Հոկտեմբերի 4-ին «ՀրապարակTV»-ի «Հանդիպում» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր Արտաշէս Շահբազեանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարւել վերջին օրերի ներքաղաքական բուռն գործընթացներին, որոնք միտւած են Հայաստանը վտանգաւոր եւ ծանր իրավիճակից դուրս բերելուն:
«alikonline.ir» - Երէկ, հոկտեմբերի 4-ին «ՀրապարակTV»-ի «Հանդիպում» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր Արտաշէս Շահբազեանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարւել վերջին օրերի ներքաղաքական բուռն գործընթացներին, որոնք միտւած են Հայաստանը վտանգաւոր եւ ծանր իրավիճակից դուրս բերելուն:
Կարեւորելով Ամենայն հայոց կաթողիկոսի ջանքերը երկրի ամենաազդեցիկ քաղաքական եւ պետական գործիչներին այդ նպատակով մէկ սեղանի շուրջ համախմբելու ջանքերը` Արտաշէս Շահբազեանը ընդգծել է, որ դա անհրաժեշտ քայլ էր հասարակութեան համախմբում առաջ բերելու համար: «Ես չէի ասի, թէ դա ինչ-որ յատուկ բանավէճ էր, ինչպէս նշել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը: Իմ կարծիքով` այդ հանդիպումը վկայութիւնն էր այն բանի, որ երկիրն իսկապէս գտնւում է ծանր վիճակում եւ պէտք է այդ վիճակից դուրս գալու ելքեր որոնել լիակատար համախոհութեամբ: Շատ տեղին էր ընտրւած նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի կերպարը` որպէս սիմւոլ` այդ հարթակը գլխաւորելու եւ քննարկումները շարունակական դարձնելու իմաստով»,- ասել է Արտաշէս Շահբազեանը:
Նա նաեւ ընդգծել է, որ պէտք է կարողանանք մեր հասարակութեանը համախմբել բոլորին միաւորող գաղափարի շուրջ, ինչպէս դա տեղի ունեցաւ 1988-ին, երբ ձեւաւորւեց Արցախեան շարժումը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր ժողովուրդը չի համախմբւում ՀՀ իշխանութիւնների առաջարկած խաղաղութեան գաղափարի շուրջ, Արտաշէս Շահբազեանը նշեց, որ այն ինչ գործող իշխանութիւնների եւ Նիկոլ Փաշինեանի կողմից առաջարկւում է որպէս խաղաղութիւն կամ խաղաղութեան գաղափար, իրականում պարտւողականութիւն է եւ անվերջանալի զիջումների շարք, որ մեզ լաւ տեղ չի հասցնելու: