Հա

Քաղաքական

21/09/2022 - 13:25

«Ե՞լք էք ուզում, ես ասում եմ՝ ելքը որն է». Աբրահամ Գասպարեան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարեանի կարծիքով՝ եթէ Հայաստանի իշխանութիւններն ունեն ինֆորմացիա, որ Ադրբեջանը պատրաստւում է նոր յարձակման՝ ընդլայնելով աշխարհագրութիւնը, ինչո՞ւ սահմանը չեն կահաւորել:

«alikonline.ir» - «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարեանի կարծիքով՝ եթէ Հայաստանի իշխանութիւններն ունեն ինֆորմացիա, որ Ադրբեջանը պատրաստւում է նոր յարձակման՝ ընդլայնելով աշխարհագրութիւնը, ինչո՞ւ սահմանը չեն կահաւորել:

«Դու ինչո՞վ ես զբաղւած եղել այս երկու տարւայ ընթացքում: Դու շարունակել ես տուրք տալ, այսպէս կոչւած՝ խաղաղութեան բովանդակազուրկ գաղափարին, որովհետեւ չես հասկացել, որ եւրոպական տարածաշրջան չես: Դու ո՞ւմ հետ ես ինչ անում: Մենք կարիք չունենք հետախուզական ինֆորմացիա ձեռք բերելու համար միլիոնաւոր դոլարներ ծախսել, քանի որ ունենք այնպիսի թշնամի, որը բացայայտօրէն խօսում է իր ծրագրերի մասին: Ինքն ասում է, որ կապ է ունենալու Թուրքիայի հետ: Դու ոչ մի դաշնակից չես թողել կողքիդ, բոլորին հայհոյել ես: Գերագոյն գլխաւոր խեղկատակի գաւառական, գեղցի մտածողութեամբ ուզում է տարածաշրջանային եւ համաշխարհային մի քանի պետութեան ղեկավարի գցել: Սա ուզում է Էրդողանի նման գայլի, Պուտինի նման համաշխարհային տիրակալի, Իրանի ղեկավարի, ԱՄՆ-ի ղեկավարի կամ միւսների խաղաքարտերը խառնել: Եթէ դու այդպիսի խեղկատակութեամբ ես զբաղւում, մենք՝ որպէս պետութիւն, էքզիստենցիալ լուրջ խնդրի առաջ ենք կանգնում»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Աբրահամ Գասպարեանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինեանն էլ գիտի, որ իր գլխից մեծ մեղք է գործել. «Անկախ իմ ունեցած վերաբերմունքից՝ թէ՛ Լեւոն Տէր-Պետրոսեանը, թէ՛ Ռոբերտ Քոչարեանը, թէ՛ Սերժ Սարգսեանը, թէ՛ Արմեն Սարգսեանը մարդիկ են, որոնք լուրջ ներդրում են ունեցել պետութիւն կառուցելու, պետականաշինութեան կամ պետական մեխանիզմը այս կամ այն կերպ աշխատեցնելու առումով: Եթէ այս մարդիկ իրենց կապերով, ինտելեկտով, փորձառութեամբ չկարողացան այդ մեծ խաղաղութիւն կոչեցեալը բերել տարածաշրջան, դու ո՞վ ես, այ թերուս՝ քո գաւառական մտածողութեամբ մարտահրաւէր նետես, ժողովրդին խաբես, որ՝ մենք գնում ենք խաղաղութեան: Մեր բոլոր խնդիրները սկսւում են այստեղից: Ե՞լք էք ուզում, ես ասում եմ՝ ելքը որն է: Մենք մեր ժողովրդի հետ պէտք է անկեղծ խօսենք, բա՛ւ է: Մեր բանակը պէտք է զինւի. բաւ է սրա-նրա վրայ յոյս դնենք: Էլ ժամանակ չունենք: Յարաբերութիւններն արդէն փչացած են բոլորի հետ»:

Աբրահամ Գասպարեանի խօսքով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսին կոդերով յուշեց այնպիսի եզրոյթներ, որոնց ճիշտ կիրառելիութիւնը նւազագոյն կորուստներով այս վիճակից գուցէ կարողանայ դուրս բերել Հայաստանին.

«Ես ամօթից գետինը մտայ, որ նա ասաց՝ դուք մի հատ հասկացէք՝ ինչ էք ուզում, խնդիրը ձեւակերպէք: Միշտ ասել եմ, չէ՞, սրանք խնդիր ձեւակերպել չգիտեն, ճղճղան, բերանները լաչառ-լաչառ բացեն, խօսքեր ասեն, յոխորտան: Խնդիրը ձեւակերպե՞լ էք դուք: Փելոսին յստակ ասաց՝ եթէ ձեր ասածն այն է, որ ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական յարաբերութիւնների իրաւական կողմը պէտք է վերանայէք կամ ՀԱՊԿ-ից դուրս գաք, նախ խնդիրը ձեւակերպէք, որից յետոյ նոր ԱՄՆ-ը կը նայի նպատակայարմարութիւնը՝ արդեօ՞ք ԱՄՆ-ը տարածաշրջանային հարաւկովկասեան երեք պետութիւնների նկատմամբ իր քաղաքականութիւնը, որը մշտապէս եղել է միասնական, կը տարանջատի եւ Հայաստանին կը դիտարկի առանձին, թէ՞ ոչ:

