Հա

Քաղաքական

12/10/2022 - 13:10

«Դարձել ենք աշխարհաքաղաքական խաղերի գերի: Տպաւորութիւն է՝ կարուձեւի են դուրս եկել՝ մկրատով ձեւում են մեր երկրի քարտէզը». Արման Թաթոյեան

168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրն Իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն, ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանն է:

«alikonline.ir» - 168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրն Իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն, ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանն է:

- Ադրբեջանն ունի առաւել մեծ նպատակ, որն ամենեւին էլ միայն Արցախը չէ, այլ ամբողջ Հայաստանը:

- 2020-2021 թւականներին Ադրբեջանի նախագահի ելոյթներում այդ յստակ գիծը կար. իրենց ռազմավարական եւ քաղաքական նպատակն է Երեւանը, Սեւանը, Սիւնիքը եւ Վայոց Ձորի մարզը, որը նրանք Զանգեզուր են կոչում:

- Ակնյայտ է, որ Ադրբեջանի իշխանութիւնները չեն բաւարարւելու նրանով, ինչ ձեռք են բերել պատերազմի արդիւնքներով:

- Մեր հրապարակած քարտէզները, որոնք ունեն Ադրբեջանի զինւած ուժերի ծառայողները՝ որպէս գրպանի գրքեր, ապագայ Ադրբեջանի քարտէզներն են. իրականում դրանք ՀՀ տարածքներն են՝ ադրբեջանական տեղանուններով:

- Ադրբեջանի իշխանութիւնների կողմից ձեռնարկւող սադրանքներն ու ագրեսիան նրանց համար ներքին քաղաքական գործիք են՝ պահպանելու իրենց դիրքն ու պաշտօնները սեփական երկրում:

- Բացարձակ անպատժելիութիւնը, ցինիկ արարքները, որոնք կատարում են, այս ագրեսիան պայմանաւորւած է Ադրբեջանի մղումներով եւ քաղաքականութեամբ:

- Մարդու իրաւունքների պաշտպան աշխատելիս հառավարութիւնից բարձր մակարդակով ինձ ուղիղ պահանջ ներկայացւեց, որ ես այլեւս չքննադատեմ ադրբեջանական ցուցանակները եւ ադրբեջանական զինւորականների ներկայութիւնը՝ ասելով, որ դա կապ չունի մարդու իրաւունքների հետ, միւս պատճառաբանութիւնն էլ այն էր, թէ այդ ցուցանակների քննադատութիւնն առաջացնում է մարդկանց դժգոհութիւնը, որը քաղաքական դժւարութիւններ է ստեղծում ՀՀ իշխանութիւնների համար: Բաւականին դժւար խօսակցութիւն էր, ես նոյնիսկ հարց եմ տւել՝ արդեօ՞ք սրանով պատժում են ՄԻՊ-ին, պատասխանն էր՝ այո, եւ սանկցիան էլ՝ մեզանից աշխատանքային աւտոմեքենաների 90 տոկոսը վերցնելու նախաձեռնութիւնն էր:

- Անվտանգային, կեանքի, սեփականութեան իրաւունքի լուրջ խնդիրներ էին առաջանում գիւղերում ապրող մեր հայրենակիցների համար, եւ մենք պէտք է փաստերով միջազգային հանրութեանը ցոյց տայինք այդ ապօրինութիւնները եւ դուրս շպրտէինք ադրբեջանական զինւած ուժերին մեր երկրի տարածքից, փոխարէնը՝ տարբեր պաշտօնեաներ առաջինից մինչեւ վերեւ անպատասխանատու, ձեւախեղւած յայտարարութիւններ էին անում, թէ դրանք ադրբեջանական տարածքներ են, եւ մենք ոչինչ չենք կարող անել. դրանով լեգիտիմացնում էին, փաստօրէն, Ադրբեջանի գործողութիւնները՝ հիմքեր ստեղծելով Ադրբեջանի համար առաջ տանելու իրենց նարատիւը:

- Պատգամաւորներն (ԱԺ իշխող խմբակցութեան.- հեղ.) իրար հերթ չտալով՝ գնում էին Սիւնիք, լայւ էին մտնում ու յայտարարում, թէ այնտեղ շատ անվտանգ է:

- Այն ժամանակ փոխվարչապետը, որը հիմա պաշտպանութեան նախարարի պաշտօնն է զբաղեցնում (Սուրէն Պապիկեանը.- հեղ.), յայտարարում էր, թէ դրանք ադրբեջանական զինւած ուժերի յենակէտերն են, եւ մենք ոչինչ չենք կարող անել:

- Կառավարութեան ղեկավարը կառավարութեան նիստի ժամանակ յայտարարում է, թէ գոյութիւն ունեն Հայաստանի վերահսկողութեան ներքոյ գտնւող ադրբեջանական տարածքներ. բա սա ՀՀ ղեկավարի խօ՞սք է, բա սա ՀՀ պաշտպանութեան նախարարի խօ՞սք է, որ ասի՝ մենք ոչինչ չենք կարող անել…

- Եթէ դիմենք միջազգային դատարան, մեզ չե՞ն ասի՝ երկրի ձեր պաշտօնեաները ուրիշ բան են ասում…

