Հա

Քաղաքական

03/10/2022 - 11:50

«Ստորագրե՞լ, թէ՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«Խնդիր 1

Մեր հասարակութիւնն առ այս պահը լաւ չի պատկերացնում իրավիճակի ծայրայեղ լրջութիւնը։ Սա ընդդիմութեան, մեր բոլորի սուր խնդիրն է. չկայ կոորդինացւած աշխատանք։ Սա խնդիր է, որը պէտք է արագ ու գրագէտ լուծել։

Խնդիր 2

Հարցը խաղաղութեան կամ այլ պայմանագրեր ստորագրել-չստորագրելու մէջ չէ։ Սխալ է նարատիւը, թէ թուղթ ստորագրելը դաւաճանութիւն է, չստորագրելը՝ հայրենասիրութիւն։ Այս հարցի շուրջ չպէտք է բաժանւել հակադիր ճամբարների։ Սա հակապետական շեշտադրում է։ Հարցը փաստաթղթերի բովանդակութեա´ն մէջ է։ Ակնյայտ է, որ նոյեմբերի 9-ից յետոյ հասունացել է նոր փաստաթղթի (կամ՝ փաստաթղթերի) անհրաժեշտութիւնը, որը կը կարգաւորի այս ժամանակահատւածում քննարկւած եւ հասունացած խնդիրները։ Պէտք չէ´ վախենալ փաստաթղթից, պէտք է աշխատել դրա բովանդակութեա´ն եւ երաշխիքների´ վրայ։ Ո՞վ է ասել, որ այս պայմաններում ու այսօրւայ համաշխարհային անկայունութեան պայմաններում փաստաթղթեր մեզ պէտք չեն։

Խնդիր 3

Պայմանագրից յետոյ հնարաւո՞ր է պատերազմ։ Ե´ւ պատերազմն է հնարաւոր, ե´ւ խաղաղութիւնը։ Դա կախւած է պայմանագրի թէ´ բովանդակութիւնից, թէ´ երաշխաւորներից։ Եթէ իրական հողի վրայ չեղան իրական երաշխիքներ, ապա Ադրբեջանը յաջորդ օրն իսկ կարող է սկսել ռազմական գործողութիւններ՝ ցանկացած պատրւակով։

Աւելի պարզ. եթէ 44-օրեայ պատերազմը դադարեցնելու թուղթը ստորագրւէր, պայմանական ասած, Մոզամբիկի միջնորդութեամբ, ապա ռուսական զօրքը հաշււած ժամերի ընթացքում չէր լինի Արցախում, եւ Ադրբեջանը կը շարունակէր իր յաղթարշաւը։ Ասել է թէ՝ մենք անվերջ կը սպասէինք «սկանդինաւեան խաղաղապահներին»։

Հիմա նոյն վիճակն է. կուտակւել են նոր հարցեր, նոր խնդիրներ, որոնք ունեն պայմանագրային կարգաւորման անհրաժեշտութիւն։ Եթէ մենք ընտրենք այն տարբերակը, որը պիտի երաշխաւորեն վիրտուալ խաղաղապահները, ապա մենք կը յայտնւենք աղէտի մէջ։ Աւելին, եթէ մենք ընտրենք պայմանագրի ստորագրման մի տարբերակ, որը լուրջ դժգոհութիւն կառաջացնի իրական հողի վրայ իրական հնարաւորութիւններ ունեցող Ռուսաստանի եւ Իրանի մօտ, ապա մենք ինքներս մեզ կը տանենք աղէտալի պատերազմի։

Խնդիր 4

Փրկել Նիկոլի՞ն, թէ՞ Հայաստանը։ Այս հարցը պետութեան ճակատագրի եւ այստեղ ապրող մեր ընտանիքների անվտանգութեան տեսանկիւնից առանցքայիններից մէկն է։ Հարցին պէտք է շատ լուրջ վերաբերւել, այն ունի կարեւոր նրբութիւններ։

