Հա

Քաղաքական

05/10/2022 - 13:10

«Ինչպէս կանգնեցնել դէպի անդունդ սլացող գնացքը»․ Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«Քանի որ «հաւաստի աղբիւրը» արդէն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագայ աղէտը, ապա սուր խնդիր է առաջանում` նոյնքան բաց ներկայացնելու իրավիճակը։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«Քանի որ «հաւաստի աղբիւրը» արդէն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագայ աղէտը, ապա սուր խնդիր է առաջանում` նոյնքան բաց ներկայացնելու իրավիճակը։

Ինչ ունենք

Պետական ինստիտուտների անկենդանութիւնը, հանրութեան տոտալ անտեղեակութիւնը եւ ընդդիմադիր համակարգերի անադեկւատութիւնը բերել են այն պահին, որ մենք շուտով կարող ենք АНР (Հայաստանի Ժողովրդական Հանրապետութիւն (Армянская народная республика` ДНР, ЛНР-ի օրինակով)) մուրալ, եւ չկայ որեւէ երաշխիք, որ ստանալու ենք։

Ո՞վ է հասկանում իրավիճակը

«Հաւաստի աղբիւրը» ճիշտ է ասում. գնացքը գնում է դէպի անդունդ։ Էլ ո՞նց ասի, որ միւսները հասկանան, որ ինքը գնացքը տանում է դէպի անդունդ։ Ժողովուրդը չի հասկանում, որովհետեւ ոչ մի համակարգ նրան դա չի բացատրում։ Անհատների բացատրածը կաթիլ է ծովում, դրանով չի հասկանալու։

Խորհրդարանական մեծամասնութիւնը հասկանու՞մ է. դժւար է ասել։ Խորհրդարանական ընդդիմութիւնը հասկանո՞ւմ է. նոյնպէս դժւար է ասել։ Կայ մեծ կասկած, որ ամբողջութեամբ իրավիճակը չեն հասկանում։ Իսկ եթէ հասկանում են, ու վարքագիծը սա է, ապա դա լրիւ ուրիշ թեմա է։

Անպատասխանատու ֆորմատները

Պետական ինստիտուտները ինքնակազմալուծւել են, թաքնւել «հաւաստի աղբիւրի» յետեւում՝ մտածելով, թէ անձնական պատասխանատւութիւնից կը խուսափեն։ Երրորդ Հանրապետութեան երեք նախագահների ֆորմատը անհասկանալի արագութեամբ ինքնալուծարւեց։ Բիզնես էլիտան վստահաբար արդէն տնաւորւում է դուբայներում եւ կապիտալը հանում։ Այլ էլիտաներ երեւի թէ չունենք, դրանք վաղուց են զրոյացւել։ Բայց, այնուհանդերձ, որոշակի ռեսուրս կայ, որի մասին՝ վերջում։

Ի՞նչ է կատարւում մեր շուրջ

Իսրայէլի ՊՆ-ը այցելում է Բաքու, Ադրբեջանի ՊՆ-ը քննարկումներ է անում Իրանի շտաբի պետի հետ, Թուրքիայի ՊՆ-ը Բաքւում է, Էրդողանը պատրաստւում է գնալ Ադրբեջան։

Ի՞նչ ենք անում մենք. գոյատեւում ենք հայկական ակւարիումում, որտեղից ոչ միայն աշխարհը, այլեւ մեր անմիջական տարածաշրջանը չի երեւում։ Ալէնի (!!) շուրթերով` հաթաթա ռուսներին, եւ «հաւաստի աղբիւրի» ճիշտ եւ կեղծ արտահոսքեր` սեփական թերթում, քաղաքական միւս համակարգերի ամլութիւն։ Սա է մեր մասնակցութիւնը Հարաւային Կովկասի նոր ճարտարապետութեանը։

Նիկոլը թուղթը կը ստորագրի՞, թէ՞ ոչ

Այս հարցը մեր քաղաքական մտքի, պետական մտածողութեան վերին շեմն է։ Աւելին, նոյնիսկ նման պրիմիտիւ հարցադրումը մենք տեղաւորում ենք անձնական կամ քաղաքական շահի տիրոյթում։

