Հա

Քաղաքական

12/10/2022 - 14:10

«Այդ «սլիւներն արժանահաւատ չեն. Փաշինեանն օգտւում է թուրք-ադրբեջանական պնդումներից, դրանք ընկալում՝ ի գիտութիւն». Գառնիկ Դաւթեան

168.am-ի հետ զրոյցում Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանը խօսելով հրապարակւած փաստաթղթից, նշեց՝ նման տեղեկատւական հոսքին չի կարող վստահել, հաշւի առնելով այն ապատեղեկատւութիւնը եւ տեղեկատւական «սլիւները», որոնք իբր թէ բացայայտում են ինչ-ինչ յարաբերութիւններ, որոնք իրականում միտւած են երկրում տեղեկատւական քաոսն աւելի խորացնելու համար։

«alikonline.ir» - «SIL0VIKI» տելեգրամեան հարթակը տեղադրել էր փաստաթուղթ, որն, ըստ նրանց, կազմել է ԱՄՆ Պետքարտուղարութիւնը, եւ քննարկւել է սեպտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Խօսքը վերաբերում է ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի վերջերս ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջէյք Սալիւանի նախաձեռնութեամբ Սպիտակ տանը տեղի ունեցած Արմէն Գրիգորեանի եւ ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպմանը։

Կողմերը պարտաւորւել են կատարել փաստաթղթում տեղ գտած 6 կէտերը, որոնք չեն բխում ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Արցախի շահերից, աւելին, ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանի իշխանութիւնն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։

Ըստ փաստաթղթում ներառւած երրորդ կէտի՝ «Ադրբեջանի կառավարութիւնը կառաջադրի ներկայացուցչի, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակւած ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրաւունքների եւ անվտանգութեան վերաբերեալ: Ներկայացուցիչները կապահովեն թափանցիկութիւն միջազգային հանրութեանը իրենց քննարկումների վերաբերեալ:

Կողմերը կը շարունակեն վերանայել միջազգային դիտորդի դերը՝ չհակասելով Ադրբեջանի ինքնիշխանութեանը, վստահութիւն ապահովելու Լեռնային Ղարաբաղում փոքրամասնութիւնների խմբերի պաշտպանութեան վերաբերեալ»,- նշւած է փաստաթղթում, որի օրիգինալ տարբերակը նոյնպէս հրապարակւել է:

168.am-ի հետ զրոյցում Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանը խօսելով հրապարակւած փաստաթղթից, նշեց՝ նման տեղեկատւական հոսքին չի կարող վստահել, հաշւի առնելով այն ապատեղեկատւութիւնը եւ տեղեկատւական «սլիւները», որոնք իբր թէ բացայայտում են ինչ-ինչ յարաբերութիւններ, որոնք իրականում միտւած են երկրում տեղեկատւական քաոսն աւելի խորացնելու համար։

«Բացի այդ, այս ամէնը նաեւ նպատակ է հետապնդում, որպէսզի այն մարդիկ, որոնք նպատակ ունեն համախմբւելու Հայաստանի փրկութեան շուրջ կամ Նիկոլին հեռացնելու հարցի շուրջ, նրանց մօտ էլ տեղեկատւական վակուում առաջանայ։

Համոզւած եմ՝ բոլոր այն տեղեկատւական «սլիւները», որոնք լինում են, դրանց հիմքում ընկած են ներհայաստանեան քննարկումները, ընդդիմութեան եւ բազմաթիւ փորձագէտների այն յայտարարութիւնները, որոնք պարբերաբար բարձրաձայնում են Հայաստանի իշխանութիւնների գաղտնի պայմանաւորւածութիւնները Ադրբեջանի հետ։ Քանի որ Հայաստանի իշխանութիւնն իր հասարակութեանը չի տրամադրում պատշաճ տեղեկատւութիւն, Ադրբեջանն առիթն օգտագործում է եւ օրակարգ է թելադրել։