Ճիշտ հարցադրումը հետեւեալն է. պէտք է փրկել ե´ւ Նիկոլին, ե´ւ Հայաստանը։ Մնացածը էմոցիաներ են։ Այս պահի համար լաւագոյն լուծումը առաջարկւած է. անվտանգութեան երաշխիքներով մասնակի իշխանափոխութիւն։ Սրա իրաւունքը վերապահւած խորհրդարանական մեծամասնութեանը (նրանք պէտք է հասկանան, որ անգործութեան դէպքում նաեւ իրենք են ստանձնում վատ զարգացումների պատասխանատւութիւնը)։ Սա էապէս կը հանգստացնի մթնոլորտը երկրում, կը վերացնի շատ բարիկադներ։ Սա հնարաւորութիւն կը տայ ներգրաւել նոր հանրային շրջանակներ՝ մեր ընդհանուր խնդիրների վրայ աշխատանքի շուրջ։ Թոյլ կը տայ՝ նոր գաղափարներով ինտենսիւացնել յարաբերութիւնները ՌԴ-ի, Իրանի եւ Արեւմուտքի հետ, նոր շունչ կը հաղորդի խաղաղ բանակցութիւններին։

Խնդիր 5

Նախկին նախագահների եւ Վեհափառի ձեւաչափը կարող է դառնալ համերաշխութեան կարգախօսով երկրում խորքային փոփոխութիւնների «տրիգերը»։ Նրանցից սա է ակնկալւում, ոչ աւելին։

Միւս կողմից, ողջ յարգանքով հանդերձ, մի ողջ երկիր չի կարող կախւած լինել այդ ձեւաչափի ելքից։ Մի կողմից պէտք է մեծացնել հանրային ճնշումն այդ ձեւաչափի վրայ՝ հասկացնելով, որ սա մասնաւոր խնդիր չէ, եւ հանրութիւնը կոնկրետ քայլեր է պահանջում, իսկ միւս կողմից պէտք է պատրաստ լինել այդ ձեւաչափի ձախողման դէպքում հանրային ա´յլ պրոցեսների գեներացման եւ պատասխանատւութեան ստանձնման։

Խնդիր 6

Հայաստանի համառօտ օրակարգն այսպիսին է.

1. Փոփոխութիւններ՝ ԱԺ մեծամասնութեան մասնակցութեամբ։ Աշխատանքային կոնսուլտացիաների արդիւնքում խորհրդարանական մեծամասնութիւնը ձեւաւորում է նոր կառավարութիւն։

2. Վստահութեան եւ նոր գաղափարների վրայ ինտենսիւ բանակցութիւններ՝ Ռուսաստանի, Իրանի եւ Արեւմուտքի հետ:

3. Միջնորդների օգնութեամբ Ադրբեջանի հետ բանակցութիւնների շարունակում, կուտակւած մի շարք հարցերի շուրջ պայմանաւորւածութիւնների ձեռք բերում։

4. Իրական հողի վրայ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման իրական մեխանիզմների ապահովում։

5. Բանակի մարտունակութեան, սահմանային անվտանգութեան բարձրացմանն ուղղւած միջոցառումների հրատապ փաթեթ՝ հաշւի առնելով բոլոր առկայ խնդիրները, համագործակցելով պատերազմից յետոյ այս ոլորտում ձեւաւորւած հանրային ակտիւ կառոյցների հետ։

6. Հայաստանի եւ Արցախի յետպատերազմեան վերականգնման փուլ։

Եթէ մենք կարողացանք այս պարզ կէտերը հնարաւորինս մատչելի ներկայացնել հանրութեանը, ապա կը ստանանք անհրաժեշտ աջակցութիւն։ Այդ դէպքում կունենանք շանս՝ խուսափելու վատագոյնից։ Այս պահին պէտք է ընդունենք, որ առայժմ չենք կարողանում դա անել։ Եւ հանրային գործիչների առկայ սոլիդ, գրագէտ ցանկից իւրաքանչիւրը պէտք է ինքն իրեն ազնւօրէն հարցնի՝ ինչո՞ւ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։