Ու ոչ ոք հարց չի տալիս. իսկ Ալիեւը կը ստորագրի՞։ Ոչ ոք չի ասում, որ գուցէ հէնց Ալիեւ'ը չի ստորագրելու։ Ինչո՞ւ պիտի այս պայմաններում Ալիեւը թուղթ ստորագրի, առաւել եւս` պահպանի դա։ Ալիեւը նոյնիսկ Կազանում վիժեցրեց խաղաղ կարգաւորումը, երբ դիմացը կանգնած էր ուժեղ հայկական բանակ, պետութիւն, իսկ մեր անվտանգութեան գօտին ներառում էր իր տարածքի զգալի մասը։ Եթէ ստորագրեց, կը նշանակի՝ դրանով ստանում է ամէն ինչ՝ շատ աւելին, քան գրւած է, քան՝  ինչ-որ միջանցք կամ գիւղ։ Բայց մենք ոչ մի կերպ չենք ուզում հասկանալ, թէ ինչ է նշանակում «Ամէն ինչը»։

Ի՞նչ միջանցք, ի՞նչ ճանապարհ. Ալիեւը, մեր սխալները բռնելով, աշխարհի մասին մեր գաւառական պատկերացումները ֆիքսելով շատ աւելի մեծ խնդիր է դնում։ Թղթով չի կարողանալու, ուրեմն` պիտի վիժեցնի թուղթը, կամ՝ թուղթը համարի նախնական-նախապատրաստական փուլ։ Երբ դիմացի պետութիւնը նման քանդւած վիճակում է, իսկ միջազգային խաղի կանոնը` այսպիսին, ինչո՞ւ պիտի Ալիեւ կանգ առնի։ Ի՞նչ թուղթ։

Ինչը կը կանգնեցի Ալիեւին

Եթէ անենք այն, ինչը կախւած է մեզնից, նա կանգ կառնի։ Մեզնից կախւած է երկու բան.

- Մենք պարտաւոր ենք կտրուկ կարգի բերել մեր պետութիւնը ներսից։ Մենք պէտք է դառնանք փոքր, պարտւած, օգնութեան կարիք ունեցող, բայց իրավիճակը հասկացող եւ քայլերի ունակ լուրջ-աշխատող պետութիւն։

- Պարտաւոր ենք փոխել միջազգային իրադրութիւնը` մեր մասով, մեր շատ համեստ, փոքր ծաւալով։ Պէտք է օր առաջ դուրս գալ գերտէրութիւնների եւ աշխարհաքաղաքական բախման էպիկենտրոնից։ Ինչո՞ւ է «հաւաստի աղբիւրը» Հայաստանը յամառօրէն տանում դէպի այդ էպիկենտրոն։ Տպաւորութիւնն այնպիսին է, որ նոյնիսկ իր թիմում տարակուսած են։ Լաւ չի՞ պատկերացնում իրավիճակը, սխա՞լ է հաշւարկը, միտումնաւո՞ր է անում։

Ի՞նչ է ասում Նիկոլը

Ասում է` պետութեան նաւը տարայ մեծ վթարի, դրանից յետոյ այս` պետական մտածողութիւնից զուրկ, առեւտրականի ու կոնֆորմիստի գենոֆոնդով հասարակութիւնը էլի´ ինձ ընտրեց։ Հիմա ասում եմ՝ ժողովո՜ւրդ, մեր գնացքը տանում եմ դէպի անդունդ, ու ոչ ոք չի հասկանում։ ՈՉ ՄԻ կտրուկ արձագանգ։ 2 օրում երկու հարիւրից աւել զոհ տւեց այս ժողովուրդը, 1.5 օր յետոյ շարունակեց խաղաղ ապրել։ Թուրքը հասաւ Ջերմուկ։ Ասում է` չի ստացւում խաղաղութիւն, բան դուրս չի գալիս, վատ է լինելու. չե'ն լսում։ Ո'չ իր թիմակիցներն են լսում, ոչ՝ ընդդիմութիւնը, ոչ՝ հանրութիւնը։

Ի՞նչ է ասում ընդդիմութիւնը

Ոչ մի բան։ Սպասում է։ Ինչի՞ն՝ չի հասկացւում։ Այս ընդդիմութիւնը պատրաստ չէ ո'չ արտահերթ, ո'չ հերթական ընտրութիւններին։ Սա շատ լաւ հասկանում են։ Գուցէ սպասում են ֆորս-մաժորի՞։ Բայց դա իշխանութեան սովորական ֆորս-մաժոր չի լինելու։ Դա լինելու է մեր պետութեան եւ մեր ընտանիքների անվտանգութեան ֆորս-մաժորը։ Իսկ սա լրիւ այլ պատմութիւն է, որը ոչ ոքի չի ազատելու պատասխանատւութիւնից։

