Հա

Քաղաքական

22/09/2022 - 12:00

Իրանի փորձագիտական շրջանակները քննարկում են Նախիջեւանի վրայով Հայաստանի հետ աւելի դիւրին եւ կարճ կապի հնարաւորութեան մասին

Իրանի Իսլամական Հանրապետութեան ղեկավարութիւնը՝ ի դէմս երկրի նախագահի, զգուշացրել է, որ իրենց համար անընդունելի է տարածաշրջանի, մասնաւորապէս՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ճանաչւած սահմանների ցանկացած փոփոխութիւն, դա Թեհրանի կարմիր գիծն է:

Աւելին, ըստ տեղեկութիւնների, սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կը քննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարւածութեան հարցը:

Ի՞նչ սպասել, այս եւ այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի կայքէջի (Alikonline-ի) պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութեան ղեկավարութիւնը՝ ի դէմս երկրի նախագահի, զգուշացրել է, որ իրենց համար անընդունելի է տարածաշրջանի, մասնաւորապէս՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ճանաչւած սահմանների ցանկացած փոփոխութիւն, դա Թեհրանի կարմիր գիծն է:

Աւելին, ըստ տեղեկութիւնների, սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կը քննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարւածութեան հարցը:

Ի՞նչ սպասել, այս եւ այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի կայքէջի (Alikonline-ի) պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

- Վերջին իրադարձութիւններից յետոյ Թուրքիայի եւ յատկապէս՝ Ադրբեջանի հասցէին օգտագործւող բառապաշարը կտրուկ խստացել է։ Պաշտօնական Թեհրանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ, այն է՝ Իրանը դէմ է եւ թոյլ չի տալու տարածաշրջանում սահմանների որեւէ փոփոխութիւն։ ԱԳՆ պաշտօնական յայտարարութիւնները, ինչպէս նաեւ պաշտօնատար այլ անձանց յայտարարութիւնները տեղաւորւում են հէնց այդ սահմանում։ Սոցցանցերում եւ լրատւական-փորձագիտական շրջանակներում, սակայն, վիճակն այլ է։ Խօսւում է կտրուկ, ես կասէի՝ կոշտ արձագանգի անհրաժեշտութեան մասին։ Յստակ նշւում է, որ ադրբեջանաթուրքական դաշինքի գործողութիւնները ոչ միայն ուղղւած են Հայաստանի, այլ նաեւ՝ Իրանի դէմ, ինչն էլ պահանջում է Իրանի համարժէք եւ համաչափ արձագանգը։

Իսկ ինչ վերաբերում է Իսլ. խորհրդարանի նիստին, կարելի է ենթադրել, որ լուրջ քննարկում է ծաւալւելու։ Այդ մասին է վկայում նախօրէին խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադէի յայտարարութիւնն առ այն, որ Իրանը պատմական մղձաւանջի կը վերածի տարածաշրջանի սահմանները փոխելու մասին մտածողների երազանքը։

Այդուհանդերձ, պէտք է նշեմ, որ չպէտք է Իրանի խորհրդարանի կողմից չափազանց կոշտ յայտարարութեան կամ էլ գործնական ինչ-որ որոշման ակնկալիք ունենալ, քանի որ նման որոշումները կայացւում են բոլորովին այլ ատեաններում եւ մակարդակում։

 

- Իրանում ինչ թեմաներ են գեներացւում, որոնք դեռ հայաստանեան շրջանակներում չեն քննարկւում:

- Վերջին իրադարձութիւնների ֆոնին ամենահետաքրքիր թեման, որին հանդիպել եմ, դա Նախիջեւանի թեման է։ Փորձագիտական որոշակի շրջանակներ խօսում են Իրանի կողմից Նախիջեւանը գրաւելու անհրաժեշտութեան մասին։ Ըստ նրանց՝ եթէ Իրանը գրաւի Նախիջեւանը, ապա դա վերջնականապէս կը թաղի տարածաշրջանում պանթուրքիստական նկրտումներն ու վերջ կը դնի ադրբեջանաթուրքական ծաւալապաշտական ծրագրերին։

 

- Մօտ մէկ տարի առաջ մեզ հետ զրոյցում ասացիք, որ Սիւնիքի հարցով Իրանն իրադարձութիւններին կը ներգրաււի այնքան, որքան դա կը պահանջի եւ կը ցանկանայ Հայաստանը: Նման պահանջ եղե՞լ է ՀՀ-ի կողմից, ի՞նչ էք կարծում:

