Հա

Քաղաքական

29/09/2022 - 18:00

«Նոր աշխարհի «թոյլտւութիւնները» եւ մեր անելիքը». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«1. Այսօրւայ աշխարհում «թոյլատրւած է» խոշոր քաղաքների ռմբակոծումը։ Կիեւը, Խարկովը՝ ձեզ օրինակ։ Հետեւաբար, հայաստանեան որեւէ քաղաք ապահովագրւած չէ։ Ի դէպ, Խարկովի բնակչութիւնը Երեւանից մեծ է՝ 1.4 մլն։

2. «Թոյլատրւած» է առանց աւելորդ սենտիմենտի հանել զօրքերը եւ հարիւր հազարաւոր մարդկանց դատապարտել դժոխքի։ Օրինակ՝ ԱՄՆ-ի արածը Աֆղանստանում։ Հետեւաբար՝ նոյնը կարող են անել ռուսները Արցախից, եթէ մեր երկրի հետ յարաբերութիւնները սկսեն գնալ այլ հունով։ Հայաստանում հակառուսական տրամադրութիւններ գեներացնողները սա շատ լաւ հասկանում են եւ գուցէ ոմանք հասկանալով էլ հէնց կառուցում են իրենց քայլերը։ Հանրութեան նորանոր շերտեր ընկնում են նրանց ազդեցութեան տակ, որովհետեւ մարդկանց հետ հակառակ բացատրական աշխատանքը ոչ ոք չի տանում։

3. «Թոյլատրւած է» պետութիւնները փլուզել՝ մեծ աւերածութիւններով՝ Սիրիա, Ուկրայինա եւ այլն։

4. «Թոյլատրւած է» իրական աջակցութեան փոխարէն, իրական աղէտը կանգնեցնելու փոխարէն՝ անել գեղեցիկ դատապարտող յայտարարութիւններ, ֆէյսբուքեան գրառումներ, կոչեր եւ այլն՝ զրոյական կիրառական արժէքով։ Մենք կարող ենք ստանալ աշխարհի լիդերների կոչերը, աջակցութեան յուզախառն գրառումները, «մենք բոլորս հայ ենք» ֆլեշմոբերը, բայց յընթացս շատ հանգիստ կորցնել մեր հայրենիքը։

5. «Թոյլատրւած» է զօրքերը յետ քաշելու՝ աշխարհի լիդերների կոչերը բանի տեղ չդնել եւ այդ ընթացքում ինժեներական ամրացման աշխատանքներ տանել ուրիշի հողում։ Այն, ինչ անում է Ադրբեջանը այսօր։

6. «Թոյլատրւած է» պետութիւն չունեցող եւ պետական մտածողութիւն չունեցող ժողուվուրդներին օգտագործել, կուտ տալ, յուսադրել եւ վերջում գցել. օրինակ` Սինջարի եզդիներին թողնել անպաշտպան թուրքական F-16-ների ռմբակոծութիւնների տակ, կամ` քրդերին։ Հիմա հերթի մէջ, կարծես թէ, հայերս ենք։

7. «Թոյլատրւած է» անվերջ խօսել սեփական օրակարգից, բայց այդպէս էլ չգիտակցել, թէ դա ինչ է։ Փաշինեանի` ՄԱԿ-ի ելոյթից եւ Մակրոնի հետ հանդիպումներից, ԱԽՔ-ի ամերիկեան հանդիպումներից յետոյ, խորհրդարանական ընդդիմութիւնը պէտք է հանրութեան առաջ տագնապ հնչեցնէր եւ բառիս բուն իմաստով շիկացնէր խորհրդարանը։ Պահանջէր փակ նիստեր, տեղեկատւութիւն, բացատրութիւններ, եւ նաեւ այդպէս արթնացներ հանրութեանը։ Մի քանի հոգով որոշել են փոխել երկրի արտաքին կուրսը, անվտանգային համակարգը, դեմարշներ են անում դաշնակցի հանդէպ, հրապարակայնացնում են թեմաներ, որոնք բացառապէս իշխանութիւնների փակ աշխատանքի դաշտում են։ Սա երկրի ճակատագրի վրայ, պետութեան ապագայի վրայ, այստեղ ապրող միլիոնաւոր խաղաղ բնակչութեան վրայ խաղադրոյք կատարել է նշանակում, իսկ խորհրդարանական ընդդիմութիւնը, որպէս ինստիտուտ, չի անում երկու կարեւոր քայլ՝ ա) չի բացատրում լայն հանրութեանը՝ թէ ինչ է կատարւում եւ դրա վտանգները, բ) չի օգտագործում իր խորհրդարանական լծակները` գործող վարչապետին միանձնեայ կառավարման կոմֆորտից հանելու համար։

8. «Թոյլատրւած է» քաղաքական եւ մարդկային անմեղսունակութիւնը։ Բարձր պաշտօնեաներին եւ այլոց կարելի է ամէն անմիտ բան ասել ու անել եւ երկիրը տանել արկածախնդրութեան, աղէտի։

9. «Թոյլատրւած է» դժւար պահին լքել քեզ ճակատագրով վստահւածը, մտածել բացառապէս սեփական անձի եւ ընտանիքի մասին՝ ժողովրդին թողնելով աղէտի առաջ։ Օրինակ՝ ՀՀ 4-րդ նախագահը, որը, վտանգ զգալով, ծածուկ թռաւ Լոնդոն եւ միայն այնտեղից յայտարարեց՝ ժողովո՛ւրդ, էլ ձեր նախագահը չեմ, վրաս յոյս չդնէք։ Ու դրանից յետոյ էլ շարունակում է հայ ժողովրդին յորդորներ եւ կոչեր անել։ Ինչո՞ւ եմ սա յիշեցնում. որովհետեւ, հէնց իրավիճակը դառնայ օրհասական, բազմաթիւ ունեւորներ, պաշտօնեաներ, կոկորդ պատռող «հայրենասէրներ», կոնֆորմիստներ լքելու են Հայաստանը եւ հեռւից հետեւելու հայրենիքի աղէտին։

10. «Թոյլատրւած է» շատ հեշտ սկսել պատերազմ։ Օրինակները բազմաթիւ են։ Ու «թոյլատրւած է» չհասկանալ, որ հարցի լուծումը ոչ թէ Հայաստանը Սիրիայի վերածելն է, ոչ թէ նոր ցեղասպանութեան թատերաբեմ սարքելը, այլ՝ ռազմաքաղաքական լուծումներով պատերազմը կանխելը, նախկին պատերազմից յետոյ գրագէտ կազմակերպմամբ վերականգնւելը։ 

Լաւ փոփոխութիւնների շարքից. Հայաստանում սկսւում է իւրօրինակ մի յեղափոխութիւն, կարծես թէ սկսում է կարեւորւել խելօք խօսքը, եւ ֆէսյբուքեան հորդաները սկսում են նահանջել։ Թուրքի՝ Ջերմուկի մատոյցներում յայտնւելն այնուհանդերձ թողել է շոկային ազդեցութիւն։

Թւարկածս՝ այսօրւայ աշխարհի «թոյլտւութիւնները» մտահոգութեան եւ սթափութեան կոնսոլիդացիայի առանցքն են, եւ սա մատչելի լեզւով պէտք է կարողանանք արագ բացատրել հայ հասարակութեանը։ Այս առանցքում կարող է շատ արագ սկսւել միջընտրազանգւածային երկխօսութիւնը։ Մեզ լուծումներ են պէտք։ Ժամանակը քիչ է»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։