Ո՞ր քարտէզով է սահմանւելու Հայաստանի սահմանը

Այս վիճակում՝ Ալիեւի ցանկութիւնների քարտէզով։ Դա նոյնիսկ «հաւաստի աղբիւրի» 1919-20-ը չէ։ Դա բառիս բուն իմաստով` Ալիեւի ցանկութիւնների քարտէզն է։ Իսկ իրական բանակցային քարտէզները գտնւում են Մոսկւայի արխիւներում` շատ պարզ պատճառով. այն նախկին ԽՍՀՄ մայրաքաղաքն է, իսկ մենք «սահմաններ ենք գծում» Բրիւսէլում։

Քանի՞ գերի ունենք մենք

Այլ թիւ մի փնտրէք. 3 մլն։ Մենք` Հայաստանում եւ Արցախում ապրող 3 մլն հայ, գերի ենք «հաւաստի աղբիւրի» եւ Ալիեւի ձեռքին։

Ի՞նչ է մեզ սպասում` ոչինչ չանելու դէպքում

Կա'մ Սինջարի եզդիների ճակատագիրը, կա'մ մուրալու ենք АНР (Армянская народная республика) ու խիստ հարց է՝ ստանալո՞ւ ենք, թէ՝ ոչ։

Երբ մի յարմար պահի Ադրբեջանը անցնի լայնածաւալ յարձակման՝ արեւմուտքի դատապարտող յայտարարութիւնների եւ կոչերի ֆոնին, ոմանք հասցնելու ենք երկրից փախչել, իսկ 99 տոկոսը կանգնելու է աղէտի առաջ։ Ռուսները մի պահից կանգնեցնելու են թուրքերին. թէ ո՞ր մարզի սահմանին՝ Աստւած գիտի։ Դա կը լինի մօտաւորապէս Արցախեան պատերազմի նման մի պատմութիւն։ Ու ռուսները ՀՀ նոր իշխանութիւններին կասեն մօտաւորապէս նոյն տեքստը. ընդունէիք Լաւրովի պլանը՝ կը լինէր ուրիշ վիճակ, հոկտեմբերի 19-ին կանգնեցնէիք պատերազմը՝ ուրիշ վիճակ կունենայիք։ Դուք էիք մերժում, ու ստացաք նոյեմբերի 9-ի թուղթը։ Իհարկէ, հիմա փաստաթղթերի անունները եւ ժամկէտները այլ են լինելու։

Ո՞վ է մեղաւորը։ Հայ ժողովուրդը եւ նրա վերանախաւերը ոչնչից հետեւութիւն չեն անում։

Կա՞յ հնարաւորութիւն` կանգնեցնելու անդունդ սլացող գնացքը

Միանշանակ կայ։ Միջին սերունդը պէտք է վերցնի պատասխանատւութիւն։ Զգայ իր մէջ այդ առաքելութիւնը եւ գործի ինքնուրոյն։ Հերիք է նայենք այլոց ֆորմատներին։

Կայ երեւանեան եւ մարզային հանրային գործիչների մի պատկառելի ցանկ` մարդկանց, որոնք հասկանում են իրավիճակը, որոնց համար այս ամէնը ողբերգութիւն է, եւ որոնք պատրաստ են աշխատանքի։ Հայաստանում շատ արագ, յընթացս պէտք է ձեւաւորւի նոր ծանրակշիռ ընդդիմութիւն՝ առկայ ընդդիմադիր ռեսուրսի եւ նոր շրջանակների համատեղութեամբ։

Այդ ձեւաչափը պէտք է այս պահին լուծի երեք կոնկրետ խնդիր.

- Դադարեցնել իշխանութեան կողմից տարւող՝ Հայաստանը Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախման նոր կենտրոն դարձնելու աւանտիւրան եւ առաջ քաշել Ռուսաստանի, Իրանի եւ Արեւմուտքի հետ սոլիդ, կշռադատւած օրակարգ` ի շահ Հայաստանի եւ ի բացառում նոր պատերազմի։ Ռուսաստանը, Իրանը եւ Արեւմուտքը պէտք է տեսնեն, որ հայ ժողովուրդը «հաւաստի աղբիւրի» մորթւելուն սպասող  հօտ չէ, այլ՝ պետութիւնն պահելու ունակ ռեսուրս։

- Արթնացնել ժողովրդին, եւ պետութիւն պահելու շուրջ կոնսոլիդացնել հանրութեան բոլոր ակտիւ ու առողջ շրջանակներին։

- Սկսել յստակ խօսել խորհրդարանական մեծամասնութեան եւ պետական ինստիտուտների հետ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։