Հա

Քաղաքական

11/10/2022 - 13:15

«Հայաստանում այսօր կայ իշխանութիւն, որը չի ցանկանում որեւէ հայանպաստ բան անել, աւելին՝ շարունակում է իր ազգակործան ծրագիրը». Մետաքսէ Յակոբեան

Ամիսներ առաջ պաշտօնեաների յայտարարութիւններից ու հանրային խօսոյթից փորձագէտները եզրայանգումներ էին անում, թէ Հայաստանի իշխանութիւնը ձեռքերը լւացել է Արցախից: Հիմա այդ մասին յստակ յայտարարութիւններ են հնչում հէնց իշխանութեան ներկայացուցիչներից: Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը նշում է՝ 2020թ. նոյեմբերի 9-ին, ստորագրելով եռակոմ յայտարարութիւնը, ՀՀ իշխանութիւնները փաստացի ձեռքերը լւացին Արցախից:

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ առաջ պաշտօնեաների յայտարարութիւններից ու հանրային խօսոյթից փորձագէտները եզրայանգումներ էին անում, թէ Հայաստանի իշխանութիւնը ձեռքերը լւացել է Արցախից: Հիմա այդ մասին յստակ յայտարարութիւններ են հնչում հէնց իշխանութեան ներկայացուցիչներից: Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը նշում է՝ 2020թ. նոյեմբերի 9-ին, ստորագրելով եռակոմ յայտարարութիւնը, ՀՀ իշխանութիւնները փաստացի ձեռքերը լւացին Արցախից:

«Բնականաբար, դա պէտք է շարունակութիւն ունենար, դա իրենց սցենարն էր՝ թշնամու հետ համատեղ: Երկու տարւայ ընթացքում սկզբում ուղղակի ակնարկներով, յետոյ աւելի յստակ, իսկ սեպտեմբերի 30-ի հարցազրոյցում ՀՀ ղեկավարը դրեց կնիքը՝ ասելով՝ պայքարում են, որ Հայաստանը մնայ 29,8 հազար քկմ-ով: Փաստեց, որ Արցախը չկայ իրենց պլաններում: Բոլորիս մօտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ էր 2019թ.-ին Վերածննդի հրապարակում կոկորդը պատռում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ: Այն ժամանակ ասում էինք՝ դա անում է գիտակցաբար, որպէսզի հրահրի, եւ յետոյ պատերազմն արդարացւած լինի, նա դա հաստատեց սեպտեմբերի 30-ին իր խօսքերով: Այդ մենախօսութիւնը նպատակ ունէր պատրաստելու հասարակութեանը, որ Պրահայում տեղի ունեցող հանդիպումների արդիւնքներն այդքան էլ անսպասելի չլինէին ժողովրդի համար: Գիտի, թէ ինչպէս պէտք է պահի իրեն, որպէսզի ժողովուրդը չընդվզի այնպէս, ինչպէս պէտք է դաւաճանների դէմ կանգնելու համար: Արդիւնքում, ինչ սպասում էինք, այն էլ տեղի ունեցաւ Պրահայում»,- «Փաստի» հետ զրոյցում ասում է Յակոբանը:

Նրա խօսքով, չէին ուշանալու Ն. Փաշինեանի բարձրախօսների՝ քպ-ականների, նրա օգնականների ու խորհրդականների արձագանգները: «Անսպասելի չէր Էդւարդ Աղաջանեանի խօսքը, որ ՀՀ-ն այլեւս ռեսուրս չունի ապահովելու Արցախի անվտանգութիւնը: Այստեղ պէտք է տողատակերը տեսնել: Աշխարհին է այդպէս ներկայացւել, որ Արցախը կարիք ունի անկախանալու, բայց 1988թ.-ից ի վեր Արցախը մէկ նպատակ է ունեցել՝ միանալ մայր Հայաստանին: 30 տարւայ ընթացքում որեւէ մէկն առանձին չի տեսել Հայաստանն ու Արցախը: Բոլոր բանակցութիւնները, անվտանգութեան երաշխիքները, կապերը դրա վրայ են կառուցւել: Երբ ասում էին երաշխաւոր, երբեւէ չենք առանձնացրել՝ Հայաստա՞նի, թէ՞ Արցախի. իշխանութիւնները եղել են հայի երաշխաւորը: Իր այդ բարձրախօսի միջոցով Ն. Փաշինեանը հասկացրեց նաեւ Հայաստանում բնակւող մեր հայրենակիցներին, որ իրենք չեն կարող երաշխաւորել նաեւ Հայաստանում բնակւող հայերի անվտանգութիւնը: Առանձնացնել Արցախում եւ Հայաստանում բնակւող հայերին անհնար է, որեւէ իշխանութիւն դա չի կարող անել: Ըստ էութեան, յայտարարեցին, որ այն իշխանութիւններն են, որոնք այլեւս ՀՀ-ի եւ Արցախի ու ընդհանրապէս հայի անվտանգութեան երաշխաւորը չեն»,- նշում է Յակոբանը:

Նրա խօսքով, ստացւում է, որ Հայաստանում այսօր կայ իշխանութիւն, որը չի ցանկանում որեւէ հայանպաստ բան անել, աւելին՝ շարունակում է իր ազգակործան ծրագիրը, որը տանում է հայի բնաջնջման: «Կատարում են թուրքերի՝ դեռեւս մէկ դար առաջւայ երազանքը, որ աշխարհում պէտք է մէկ հայ մնայ, այն էլ՝ թանգարանում: Այս պարագայում պէտք է անպայման խօսել ելքից: Այն միակն է՝ ազատւել այս իշխանութիւններից եւ օրէնքների ողջ խստութեամբ պատժել նրանց: Սա է հայի միակ փրկութիւնը: Պէտք է ժողովրդական շարժում. յոյսը դնել քաղաքական գործիչների, նոյնիսկ ընդդիմութեան վրայ, մեղմ ասած, միամտութիւն է: Ընդդիմութիւնը, քաղաքական գիտակից ուժերը կարող են գնալ ժողովրդի յետեւից, բայց պէտք է լինի ժողովրդական լայն համախմբում եւ շարժում»,- յաւելում է պատգամաւորը:

Վերջին օրերին Արցախում հանրահաւաքներ են: Պատգամաւորի հետ զրոյցում անդրադարձանք նաեւ դրանց: «Հայաստանի իշխանութիւններն ամէն բան անում են, որպէսզի այստեղ որեւէ շարժ չլինի, հասկանում են՝ եթէ Արցախում ցասումը սկսւեց, դրա դէմն առնել որեւէ մէկը չի կարող: Դրա կայծերն արդէն կան: Փորձում են դրա դէմն առնել՝ ներդնելով այն մարդկանց, որոնց դեռեւս 2018թ.-ից էին ներդրել: Սեպտեմբերի 3-ին, երբ յայտարարւեց Արցախում «Յանուն Արցախի պաշտպանութեան» ժողովրդական շարժման մեկնարկը, դա չէր նշանակում, որ մէկ ժամ յետոյ մարդիկ պէտք է ողողէին փողոցները: Ժողովրդական շարժումը չի կարող լինել ինքնաբուխ, պէտք է համակարգողներ լինեն ժողովրդից, որպէսզի այն ունենայ իր յստակ պահանջները եւ ծրագիրը: Մեկնարկը տրւել է, կայ մօտ երկու-երեք հարիւր համակարգող, որոնց յետեւում կանգնած են մարդիկ, չկայ քաղաքական առաջնորդ:

Մեր քաղաքական ուժը յայտարարեց, որ միանում է ժողովրդի շարժմանը՝ մի կողմ դնելով քաղաքական ակնկալիքները: Կան քաղաքական ուժեր, որոնք սատարում են այս շարժմանը: Սեպտեմբերի 14-ից մարդիկ սկսեցին ինքնաբուխ դուրս գալ փողոց: Օրեր առաջ հրապարակում շարժման համակարգողներն էին, նաեւ անհատներ, որոնք փորձում էին իրենց ամբիցիաներին յագուրդ տալ եւ շեղել: Երբ իրավիճակն այլեւս վերահսկելի չէր, շարժման համակարգողներն ուղղակի յետ կանգնեցին, եւ այն մարեց: Ժողովրդական շարժումը չի կարող ցածր պահանջ դնել իր առջեւ, այն է՝ իշխանութիւնների հեռացում: Ժողովրդական շարժումը ներկայումս հետեւեալ պահանջն ունի, կոնկրետ ձեւակերպումը չեմ ասի, բայց կասեմ միտքը: Արցախի իշխանութիւնները՝ նախագահի գլխաւորութեամբ, պէտք է հակառակւեն, հակադրւեն Ն. Փաշինեանին, նրա վարչախմբին եւ կատարւած ու կատարւելիք բոլոր գործողութիւններին:

Ժողովուրդը հրապարակում է, ուրեմն նախագահը՝ իր իշխանական նախարարներով եւ պատգամաւորներով, պէտք է կանգնեն ժողովրդի կողքին, դառնան ժողովրդի մասնիկը եւ հարց դնեն Ն. Փաշինեանի եւ այս վարչախմբի դիմաց: Եթէ Հայաստանի իշխանութիւնները չեն կատարում պահանջը, այն է՝ անմիջապէս սթափւել, դադարեցնել բոլոր այն գործընթացները, որոնք անում են, եւ սկսել կատարել հայանպաստ քայլեր՝ խորհրդակցելով Արցախի հետ, ապա միակ քայլն ու գործողութիւնը պիտի լինի ազատւել այս իշխանութիւններից: Մնացած բոլոր պահանջները անձերի ամբիցիաներ են, որոնք նաեւ ուղղորդւում են Արցախից դուրս, բայց Արցախում: Մարդիկ չեն գնում նման մարդկանց յետեւից, շարժման համակարգողներն ունեն յստակ ծրագիր, վստահ եմ, որ մօտ օրերս կը տեսնենք ժողովրդի աւելի հուժկու շարժումը»,- եզրափակում է Մետաքսէ Յակոբեանը:

 

Լուսինէ Առաքելեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։