Արմէն Բադալեանի արձանագրմամբ՝ Ռուսաստանում շատ լաւ հասկանում են, որ ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործում է՝ Հարաւային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու համար, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն էլ իրենց հերթին փորձում են դուրս մղել Ռուսաստանին մեր տարածաշրջանից՝ ԵՄ-ի համաձայնութեամբ:
«alikonline.ir» - Ռուսաստանի ԱԳՆ յայտարարութիւնը ազդակ էր Արեւմուտքին, Հայաստանին եւ Ադրբեջանին, բայց առաջին հերթին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, որովհետեւ իրենք են դիմել Բրիւսէլին՝ որպէսզի քաղաքացիական առաքելութիւն իրականացնի հայ-ադրբեջանական սահմանին: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման դիտարկում է արել քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի յայտարարութիւնը, որ «Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելութիւնը Ռուսաստանը դիտարկում է որպէս ԵՄ-ի կողմից Մոսկւայի ջանքերը յետ մղելու ու յարաբերութիւնների կարգաւորմանը միջամտելու փորձ»:
Արմէն Բադալեանի արձանագրմամբ՝ Ռուսաստանում շատ լաւ հասկանում են, որ ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործում է՝ Հարաւային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու համար, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն էլ իրենց հերթին փորձում են դուրս մղել Ռուսաստանին մեր տարածաշրջանից՝ ԵՄ-ի համաձայնութեամբ:
«Այս ամբողջ գործընթացը ձեռք է տալիս Ադրբեջանին, քանի որ ԵՄ-ն ունի Ադրբեջանի գազի եւ նաւթի կարիքը»,- յաւելեց նա:
Արմէն Բադալեանը նշում է՝ Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը Բրիւսէլին են յանձնում սահմանագծման խնդիրը, հետեւաբար, այնտեղ Բրիւսէլի ներկայացուցիչներ պէտք է լինեն, ինչը մեծացնելու է Արեւմուտքի ազդեցութիւնը մեր տարածաշրջանում.
«Բացի սա, ըստ Բրիւսէլում գծւած համաձայնագրի, Արցախը կարգավիճակ չի ունենալու, այսինքն՝ Ռուսաստանը ոչ միայն սահմաններին դիտորդներ չի ունենալու, այլեւ՝ եթէ Ղարաբաղը կարգավիճակ չունի, ապա ինքը ստիպւած է լինելու Ղարաբաղից դուրս գալ, այսինքն՝ կորցնելու է շատ կարեւոր լծակ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի վրայ ազդելու համար, կորցնելու է իր դերը Հարաւային Կովկասում»,-ասաց Բադալեանը: