Հա

Քաղաքական

09/10/2022 - 12:40

Արհաւիրքները յաղթահարելու համար մեր հայրենիքը կարիքն ունի աշխարհասփիւռ ժողովրդի համախմբման

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը ներկայ է գտնւել Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի պաշտօնական մասի բացման արարողութեանը, որի ընթացքում իր օրհնութիւնն ու պատգամն է բերել համագումարի մասնակիցներին: Իր խօսքում նա ասել է.

«alikonline.ir» - Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը ներկայ է գտնւել Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի պաշտօնական մասի բացման արարողութեանը, որի ընթացքում իր օրհնութիւնն ու պատգամն է բերել համագումարի մասնակիցներին, յայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայութիւնը: Իր խօսքում նա ասել է.

«Մեծարգոյ նախագահ Հայաստանի Հանրապետութեան,

Մեծարգոյ նախագահ Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան,

Սիրելի ներկաներ,

Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան 92-րդ համագումարի առիթով Հայրապետական Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն են քբերում ձեզ ամենքիդ:

Այսօր վերստին անդրադառնում ենք միութեան ազգաշահ ու եկեղեցանւէր գործունէութեանը։ Հայկական Բարեգործական ընդհանուր միութիւնը աւելի քան իր 100-ամեայ գործունէութեամբ մնայուն հետք է թողել մեր ժողովրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ: Աշխարհի տարբեր երկրներում հաստատւած կառոյցներով Բարեգործականը նախանձախնդրորեն ծառայել է աշխարհասփիւռ մերժ ողովրդին՝ կարեւոր նպաստ բերելով ազգիս զաւակների կրթութեան, ինքնութեան ճանաչման, հայրենասիրական ոգու զօրացման, ազգային եւ հայրենական կեանքի առաջընթացի ու բարօրութեան համար։

«Մի՛ մոռացէք բարեգործութիւնը եւ ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն»,- ասում է առաքեալը (Եբր. 13.16): Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան նւիրեալները այս պատգամով են մշտապէս իրենց սպասաւորութիւնը մատուցել ազգային-եկեղեցական անդաստանում։ Խոնարհում են քբերում եւ աղօթքով յիշում Բարեգործականի մեծանուն նախագահներ Պօղոս Նուբար Փաշային, Գալուստ Գիւլբէնկեանին, Զարեհ Նուբարին, Արշակ Կարագեոզեանին, Ալէք Մանուկեանին, Լուիզ Մանուկեան Սիմոնին եւ բոլոր լուսահոգի անդամներին, որոնց ուղենշած ճանապարհով ներկայիս նոյնպէս Հայկական Բարեգործական ընդհանուր միութիւնը նորանոր յաջողութիւններ է արձանագրում իր քաջեռանդ նախագահի՝ տիար Պերճ Սեդրակեանի առաջնորդութեամբ։

Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան տարեկան այս համագումարը տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի համար դժւարին ժամանակաշրջանում:

Մեր ժողովուրդը կանգնած է նոր կորուստների վտանգների առջեւ։ Բաղձալի խաղաղութեան հաստատման շուրջ ընթացող գործընթացները ներկայացւող պարտադրանքներով լուրջ տարակուսանքներ են յարուցում Հայաստանի տարածքային ամբողջականութեան, Արցախի կարգավիճակի եւ տարածաշրջանում երկարատեւ կայունութեան հաստատման առնչութեամբ։ 44-օրեայ պատերազմի, ինչպես նաեւ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութիւնների արհաւիրքները յաղթահարելու համար այսօր Հայաստան ու Արցախ մեր հայրենիքը կարիքն ունի աշխարհասփիւռ մեր ժողովրդի համախմբման, այլեւ բարեկամ պետութիւնների շարունակական սատարումի։

Հայկական Բարեգործական ընդհանուր միութիւնը իր բազմաթիւ մասնաճիւղերով եւ տարբեր երկրներում գործող ազգային հաստատութիւնները համագործակցաբար աննւազ ջանքեր պիտի ներդնեն գործուն միջոցներով հետապնդելու ազգային մեր շահերը եւ մշտահունչ պահելու կոչը մեր ժողովրդի եւ հայրենիքի հանդէպ արդարութեան հաստատման։ Ներքին եւ արտաքին մարտահրաւէրների դիմագրաւման համար անհրաժեշտ եւ հրատապ է աշխարհասփիւռ մեր ժողովրդի միաբանութիւնը, հայրենիք-սփիւռք յարաբերութիւնների վերաիմաստաւորումն ու զօրացումը, ազգային մեր ողջ ներուժի նպատակային մէկտեղումը։

Գոհունակութիւն է Հայրապետիս համար հաստատել, որ Հայկական Բարեգործական ընդհանուր միութիւնը միշտ եղել է հայրենիքի կողքին ինչպէս Առաջին Հանրապետութեան, այնպէս էլ խորհրդային ժամանակներում եւ անկախութեան տասնամեակներին՝ մշտապէս արձագանգելով մեր ժողովրդի կարիքներին ու պահանջներին։ Բարեգործականի գործունէութեան հիմնական առաջնահերթութիւններից է եղել ու շարունակում է մնալ զօրակցութիւնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելութեանը։ Մեր Սուրբ Եկեղեցու հետ Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան բազմաթիւ իրագործումներով արգասաւորւած գործակցութիւնը կրթական, մշակութային, սոցիալական, եկեղեցաշինական բնագաւառներում օրհնութիւն է դարձել հայ կեանքից ներս:

