Հա

Քաղաքական

28/09/2022 - 12:10

«Արցախի թեման ընդհանրապէս բացակայում է բանակցային գործընթացներում». Ռոբերտ Քոչարեան

Իմ տպաւորութեամբ Արցախի թեման ընդհանրապէս բացակայում է բանակցային գործընթացներում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

«alikonline.ir» - Իմ տպաւորութեամբ Արցախի թեման ընդհանրապէս բացակայում է բանակցային գործընթացներում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Գրում է Yerkir.am-ը:

«Ցաւօք, բայց իմ բոլոր մտահոգութիւնները, որոնք ես հնչեցրել էի հէնց այս դահլիճում մեր նախորդ հանդիպման ժամանակ, կարծես՝ իրականութիւն են դառնում։ Այդ ուղղութեամբ վիճակը շտկելու որեւէ քայլեր իշխանութեան կողմից ուղղակի չի արւում։

Իմ տպաւորութեամբ Արցախի թեման ընդհանրապէս բացակայում է բանակցային գործընթացներում եւ ոչ միայն Բրիւսէլում. խօսքը Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման մասին է։

Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Արցախի շուրջ էր։ Ես լաւ չեմ պատկերացնում, թէ ինչպէս է կարելի այս յարաբերութիւնները կարգաւորել առանց որոշակիութեան եւ միասնական պատկերացման՝ Ղարաբաղի խնդրի կարգաւորման հետ կապւած։ Հետեւաբար, եթէ այստեղ առաջընթաց կայ, ապա կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղի հարցում կայ համաձայնութիւն կամ լռութեամբ կամ ոչ լռութեամբ»,-ասաց Քոչարեանը: Նրա խօսքով, այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետութիւն, ինքնորոշում, սուվերենութիւն Հայաստանի պաշտօնեաների բառապաշարից ուղղակի իսպառ կորել են, վկայում է այն մասին, որ այստեղ մենք ունենք լրջագոյն պրոբլեմ. «Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղի հարցը կարգաւորւած է, մենք ձեր հետ Ղարաբաղի մասին խօսելու ոչինչ չունենք։ Ինչքան գիտեմ, Հայաստանը չի պայքարում այդ մօտեցման դէմ։ Փաստօրէն, եթէ այսպէս շարունակւի, ապագայ բանակցային գործընթացը լինելու է հետեւեալ ֆորմատով՝ Բաքու, Ստեփանակերտ եւ ինչ-որ չափով Մոսկւա. ինչ հետեւանքներ կունենայ այս ֆորմատը, ես կառաջարկեմ, որ մեր փորձագէտները եւ լրագրողները գնահատեն։

Իշխանութիւնը ինչ-որ տեղ յարմարւել է այս վիճակի հետ, իհարկէ իրենց յայտարարութիւններում խօսում են ինքնորոշման, սուվերենութեան, հանրապետութեան մասին, բայց այլ խօսակցութիւններում թեման մի քիչ ուրիշ է. ինքնաարդարացման ճանապարհը հետեւեալն է՝ հիմա ինչ անենք, Հայաստանը ձեռքերը լւացել է, մի ելք պիտի գտնենք՝ ժողովրդին այստեղ պահելու համար, եւ դա հնարաւոր չէ անել առանց Ադրբեջանի հետ համագործակցութեան։

Վերջերս նաեւ Ղարաբաղի իշխանութիւնը նաեւ դա անում է բաւական մեծ ջանասիրութեամբ։ Կախւածութիւնը Բաքւից այս ընթացքում միայն մեծացել է»,-ասաց նա:

Քոչարեանի խօսքով, այն փաստը, որ նոր ճանապարհի հետ չի կառուցւել գազամուղ, էլեկտրական սիւները չեն տեղափոխւել եւ կապի մալուխը մնացել է հին ճանապարհի վրայ, այնպիսի մի կախւածութիւն է ստեղծում, որ ուղղակի Ադրբեջանն ուզած ժամին, երբ ցանկանայ, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար։

«Եւ Ղարաբաղի իշխանութեան համար սա լինելու է եւս մի բացատրութիւն, թէ ինչ է պէտք համագործակցել Ադրբեջանի հետ։

Ամենամեծ վտանգը Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է։ Ես կարծում եմ՝ փորձելու են գնալ նաեւ դրան, թէ տեխնիկապէս ինչ ճանապարհ են ընտրելու, դժւարանում եմ հիմա ասել։ Իմ տպաւորութեամբ յաջորդ քայլը լինելու է այս ուղղութեամբ, եւ սրա դէմ պէտք է առաջի հերթին պայքարեն ղարաբաղցիները, Ղարաբաղի իշխանութիւնը՝ Հայաստանի աջակցութեամբ։

Բոլոր հարցումներով մեր ժողովրդի 95 տոկոսը չի պատկերացնում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, բայց դեռ չի պայքարում դրա դէմ. կամ այդ հարցումների ժամանակ անկեղծ չեն իրենց պատասխաններում կամ դեռ շարունակում են հաւատալ իշխանութիւնների հաւաստիացումներին»,- ընդգծեց երկրորդ նախագահը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։