոլոր երկրները, շաբաթ օրը յայտարարել է ԱՄՆ պաշտպանութեան նախարար Լլոյդ Օսթինը` մեկնաբանելով Կիեւի՝ ՆԱՏՕ արագացւած մուտքի դիմումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։