1992-ի խորհուրդը պէտք է մտցնել ամէն հայի սիրտ, հայութիւնը պէտք է ապրի 1992-ի խորհրդով, 1992-ի ռիթմով. յիշելով, հաւատալով, չկոտրւելով, յամառելով, պոռթկալով պիտի շրջե՛լ այս Մեծ կործանման ընթացքը…
«alikonline.ir» - Վահէ Սարգսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Ռ. Քոչարեանն այսօր (սեպտեմբերի 28-ին, Խմբ.) յիշեցրեց 1992թ. մասին: Համազգային յուսալքւածութեան եւ մղձաւանջի այս օրերին չափազանց կարեւոր է հասարակութեանը, յատկապէս երիտասարդութեանը «կերակրել», խանդավառել 1992-ի խորհրդով, յատկապէս որ զարգացումներն իրենց խորքում նոյնն են, գործող անձինք՝ եւս:
Եւ այսպէս՝ 1992 թւական.
- մարտի 10-ին Մոսկւան Ստեփանակերտից 366-րդ մոտոհրաձգային գնդի դուրս բերման մասին որոշում կայացրեց, եւ արցախահայութեան պաշտպանութեան խնդիրը մնաց Արցախի առաջնորդների ուսերին:
- Շուշիի փառահեղ յաղթանակից յետոյ, յունիսին իշխանութեան եկած Աբուլֆազ Էլչիբէյը յայտարարեց, որ աշնանը Ստեփանակերտում թէյ է խմելու, իսկ Սեւանում լւանալու է ոտքերը:
- յունիսին ընկաւ Շահումեանը, յուլիսին՝ Մարտակերտը, գաղթական դարձաւ շուրջ 50 հազար հայ:
Օղակն օր օրի սեղմւում էր, վիճակն օրհասական էր, թւում էր՝ ելք չկայ: Բայց…
Ռ. Քոչարեանի գլխաւորութեամբ ստեղծւեց Պետական պաշտպանութեան կոմիտէն, որի միջոցով վերակազմաւորւեցին ինքնապաշտպանական ուժերը, իսկ նոյն ժամանակահատւածում (1992թ. հոկտեմբեր) Վազգէն Մանուկեանի՝ պաշտպանութեան նախարար նշանակւելն ու ՀՀ կանոնաւոր բանակի վերջնական ձեւաւորման գործընթացը սկիզբ դրեցին բոլորովին նոր էպոխայի:
Այդ պատմափուլում ոչ միայն յաջողւեց կասեցնել ադրբեջանական յարձակումները (1992թ. աշուն), այլեւ անցնել յարձակման եւ 1993թ. գարնանից սկսած տանել պատմական յաղթանակներ՝ մէկը միւսի յետեւից ազատագրելով Քարվաճառի, Մարտակերտի, Աղդամի, օգոստոսին՝ Ֆիզուլու, Ջրականի եւ Որոտանի (Կուբաթլիի), հոկտեմբերին՝ Կովսականի (Զանգելան) շրջանները եւ դուրս գալ Արաքսի հովիտ:
Յիշեցնենք՝ այդ շրջափուլում եւս ՀՀ ղեկավարը՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը ոչ միայն չէր խրախուսում այդ յաջողութիւնները, այլեւ անընդհատ խանգարում էր յաղթական ընթացքին՝ ստեղծելով արհեստական դժւարութիւններ՝ բազմիցս ստիպելով՝ յանուն ոչնչի յետ նւիրել ազատագրւած հայրենիքը (Քարվաճառի յայտնի դէպքերը վկայ):
Այդ նոյն ժամանակ Ելցինի սուրհանդակները պարբերաբար այցելել են Ռոբերտ Քոչարեանին՝ եւս յորդորելով դադարեցնել գործողութիւնները: ՄԱԿ-ը, Լ. Տէր-Պետրոսեանի պաշտելի միջազգային հանրութիւնը եւս բազմիցս պահանջել է կանգնեցնել պատերազմը:
Բայց մարդիկ հասկանում էին՝ ինչ պատմական շանս է տրւած իրենց, յամառեցին, պայքարեցին, եւ… կատարւեց Մեծ հրաշքը:
1992-ի խորհուրդը պէտք է մտցնել ամէն հայի սիրտ, հայութիւնը պէտք է ապրի 1992-ի խորհրդով, 1992-ի ռիթմով. յիշելով, հաւատալով, չկոտրւելով, յամառելով, պոռթկալով պիտի շրջե՛լ այս Մեծ կործանման ընթացքը…
Ապաւինե՛նք 1992-ի խորհրդին»։