- Դեռեւս նոյն կարծիքին եմ։ Սակայն, պէտք է նշեմ, որ վերջին պատերազմով պայմանաւորւած, որոշակի բաներ փոխւել են։ Անկասկած, եթէ ադրբեջանաթուրքական դաշինքը փորձի վերսկսել Հայաստանի դէմ ռազմական գործողութիւնները եւ ցանկացած գնով առաջ տանի, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցքի» կեանքի կոչման իր ծրագիրը, ապա Իրանն իր անվտանգային եւ աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ կարող է կտրուկ քայլեր ձեռնարկել։

 

- Մէկ այլ առիթով Դուք նաեւ նշել էիք, որ իրանական փորձագիտական շրջանակները փորձում են գեներացնել տեսակէտը՝ եթէ պիտի Մեղրիի միջանցք տրւի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու համար, այդ դէպքում պէտք է համարժէք եւ համաչափ մի միջանցք էլ տրւի Նախիջեւանի տարածքով, որպէսզի Իրանը կարողանայ կապ ունենալ ՀՀ-ի հետ, ինչո՞ւ չէ՝ ՀՀ-ի վրայով դէպի հիւսիս, որը յարաբերականօրէն «խաղաղութեան միջանցք» են անւանել: Այս առումով ի՞նչ է փոխւել:

- Արդէն առիթ ունեցայ նշելու, որ իրանական փորձագիտական շրջանակներում խօսւում է Իրանի կողմից Նախիջեւանը գրաւելու եւ տարածաշրջանում պանթուրքիստական նկրտումներին վերջ տալու անհրաժեշտութեան մասին։ Հէնց այս գաղափարի շրջանակում քննարկւում է նաեւ Նախիջեւանի վրայով Հայաստանի հետ աւելի դիւրին եւ կարճ կապի հնարաւորութեան մասին։

 

- Իրանը պատրա՞ստ է դառնալ ՀՀ-ի դաշնակիցը, ունենալ ռազմական աւելի խորը համագործակցութիւն, ՀՀ-ում ժամանակ առ ժամանակ այս թեման ակտիւանում է:

- Գիտէք, դա չափազանց բարդ եւ բազմաշերտ թեմա է։ Աշխարհում հնարաւոր չէ գտնել որեւէ երկու երկրի, որոնք հէնց այնպէս, մի գիշերում, մի ամսում կամ էլ մի տարում դառնում են դաշնակից գործընկերներ եւ կտրուկ խորացնում են ռազմական ոլորտում համագործակցութիւնը։ Այնպէս որ, այս պահին խօսել Հայաստանի եւ Իրանի միջեւ նման դաշնակցային յարաբերութիւնների ձեւաւորման հնարաւորութեան մասին, իրատեսական չէ։ Դա իմ կարծիքն է։

 

- Իսկ Իրան-Ադրբեջան յարաբերութիւններն այսօր ի՞նչ մակարդակի են, ի՞նչ չերեւացող կամ տողատակային խնդիրներ կան այդտեղ:

- Կողմերը փորձում են նորմալ յարաբերութիւններ պահպանել։ Սակայն ակնյայտ է մի բան. երկու երկրներն էլ միմեանց դիտարկում են՝ որպէս սպառնալիք։ Դա փաստ է, որը հերքել չի կարելի։ Բաւական է յիշեցնել, թէ ոչ պաշտօնական մակարդակով կողմերն ինչպիսի հակաքարոզչութեամբ են զբաղւում միմեանց դէմ։

 

- Մօտ մէկ տարի առաջ Իրանը եւ Չինաստանը 25 տարւայ համագործակցութեան պայմանագիր կնքեցին, որը լուրջ փաստաթուղթ է թէ՛ ռազմաքաղաքական, թէ՛ տնտեսական առումով, եւ, ըստ մասնագէտների՝ կարող է մեծ փոփոխութիւններ մտցնել Մերձաւոր Արեւելքի, մասնաւորապէս, Պարսից ծոցի ռազմաքաղաքական եւ տնտեսական հաշւարկներում եւ իրադարձութիւններում: Այս առումո՞վ ինչ ունենք:

- Գործընթացը շարունակւում է։ Գիտէք, այդ մասին քիչ է խօսւում եւ գաղտնիութիւնը մեծ է։ Սակայն ակնյայտ է, որ երկու կողմերն էլ փորձում են հնարաւորինս արագացնել գործընթացը։ Դա բխում է երկու երկրների անմիջական շահերից՝ հաշւի առնելով, մասնաւորապէս, Արեւմուտքի հետ նրանց լարւած յարաբերութիւնները։ ՇՀԿ-ին Իրանի անդամակցումը պէտք է դիտարկել հէնց այդ գործընթացի շրջանակում։ Այսքանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։