Հա

Քաղաքական

06/10/2022 - 12:00

«Դիմում եմ ՔՊ խմբակցութեան իւրաքանչիւր պատգամաւորի». Չալաբեան

Երէկ վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանը բացայայտ ստի եւ կեղծիքի հերթական տարափը տեղաց օր օրի նւազող իր համակիրների շփոթահար բազմութեան գլխին։

«alikonline.ir» - Քաղաքական-հասարակական գործիչ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Երէկ վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանը բացայայտ ստի եւ կեղծիքի հերթական տարափը տեղաց օր օրի նւազող իր համակիրների շփոթահար բազմութեան գլխին։

Այս անգամ, սուտը անցաւ բոլոր հնարաւոր սահմանները՝ իր հետագայ կապիտուլեացիան արդարացնելու մոլուցքում, Փաշինեանը քարուքանդ արեց Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների գոյութեան բուն միջազգային-իրաւական հիմքերը, կասկածի տակ դնելով Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագիրը, Արցախի Հանրապետութեան գոյութեան օրինականութիւնը եւ ինքնորոշման իրաւունքը, Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը, եւ նոյնիսկ, յայտարարեց, որ Հայաստանի Հանրապետութիւնը կարող է դառնալ Ադրբեջանի մաս (եւ շեշտեց, որ դա լեզւի պատահական սայթաքում չի)։

Այս ամբողջ սուտը եկել էր արդարացնելու Փաշինեանի 4,5 տարւայ անփառունակ գործունէութեան արդիւնքը ՀՀ վարչապետի պաշտօնում, որի ընթացքում նա, կերակրելով իր կողմնակիցներին պայծառ ապագայի մասին սին խոստումներով, իրականում հիմնայատակ աւերեց Հայաստանի անվտանգութեան ողջ համակարգը՝ բանակը, պաշտպանական ենթակառուցւածքը, դաշնակցային յարաբերութիւնները, բնակչութեան հայրենասիրական եւ մարտական ոգին, հայկական սփիւռքի ազդեցիկ կենտրոնների հետ յարաբերութիւնները, եւ կանգնեցրեց մեր երկիրը անխուսափելի կորուստների առջեւ։ Այս կորուստների պատասխանատւութիւնը Փաշինեանի եւ նրա մոլի հետեւորդների վրայ է, սակայն կորուստների ծանրութիւնը ընկել է եւ շարունակելու է ընկնել բոլորիս ուսերին, ուստի մենք պէտք է կարողանանք ազատւել Փաշինեանի ձախողակ իշխանութիւնից, եւ նոր էջ բացենք մեր պետութեան պատմութեան մէջ, որը թոյլ կը տայ մեզ հեռանկարում յաղթահարել այդ կորուստները, եւ դնել մեր ապագայ կեցութան եւ յաղթանակների հիմքերը։

Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելու առաւել խելամիտ ճանապարհը նրան Ազգային ժողովում անվստահութիւն յայտնելն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ ՔՊ ներկայիս խմբակցութեան մօտ 20 պատգամաւոր անջատւեն նրանից, առանձին պատգամաւորական խումբ ստեղծեն, եւ բանակցութիւնների մէջ մտնենք ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւնների հետ՝ նոր վարչապետի թեկնածութիւն համաձայնեցնելու։ Դա կարող է լինել քաղաքական հեղինակութիւն վայելող ցանկացած կոմպրոմիսային անձ, որն ընդունելի կը լինի հիմնական քաղաքական ուժերի համար, եւ որի շուրջը կը ձեւաւորւի ներկայացուցչական հակաճգնաժամային կառավարութիւն՝ արտաքին ագրեսիային դիմագրաւելու եւ երկիրը Փաշինեանի ստեղծած անվտանգային աղէտից հանելու մանդատով։

Իրական խնդիրը այստեղ ոչ այնքան նոր վարչապետի անձն է (նրա շուրջ կարելի է ձեւաւորել ժամանակաւոր համաձայնութիւն), որքան այն 20 պատգամաւորները, որոնք պատրաստ կը լինեն դէմ գնալ Փաշինեանին, յաղթահարել իրենց վախերը, եւ պատասխանատւութիւն ստանձնել երկրի ապագայի համար։ Ուստի ես այստեղ դիմում եմ ՔՊ խմբակցութեան իւրաքանչիւր պատգամաւորի՝ եթէ Փաշինեանի ստերի տարափը ձեր մօտ էլ ներքին ընդվզում եւ հակակրանք առաջացրել, եթէ դուք էլ էք հասկանում, որ սեփական ձախողումների պատճառով չի կարելի կործանել մի ամբողջ երկիր եւ ջուրը գցել սերունդների մաքառումը, արիւնն ու քրտինքը, եթէ դուք էլ հասկանում, որ թշնամուն անվերջ զիջումները մեր երկիրը տանում են անդունդ, եւ որ մենք կարող են Փաշինեանի ղեկավարութեամբ կորցնել մեր ողջ պետութիւնը, քայլ արէք այսօր, եւ մերժէք ձեր ներսում Փաշինեանին՝ որպէս ստախօս եւ քաղաքական բանկրոտ։

Եթէ դուք չգիտէք, թէ ինչ պէտք է անէք դրանից յետոյ, եկէք խօսենք եւ միասին լուծումներ գտնենք՝ շատերդ տեղս գիտէք, կամ կարող էք հեշտութեամբ գտնել, եթէ Փաշինեանը նոյնիսկ ինձ նորից բանտ ուղարկի, որպէս պատգամաւորներ կարող էք ինձ այցելել այնտեղ։

Մենք ունենք ձեզ առաջարկելու իրական լուծումներ, եւ եթէ մեր ներսում համարձակութիւն գտնենք, թէեւ կորուստներով, կարող ենք միասին յաղթահարել մեր երկրի այս գոյութենական ճգնաժամը։ Քայլը ձերն է, տիկնայք եւ պարոնայք»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։