Գլխաւոր մեսիջը դա էր: Իսկ մենք ի՞նչ ենք անում՝ մի քանի մարդկանց հանում ենք փողոց, ասում ենք՝ ՀԱՊԿ-ը սնանկ ու չգիտեմ՝ ինչ կառոյց է, առանց որեւէ այլընտրանք առաջարկելու: Բայց եւ, մեր ռազմավարական դաշնակցի համբաւ ունեցող Ռուսաստանը պարտաւոր է վերանայել ընդհանրապէս դաշնակից յորջորջւած Հայաստանի նկատմամբ իր քաղաքականութիւնը: Իսկ ո՞վ ասաց, որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարած քաղաքականութիւնից: Իրանը ռեակտիւ գործողութիւններ է անում, որովհետեւ Իրանի ռազմավարութեան տապալումն են այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում: Ես չեմ ուզում մեղքը որեւէ մէկի վրայ բարդել, մենք լրջօրէն չենք զբաղւել, օրակարգ չենք առաջարկել, որ մեզ լուրջ ընդունեն: Սա նաեւ Իրանի եւ Ռուսաստանի տապալումն է»:

Նա նկատեց՝ եթէ Իրանը ռազմավարական ձախողում է թոյլ տւել, եթէ ՌԴ-ն կամաց-կամաց կորցնում է հայութեան համակրանքն ու գուցէ Հայաստան պետութեան կողմնորոշումը՝ իր ոչ ճիշտ աշխարհաքաղաքական խաղադրոյքների պատճառով, ապա Հայաստանի իշխանութիւններն ամէն ինչ են կորցրել.

«Այս իշխանութիւնները պէտք է վայրկեան առաջ փոշիանան, չմնան իշխանութեան: Պետութիւն ղեկավարելն ամէն մարդու բան չէ: Ոչ երնէկ այն մարդուն, որը պէտք է ձեւաւորի իշխանութիւն՝ յետպատերազմեան այս շրջանում, որովհետեւ իրեն սպասւում է նւազագոյնը հնգամեայ չդադարող աշխատանք: Որեւէ մէկին չթւայ, թէ իշխանափոխութիւն եթէ կատարւեց, ամէն ինչ լաւ է լինելու. Ոչ, շատ աւելի վատ է լինելու, որովհետեւ մենք այս մինուսից պէտք է փորձենք գոնէ զրոյական կէտը ստանալ, որպէսզի մեր երեխաները նորագոյն լուծումներով առաջ գնան:

Մենք պէտք է նախ մկաններ հաւաքենք: Մենք մեր զինւորի հետ խնդիր չունենք ու երբեք չենք ունեցել, սրանց քարոզչական թէզերը՝ անընդհատ բանակից բողոքել եւ այլն, մէկ նպատակ են հետապնդում՝ հայի ռազմի գէնը հարւածի տակ դնել, վախեր առաջացնել, որպէսզի մարդիկ ասեն՝ մենք յանձնւում ենք: Յանձնւել չկայ, ի՞նչ յանձնւել: Պէտք է անպայման Երեւանը ռմբակոծեն, որ դուք հասկանա՞ք: Ղարաբաղից հրաժարւեցիք, Սիւնիքից հրաժարւում էք, է յետո՞յ: Պէտք է գան անպայման ձեր կանանց ու քոյրերի հետ Սեւանում լողա՞ն, որ դուք հասկանաք, թէ՞ մէկընդմիշտ կուրացել էք, անվտանգային պուլսացիան թմրել է»:

Աբրահամ Գասպարեանը հասկանում է՝ մարդիկ առաջնորդի կարիք ունեն. «Պէտք է լինի առաջնորդ, բայց նա ոչ թէ պէտք է գնայ արկածախնդրութեան, ժամանակաւոր ինչ-որ խնդիր լուծելու, այլ պէտք է պրոցես գեներացնի: Երբ գեներացնում ես գործընթաց, այդ գործընթացում ներգրաււած մարդկանց անվտանգութեան պատասխանատւութիւնը նաեւ պէտք է կարողանաս ստանձնել: Ո՞վ է այդ մարդը, թող յայտնւի՝ ես կանգնեմ իր կողքին»:

Դիտարկմանը՝ մինչեւ այս պահը նման մարդ չի երեւում, նա արձագանգեց. «Ունի՞ այս պետութիւնը քաղաքական պատասխանատւութիւն ի վերջոյ: Հանդիպում են 3+2+2 տարբերակով, թող հանդիպեն, թող որոշեն: Ես այս պետութիւնը ժառանգութիւն եմ ստացել, ունեցել եմ 4 նախագահ, դարձեալ կրկնում եմ՝ բոլորի նկատմամբ իմ ունեցած վերապահումները մի կողմ թողած, այսօր իմ ազգին պատուհասած վտանգը չէզոքացնելու սիրոյն թէ իմ ամբողջ ամբիցիաները մի կողմ եմ թողել եւ պատրաստ եմ կանգնել այն պատասխանատու մարդու կողքին, որը կասի՝ ես գալիս եմ: Մեր ժողովուրդը պէտք է ամբողջը հասկանայ: Պետութիւն ղեկավարելը լուրջ թիմային պատասխանատւութիւն է»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։