«Ես կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի հետ կապւած, Թուրքիայի ղեկավարութեան՝ Էրդողանի եւ Չաւուշօլուի հրապարակային յայտարարութիւնները, ապացուցում են, որ Թուրքիան հովանաւորում եւ մաս է կազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիւ պահւածքի, հետեւաբար, այս փուլում Թուրքիայի հետ որեւէ բանակցութիւններ իմաստ չունեն»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ անդրադառնալով Էրդողան-Փաշինեան հնարաւոր հանդիպմանը։
«alikonline.ir» - «Ես կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի հետ կապւած, Թուրքիայի ղեկավարութեան՝ Էրդողանի եւ Չաւուշօլուի հրապարակային յայտարարութիւնները, ապացուցում են, որ Թուրքիան հովանաւորում եւ մաս է կազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիւ պահւածքի, հետեւաբար, այս փուլում Թուրքիայի հետ որեւէ բանակցութիւններ իմաստ չունեն»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ անդրադառնալով Էրդողան-Փաշինեան հնարաւոր հանդիպմանը։
Մասնագէտի խօսքով, Հայաստանի իշխանութիւնը պէտք է առկախի գործընթացը։ «Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումը շատ հեռաւոր է, եթէ նախկինում կարող էինք ասել, որ հնարաւոր է՝ բանակցութիւնները որեւէ արդիւնք տան, հիմա ակնյայտ է, որ Թուրքիան այդ բանակցութիւններով ոչ թէ ուզում է Հայաստանի հետ կարգաւորել յարաբերութիւնները, այլ Ադրբեջանին աջակցելու խնդիր է դնում»։
Դիտարկմանը, թէ ՀՀ իշխանութիւնները շարունակ Բաքւին այսպէս կոչւած, խաղաղութեան դարաշրջան բացելու մեսիջներ են յղում, աւելին՝ որեւէ քայլ չեն անում անգամ կանխելու Ադրբեջանի ագրեսիան, հետեւաբար ողջունում է նաեւ Թուրքիայի հետ մեկնարկած գործընթացը, Սաֆրաստեանն ընդգծեց՝ այդ բանակցութիւնները մեզ ոչինչ չեն տալու։ Նրա խօսքով, պէտք է բացատրել եւ ներկայացնել, թէ ինչպէս է Թուրքիան իրեն պահում, ինչ ճնշումներ է իրականացնում եւ որ այդ պայմաններում իմաստ չունի Թուրքիայի հետ բանակցելը։ Այն կարելի է անել, եթէ նրանք որոշեն դառնալ քաղաքակիրթ։
Նշենք, որ խօսելով Պրահայում Փաշինեան-Էրդողան հանդիպման հնարաւորութեան մասին, Ռուբէն Ռուբինեանը «Ազատութիւն» ռադիոկայանին ասել է, որ օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգաւորման գործընթացն է: Նա նշել է, թէ դիրքորոշումները այս առումով չեն փոխւել:
Հարցին, թէ ինչու է կարծում, որ Թուրքիայի գիրկը գնալն իմաստ չունի՝ Սաֆրաստեանն արձագանգեց. «որովհետեւ դա ոչ մի բան չի տայ։ Նրա գերագոյն նպատակը տարածաշրջանում գերիշխող դիրք ունենալն է, իսկ Հայաստանի նկատմամբ նրա նպատակն ակնյայտ է՝ Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որը կընթանայ Թուրքիայի աշխարհաքաղաքական ուղեծրում, այսինքն, դուրս բերել Հայաստանը Ռուսաստանի ազդեցութիւնից, հասնել այն բանին, որ այստեղից ռուսական ռազմաբազան դուրս բերւի, որ ռուսական խաղաղապահներն Արցախից դուրս բերւեն։ Դա նրան հնարաւորութիւն կը տայ Հայաստանի վրայ աւելի մեծ ճնշում գործադրել եւ Հայաստանը Թորքիայի հպատակը դարձնել։ Դա ակնյայտ է»։
Ինչ վերաբերում է Էրդողանի ախորժակին առհասարակ, ապա Սաֆրաստեանը չի կարծում, թէ աշխարհը չի կարողանում զսպել Էրդողանին, ասում է՝ ամէն բան իր գինն ունի, պարզապէս ԱՄՆ-ը, որն ունի այդ ճնշման լծակը, այդ գինը չի ուզում տալ։ «Էրդողանը, բացի S-400-ներից, ԱՄՆ-ին շատ վնաս չի տալիս, նա շատ խորամանկ է, կարող է քննադատել, վիրաւորել տարբեր երկրների, այդ թւում ԱՄՆ ղեկավարներին, բայց իրականում կարմիր գիծը չի անցնում։ ԱՄՆ-ը Թուրքիային զսպելու միջոցներ ունեն»։
Թուրքիան շարունակում է տարածաշրջանում մնալ ԱՄՆ դաշնակիցը, բայց, ըստ թուրքագէտի, ԱՄՆ-ն առանձնապէս շահագրգռւածութիւն չունի հովանաւորել Թուրքիային՝ դիրքերը Հարաւային Կովկասում ուժեղացնելու հարցում։ Ըստ Սաֆրաստեանի՝ Թուրքիայի սեփական խաղն է՝ Հարաւային Կովկասում վերահսկողութիւն սահմանելը եւ Ռուսաստանին դուրս մղելը, իսկ այդ հարցում ԱՄՆ-ն ոչ օգնում է, ոչ էլ՝ խանգարում։