- Այսօր ԱԺ իշխող խմբակցութեան պատգամաւորներն ասում են՝ Գորիս-Կապան մայրուղին Ադրբեջանի տարածք է, հայկական տարածք չէ: Սա Հայաստանի անվտանգութիւնը խախտող յայտարարութիւն է, բացարձակ տգիտութիւն: Կառավարող խմբակցութեան անդամ ես դու, չե՞ս գիտակցում, որ այդ դիրքորոշումը դիտարկւում է՝ որպէս իշխանութեան դիրքորոշում, այս խօսքերի մէջ քրէական վարոյթի դիտարկումներ չկա՞ն, դելիմիտացիա չի եղել, ինչպէ՞ս կարելի է ասել, որ այդ տարածքն Ադրբեջանի տարածք է… դրանով վտանգում են այդ բնակավայրերի անվտանգութիւնը: Այդ մարդիկ ինչո՞ւ են մտնում իրենց չվերաբերող հարցերի մէջ: Հարցին պէտք է մօտենալ անվտանգութեան տեսանկիւնից, ժողովրդի կեանքի իրաւունքի տեսանկիւնից:

- Մենք հիմա դարձել ենք աշխարհաքաղաքական խաղերի գերի:

- Մենք խնդիրներ ենք ստեղեծել մեր երկրի անվտանգութեան համար:

- Նախ պէտք է ադրբեջանական կողմին Հայաստանի տարածքից հեռացնելու պահանջ դնէինք եւ հեռացնէինք, յետոյ անցնէինք դելիմիտացիայի:

- Մենք պէտք է աշխարհին իրական փաստերով ներկայացնենք, թէ ինչ է տեղի ունենում, իսկ քանի որ մենք չենք ներկայացնում իրական փաստերը, միջազգային կառոյցները մեզ մեղադրում են, թէ՝ ինչո՞ւ չէք ուզում խաղաղութիւն լինի:

- Մենք պէտք է ցոյց տանք Ադրբեջանի իրական մտադրութիւնները, թէկուզ հէնց խոշտանգումների օրինակներով, դրանք վառ ապացոյցներ են:

- Ադրբեջանցիներն այս օրերին հրապարակում են արել Հայաստանի կողմից պատերազմական յանցագործութիւնների մասին. Կոնֆերանս են կազմակերպել «Հայաստանի պատերազմական յանցագործութիւնները ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ» խորագրով:

- Ադրբեջանի նախագահը մեզ հետ երբեք չի խօսել խաղաղութեան լեզւով, նա մեզ հետ խօսել է սպառնալիքի լեզւով:

- Տպաւորութիւն է, որ կարուձեւի են դուրս եկել՝ մկրատով ձեւում են մեր երկրի քարտէզը:

- Այն, որ այսօրւայ իշխանութիւնների քաղաքականութիւնը թոյլ չի տալիս, որ մեր երկրի անվտանգութիւնն ամրապնդւի, դա փաստ է:

- Մեզ համար առաջնային նշանակութիւն ունի՝ բացառել այն պաշտօնեաների ներկայութիւնը երկրի կարեւորագոյն պաշտօններում, ովքեր իրենց քաղաքական շահերն ու պաշտօններն աւելի բարձր են գնահատում, քան երկրի անվտանգութիւնը: Դրանց հեռացնելու հիմքերը մենք ունէինք:

- Անվտանգութեանը վերաբերող չափից շատ հարցեր հանրութիւնից գաղտնի են պահւում:

- Այն, ինչ այսօր ունենք՝ դա կոչում եմ «քաղաքական մեծամասնութեան դիկտատուրա», պետութեան բոլոր հնարաւորութիւններն օգտագործում են իրենց կուսակցութիւնը զարգացնելու համար:

- Քաղաքական մեծամասնութիւնն անում է այն, ինչ ուզում է, ակնյայտ է, որ կառավարութեան ղեկավարը նրանց վերաբերւում է՝ ինչպէս իր աշխատողներ, չկայ խորհրդարանական վերահսկողութիւն կառավարութեան նկատմամբ, նոյնը նաեւ Բարձրագոյն դատական խորհրդում (ԲԴԽ) է:

- ԲԴԽ-ի դէպքում վրէժխնդրութեան գործօնը մեծ է. թէ՛ այս նշանակումները, թէ՛ այլ նշանակումներ ակնյայտ են դարձնում, որ կան քաղաքական հաշւարկներ: Նրանցից որեւէ մէկը չի ծառայելու այն պաշտօնի առաքելութեանը, որին նշանակւել է: Դատաւորներ են նշանակւում մերձաւոր ազգականներ…

- Մենք ունէինք դէպք, երբ տղան քննելու էր հօր կողմից մերժւած գործը՝ Դաւիթ եւ Մհեր Արղամանեանների դէպքը:

- Ի՞նչ է նշանակում՝ քաղաքական գործունէութեամբ զբաղւել, նկատի ունէք կուսակցակա՞ն գործունէութիւն, ոչ, ես հիմա չեմ զբաղւում դրանով, ես այս պահին նման որոշում չունեմ: Ես հիմա իրականացնում եմ ակտիւ հանրային գործունէութիւն՝ իմ քաղաքացիական դիրքորոշումն արտայայտելով, երկրին օգտակար լինելու արդիւնաւէտ գործունէութեան ձեւաչափ այս պահին սա եմ համարում՝ ներկայացնելով, թէ ինչ խնդիրներ կան սահմանների, երկրի կառավարման, դատական իշխանութեան հետ կապւած, եւ դրանց լուծումներն եմ առաջարկում:

- Երբ զգամ, որ եկել է ժամանակը, որ իմ դիրքորոշումը պէտք է յայտարարեմ քաղաքականութիւն մտնելու մասին, ես դրա մասին կը յայտարարեմ ինքնուրոյն, իմ յստակ օրակարգով՝ հիմքում ունենալով իրաւունքի գերակայութիւնը, մեր ներքին համերաշխութիւնը, որովհետեւ այսօր հասարակութիւնը բացարձակ պառակտւած է, անելիքներ ունենք: Եւ, իհարկէ, չափազանց կարեւոր է ազգային արժէքների պաշտպանութիւնը, երկրի անվտանգութեան ապահովումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։