Հա

Քաղաքական

21/09/2022 - 14:00

««Միջանցքի» մասին խօսակցութիւններն արդէն ժամակավրէպ են. Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանը երկու մասի բաժանել». Վարդան Ոսկանեան

«Միջանցքի» մասին խօսակցութիւններն արդէն ժամակավրէպ են, բայց բացասական իմաստով, հիմա, ըստ էութեան, Ադրբեջանի եւ Թուրքիայի խնդիրը ոչ թէ միջանցքն է, այլ՝ Հայաստանը երկու մասի բաժանելը։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«alikonline.ir» - «Միջանցքի» մասին խօսակցութիւններն արդէն ժամակավրէպ են, բայց բացասական իմաստով, հիմա, ըստ էութեան, Ադրբեջանի եւ Թուրքիայի խնդիրը ոչ թէ միջանցքն է, այլ՝ Հայաստանը երկու մասի բաժանելը։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

Նրա խօսքով՝ այդ միջանցք կոչւածը լուծելու է մէկ խնդիր ՝Հայաստանը երկու մասի բաժանելու թշնամական ծրագրի ի կատար ածումը, որի հետեւանքով Վայոց Ձորը եւ Սիւնիքը պէտք է տարանջատւեն Հայաստանից եւ հետագայում կլանւեն Ադրբեջանի կողմից:

Վարդան Ոսկանեանը միեւնոյն ժամանակ շեշտում է՝ թուրքադրբեջանական տանդեմի այս ծրագրին կողմ չեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը եւ ո՛չ էլ ԱՄՆ-ն, հետեւաբար Հայաստանն այստեղ գործելու դաշտ ունի.

«Հայաստանը պէտք է դառնայ արժանապատիւ սուբիեկտ միջազգային յարաբերութիւններում եւ, բնականաբար, պէտք է ձգտի ունենալ շատ բարեկամներ եւ դաշնակիցներ: Կարծում եմ, երեք երկրներն էլ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Իրանը, այս տրամաբանութիւնը կարող են ընկալել, այլ խնդիր է, որ Հայաստանի ներսում եւս մեր ընկալումները պէտք է փոխենք եւ առանց տարերային մօտեցումների շարադրենք մեր պետութեան շահը եւ շարժւենք այդ ուղղութեամ: Այս գործողութիւնները պէտք է իրականացնենք մեր գործընկերների եւ դաշնակիցների համար եւ նրանց հետ ազնիւ համագործակցենք»,- ասաց Ոսկանեանը:

Տարածաշրջանային այս լարւած իրավիճակում առաջին անգամ Հայաստան էր այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսին:

Ըստ Վարդան Ոսկանեանի՝ Նենսի Փելոսիի այցը շատ կարեւոր էր, եթէ Հայաստանն այդ այցից կարողանայ օգուտներ քաղել:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը կարող է հանդէս գալ որպէս հարթակ՝ գերտէրութիւնների միջեւ որոշակի հաղորդակցութիւն ապահովելու նպատակով.

«Հասկանալի է, որ երեք կողմերը միջնորդաւորւած, երբեմն առանձնակի, խօսում են միմեանց հետ, եւ Հայաստանը կարող է դառնալ լաւագոյն հարթակը՝ այդ երկխօսութիւնն ապահովելու համար, այն կը բարձրացնի Հայաստանի սուբիեկտայնութիւնը միջազգային ասպարէզում, միւս կարեւոր փաստը՝ Հայաստանը պէտք է ունենայ առանձնաշնորհեալ կարգավիճակ՝ Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում, այսինքն այն, ինչ չի թոյլատրւում անել աշխարհի մնացեալ երկրներին, պէտք է թոյլատրւի Հայաստանին ՝մեղմացնելու Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետեւանքները, ինչը կը բարձրացնի ՀՀ սուբիեկտայնութիւնը, այս շրջանակներում աշխատելը ձեռնտու կարող է լինել երեք կողմերին էլ՝ Հայաստանին էլ Իրանին էլ Ռուսաստանին էլ, բայց սրանից ստացւող բոլոր օգուտները պէտք է ուղղւած լինեն մէկ նպատակին՝ Հայաստանի՝ սեփական ուժերով, բայց դաշնակիցների օգնութեամբ, անվտանգութեան ապահովմանը, Հայաստանը չպէտք է հանդէս գայ որբի կարգավիճակում, որին պէտք են որդեգիրրներ»,- ասաց նա:

Ակնյայտ է, որ Փելոսին իր այցով փորձում էր բարձրացնել ԱՄՆ-ի դերակատարումը՝ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում:

Իսկ թէ արդեօ՞ք Իրանը եւ Ռուսաստանը պատրաստ են զիջել իրենց դիրքերը մէկ այլ երկրի՝ Վարդան Ոսկանեանն ասաց՝ թէ՛ Ռուսաստանը, թէ՛ Իրանը մեր տարածաշրջանում ունեն կենսական շահեր մեր տարածաշրջանում, նրանց համար հարաւկովկասեան տարաշրջանը կարեւոր տարածաշրջան է, ուստի որեւէ պարագայում թէ՛ Ռուսաստանը, թէ՛ Իրանը չեն պատրաստւում իրենց դիրքերն զիջել որեւէ այլ պետութեան:

Ինչ վերաբերւում է Փելոսիի՝ Գրիգոր Խանջեանի «Վարդանանց» կտաւի դիմաց ելոյթ ունենալուն եւ հայ-պարսկական պատերազմի մասին յիշեցնելուն:

Վարդան Ոսկանեանը կարծում է, որ այս ամէնը միջազգային սկանդալի պատճառ չի դառնայ, եթէ հայկական կողմը ճիշտ աշխատանք տանի.

«Ակնյայտ է, որ երրորդ երկրի պաշտօնեան Հայաստանի տարածքից սիմւոլիզմի լեզւով ուղերձ յղեց Իրանին, Իրանն էլ այս ուղերձը շատ լաւ հասկացել եւ արձանագրել է։ Կարծում եմ, որ Հայաստանը այն հարթակը չէ, որտեղից պէտք է ուղերձ յղւի մեր անվտանգային կարեւորագոյն բաղադրիչն ապահովող Իրանին, չպէտք է որեւէ պարագայում թոյլ տրւի, որ մեր երկրի տարածքն օգտագործւի ուղերձ յղելու համար: ԱՄՆ-ն գերտէրութիւն է, Իրանը տարածաշրջանային գերտէրութիւն է, Հայաստանի համար պատշաճ կը լինի, որպէսզի դառնայ այն հարթակը, որտեղ համընկնում են տարբեր գերտէրութիւններրի շահերը, այլ ոչ թէ վերածւի տարբեր գերտէրութիւնների բախման կէտի, որը լուրջ վտանգներ կարող է պարունակել մեզ համար»,- ասաց Վարդան Ոսկանեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։