Հա

Քաղաքական

09/10/2022 - 13:45

«Մեր ընտրութիւնը. քւէաթերթիկ, որը մեզ տւել է Ալիեւը». Վահէ Յովհաննիսեան

Իշխանութիւնն ասում է՝ ՀՀ-ն այլեւս չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգութիւնը։ Մինչեւ ձեր գալը ՀՀ-ն շատ լաւ էլ կարողանում էր։ Բայց ասում է, ու շարունակում են մնալ իշխանութեան։ Ու մենք սա հանդուրժում ենք։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիեսեանը իր յօդւածում:

«alikonline.ir» - Իշխանութիւնն ասում է՝ ՀՀ-ն այլեւս չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգութիւնը։ Մինչեւ ձեր գալը ՀՀ-ն շատ լաւ էլ կարողանում էր։ Բայց ասում է, ու շարունակում են մնալ իշխանութեան։ Ու մենք սա հանդուրժում ենք։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիեսեանը իր յօդւածում:

«Դէմքի լուրջ արտայայտութեամբ ընտրում ենք ԿԸՀ նոր նախագահ ու քննարկում նրա «մասնագիտական որակները»։

Այն ընտրութիւնը, որի առաջ կանգնած ենք մենք, ոչ մի կապ չունի ԿԸՀ-ի հետ։ Մենք հա´մ ընտրողն ենք լինելու, հա´մ ընտրւողը, հա´մ հաշւողը։ Մեր ընտրութիւնը շատ պարզ է.

Ընտրութիւնը սկսւած է։ Դրա մասին ազդարարել է Իլհամ Ալիեւը եւ, ըստ էութեան, նա է մեր միակ ԿԸՀ-ն։ Մեր ազգային քւէաթերթիկի վրայ մի քանի պարզ հարց է գրած։

Մենք ուզո՞ւմ ենք ունենալ պետութիւն, թէ՞ ոչ։

Մենք պետութեա՞ն հասարակութիւն ենք, թէ՞ անարժանապատիւ քոչւորներ։

Իշխանութիւնն ասում է՝ ՀՀ-ն այլեւս չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգութիւնը։ Մինչեւ ձեր գալը ՀՀ-ն շատ լաւ էլ կարողանում էր։ Բայց ասում է, ու շարունակում են մնալ իշխանութեան։ Ու մենք սա հանդուրժում ենք։

3 միլիոն մարդու ճակատագիր, ներկայ ու գալիք սերունդների ճակատագիրը որոշում է մէկ հոգի. մենք սա նորմա՞լ ենք համարում։ Այս իրավիճակից մենք չե՞նք սարսափում։ Մենք բանական հասարակութի՞ւն ենք, թէ՞ անարժանապատիւ քոչւորներ։

Մայր բուհի թալիբան ռեկտորը հեռացնում է պատերազմի կամաւոր մասնակից ու անարդացիօրէն բանտում գտնւող ուսանողին։ Ու համալսարանի հարիւրաւոր դասախօսներ, հազարաւոր ուսանողները չեն գնում նրա ընդունարան ու չեն բացատրում մարդու եւ անասունի տարբերութիւնը։

Մենք արժանի՞ ենք ունենալ ԵՊՀ, Մայր բուհ, պրոֆեսորա-դասախօսական կազմ, ուսանողութիւն եւ այլն։

Երկու տարւայ մէջ չի լուծւել օդը փակելու հարցը, ու թուրքը անարգել, երբ ուզում՝ ԱԹՍ-ով խփում է մեր դիրքերին։ Ու հասարակութիւնը չի ընդվզում։

Ամբողջ ազգով քննարկում ենք Պրահայի կադրերը, իսկ գլխաւոր հերոսը հարկ չի համարում 5 րոպէ մտնի եթեր՝ բացատրութիւն տայ։ Ու երեւի իր տեսանկիւնից ճիշտ է անում. պահանջող չկայ, ընդվզող չկայ, ամէն ինչի հետ համակերպւում են։

Մենք ունե՞նք ընդդիմութիւն, ձեւաւորւած ֆորմատներ, թէ՞ դա միայն անհամ յայտարարութիւնների ֆաբրիկա է։ Իրադարձութիւնները սրընթաց զարգանում են, ընդդիմադիր համակարգերից որեւէ կազմակերպւած աշխատանք ու կազմակերպւած հակազդում չկայ։ Հասարակութեան հետ որեւէ բաց ու հրատապ խօսակցութեան ջանք չկայ։

Ամսի 5-ի ԱԺ-ում Նիկոլի՝ շատ վտանգաւոր ելոյթից յետոյ երկու ժամ անց պէտք է լինէր ընդդիմութեան լայն ֆորմատով հաւաք, ուղիղ եթերով պէտք է պատասխանւէր նրա բոլոր ռիսկային ձեւակերպումներին, ժողովրդին պէտք է ներկայացւէր այլընտրանքը։ Ոչ մի բան չի արւել։

Ունե՞նք կենսունակ ընդդիմութիւն. անկեղծ պէտք է պատասխանել հարցին։

Իշխանութիւնն ասում է՝ ՀՀ-ն այլեւս չի կարողանում ապահովել Արցախի անվտանգութիւնը, իսկ ՀՀ-ն կարողանո՞ւմ է պաշտպանել Հայաստանը։

Մէկ հոգին երկիրը տանում է անդունդ, ու դրա մասին ինքն էլ բաց ասում է, ժողովուրդը չի հասկանում իրականութիւնը։ Ընդդիմութիւնը եւ վերնախաւերը, որ պէտք է բացատրէին ամիսների հեռանկարով լինել-չլինելու ռիսկը եւ կազմակերպէին դա թոյլ չտալու գործը, իրենք էլ կարծես թէ չեն հասկանում իրավիճակը, կամ գուցէ «հաւես չունեն»։ Իսկ հասարակութիւնը բորենու անտարբերութեամբ կարծում է, թէ Արցախը յօշոտելուց յետոյ թշնամին կը հանդարտւի, իրենց չեն հասնի։ Էն էլ ոնց են հասնելու։

Մեր խնդիրը երբեք այսքան պարզ չի եղել։ Կարողանալ պետութեան գաղափարի շուրջ կոնսոլիդացնել ժողովրդի ակտիւ ուժերին՝ 100-200 հազար։

Ալիեւը մեզ պատմական մի հարցաթերթիկ է տւել եւ դրա համար յատկացրել 2 ամիս ժամանակ. «Դուք կա՞ք, թէ՞ դուք մի մեծ սուտ էք»։

Հիմա´ է ամենաբաց, ազատ, արդար, թափանցիկ ընտրութեան պահը։ Անհատապէս բոլորս այս ընտրութիւնը պէտք է անենք»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։