Հայաստանի իշխանութիւնն աւելի շատ սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը՝ մի կողմ դնելով բոլոր այն վերապահումները, որոնք արել են նախկին ղեկավարները։ Նիկոլ Փաշինեանն օգտւում է թուրք-ադրբեջանական պնդումներից, որոնք արւել են վերջին տասնամեակների ընթացքում, դրանք իր կողմից ընկալւում են ի գիտութիւն կամ ճշմարտութիւն»,- նշեց Գառնիկ Դաւթեանը։

Անդրադառնալով ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Էդւարդ Աղաջանեանի վերջին հարցազրոյցին, որտեղ նա ասում է, որ Հայաստանն այլեւս ռեսուրս չունի Արցախի ժողովրդի անվտանգութիւնն ապահովելու համար, եւ հարցին, թէ այս մեսիջն ո՞ւմ էր ուղղւած, Գառնիկ Դաւթեանը պատասխանեց՝ յենւելով իշխանութեան ներկայացուցիչների այս եւ նմանատիպ այլ յայտարարութիւնների վրայ, յստակ կարելի է ասել, որ 2021 թւականի իշխանութեան նախընտրական ծրագիրը եղել է մանիպուլեացիա ու խաբէութիւն՝ ուղղւած իրենց ընտրողներին եւ ոչ ընտրողներին։

«Եթէ 2020 թւականից յետոյ Հայաստանն այլեւս նման ռեսուրս չունէր, ապա ինչո՞ւ էին Արցախի ինքնորոշման իրաւունքը՝ որպէս կարեւոր դրոյթ, ներառում իրենց քաղաքական ծրագրում։ Ստացւում է, որ իրենց ամբողջ ժողովրդին խաբել են իշխանութիւնը զաւթելու համար։ Պնդումները, որոնք անում է իշխանութիւնը, թէ իբր ռեսուրս չկայ Արցախին պաշտպանելու համար, այդպէս չէ, իշխանութիւնը երեսպաշտ ստախօս է, ինչն անում են իրենց աթոռը պահելու համար։ Հայաստանն ունի բոլոր հնարաւորութիւններն Արցախին պաշտպանելու համար, այլ հարց է, որ այդ հնարաւորութիւնները չեն օգտագործւում, մասնաւորապէս՝ Իրանի հետ յարաբերութիւնները խորացնել, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Հնդկաստան յարաբերութիւններում յստակ քայլեր անել։

Կրկնում եմ՝ ՔՊ-ականների բոլոր յայտարարութիւնները նպատակ ունեն ծառայելու թուրքական շահին, ինչը ենթադրում է Հայաստանի պետականութեան կորուստ։ Նրանց այդ պնդումների հիմքում չկայ որեւէ տրամաբանութիւն»,- յաւելեց փորձագէտը։

Նոյն համատեքստում Գառնիկ Դաւթեանը նաեւ անդրադարձաւ մէկ այլ իշխանական պատգամաւորի յայտարարութեանը, թէ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ սահմանների մէջ չի մտնում, ընդգծելով՝ փաստ է, որ Հայաստանի իշխանութիւնը ոչնչացրել է երկրի ողջ արտաքին քաղաքականութիւնը։ Իսկ նման յայտարարութիւնները, բնականաբար, վատ են անդրադառնալու Հայաստանի վրայ, անկախ այն հանգամանքից, թէ ով կը լինի իշխանութիւնը։

«Մինչեւ նմանատիպ յայտարարութիւնները մաքրւեն Հայաստանի վրայից, բաւականին երկար ժամանակ կը պահանջւի։ Իշխանութեան կողմից արւած նման յայտարարութիւններն Ադրբեջանին լայն հնարաւորութիւն են տալիս իրենց տարածքային ամբողջականութեան վերաբերեալ բազմաթիւ պահանջներ դնել Հայաստանի առջեւ, խօսել գիւղերի, այլ տարածքների ու բարձունքների մասին։ Համոզւած եմ՝ նմանատիպ բոլոր յայտարարութիւններն ունեն քաղաքական պատւէր, դրանք ուղղակի յայտարարութիւն չեն անում, եւ այն տարածքները, որոնք իրենք բանաւոր պայմանաւորւածութեամբ յանձնել են Ադրբեջանին, հէնց այնպէս չեն վերադարձւելու»,- եզրափակեց Գառնիկ Դաւթեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։