Հայկական Բարեգործական ընդհանուր միութիւնը արցախեան ազատագրական շարժման տարիներին, այդուհետ եւ վերջին պատերազմի ողջ ընթացքում զանազան ծրագրերի միջոցով զօրակից եղաւ արցախահայութեանը, գերեվարւած եւ զոհւած զինւորների ընտանիքներին, վիրաւորներին եւ տեղահանւածներին։ Արցախահայութեան նկատմամբ Բարեգործականի հոգածութեան արտայայտութիւնն էր նաեւ Մեզ հետ Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան նախագահ տիար Պերճ Սեդրակեանի այցելութիւնը Արցախ։

Մեր Սուրբ Եկեղեցին, հաւատարիմ հայրենական կեանքի առաջընթացի, պետականութեան զօրացման եւ ազգային իղձերի իրականացման տեսլականին, շարունակելու է կարելի իր նպաստը բերել առկայ հիմնախնդիրների յաղթահարմանը, մեր երկրի խաղաղ ու ապահով ապագայի կերտման եւ ազգի բարօրութեանն ուղղւած ջանքերին։

Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան մեծարգոյ նախագահ եւ պատւարժան անդամներ, Աստծոյ օգնականութիւնն ու օրհնութիւնն ենք հայցում ձեզ ազգանպաստ ձեր առաքելութեան մէջ: Մեր աղօթքն է, որ Ամենակալն Աստւած նորանոր յաջողութիւններով ու ձեռքբերումներով արդիւնաւորի Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան աստւածահաճոյ ծառայութիւնը՝ ի բարօրութիւն մեր ժողովրդի եւ ի շինութիւն մեր հայրենիքի:

Բարի ընթացք ենք մաղթում համագումարի աշխատանքներին։

Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհները, սէրը եւ խաղաղութիւնը լինեն մեզ ամենքիս հետ, այսօր եւ միշտ. ամէն»:

 

Յարակից լուրեր

  • «Միայն միասնականութեամբ ի զօրու կը լինենք մեր երկիրն առաջնորդել դէպի յուսալի, խաղաղ ու ապահով կեանքի»․ Գարեգին Բ-ի ուղերձը
    «Միայն միասնականութեամբ ի զօրու կը լինենք մեր երկիրն առաջնորդել դէպի յուսալի, խաղաղ ու ապահով կեանքի»․ Գարեգին Բ-ի ուղերձը

    Միայն միասնականութեամբ ի զօրու կը լինենք յաղթահարելու առկայ ճգնաժամը եւ փորձութիւնների մէջ տարուբերւող մեր երկիրն առաջնորդել դէպի յուսալի խաղաղ ու ապահով կեանքի հանգրւաններ։ Այս մասին ասւում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում, որն երէկ՝ մարտի 10-ին, Երեւանում անցկացւող «Ապագայ հայկականը» նախաձեռնութեան առաջին համաժողովի ժամանակ ընթերցեց Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Նաթան Արքեպիսկոպոս Յովհաննիսեանը։

  • Ամենայն Հայոց կաթողիկոսը հիւրընկալեց Եւրոխորհրդարանի պատւիրակութեանը
    Ամենայն Հայոց կաթողիկոսը հիւրընկալեց Եւրոխորհրդարանի պատւիրակութեանը

    Փետրւարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եւրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամաւորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամութեան խմբի համանախագահներ Սիլւի Գիեոմիի եւ Ֆրանսուա Ալֆոնսի գլխաւորած պատւիրակութեանը՝ ուղեկցութեամբ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպական գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանի։ 

  • Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց արցախցի երիտասարդներին
    Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց արցախցի երիտասարդներին

    Փետրւարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երեւանի տարբեր բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում ուսանող արցախցի մի խումբ երիտասարդների։

  • Հաղորդագրութիւն Հ.Յ.Դ. ուսանողական, երիտասարդական եւ պատանեկան միութիւններու համագումարի (Երեւան -Սիւնիք 6-10 փետրուար 2023թ.)
    Հաղորդագրութիւն Հ.Յ.Դ. ուսանողական, երիտասարդական եւ պատանեկան միութիւններու համագումարի (Երեւան -Սիւնիք 6-10 փետրուար 2023թ.)

    Կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. Բ.-ի Երիտասարդական Խորհուրդին եւ Գրասենեակին 6 Փետրուար 2023-ին, Երեւանի մէջ, մեկնարկը կատարուեցաւ Հ.Յ.Դ. ուսանողական, երիտասարդական եւ պատանեկան միութիւններու համագումարին:

    Տարբեր տարածաշրջաններէ (14 երկիրներէ) համագումարին կը մասնակցին Հ.Յ.Դ. երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան 33 միութիւններէ 58 անդամներ (Հայաստան, Արցախ (հեռակայ), Սուրիա, Լիբանան, Իրան (Թեհրան, Նոր Ջուղա), Քանատա, Արեւելեան ԱՄՆ, Արեւմտեան ԱՄՆ, Հարաւային Ամերիկա, Հոլանտա, Շուէտ, Ֆրանսա, Աւստրալիա…):

  • Մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարը
    Մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարը

    Երեւանում այսօր մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարը: Մինչ ելոյթները համագումարի մասնակիցները յոտնկայս ունկնդրեցին Հայաստանի, Արցախի օրհներգները, ՀՅԴ քայլերգը, ապա մէկ րոպէ լռութեամբ յարգեցին հայրենիքի պաշտպանութեան գործում, բոլոր ժամանակներում ազգային ազատագրական պայքարում զոհւածների յիշատակը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։