ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի կարծիքով՝ պէտք է ամէն ինչ անել, որ իշխանութիւնները չհասցնեն ոչինչ ստորագրել:
«Սրանք պատրաստ են ամէն ինչ զիջելու»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:
«alikonline.ir» - ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի կարծիքով՝ պէտք է ամէն ինչ անել, որ իշխանութիւնները չհասցնեն ոչինչ ստորագրել:
«Սրանք պատրաստ են ամէն ինչ զիջելու»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ ընդդիմութիւնն ի՞նչ է անում, որպէսզի իշխանութիւնները ստորագրեն, նա պատասխանեց. «Իրականում, ամենամեծ հարցը, որն այսօր կայ՝ այն է, որ հասարակութիւնը տագնապ չի զգում, տագնապած չէ: Չեմ ասում, թէ մենք գերաշխատանք ենք ծաւալում, հասարակութիւնը մեղաւոր է, ո՛չ, աւելին պէտք է անենք, բայց առաջին հերթին հասարակական տագնապն է, որ մարդիկ զգան, թէ ուր ենք մենք գահավիժում: Շատ խաղաքարտեր չեմ ուզում բացել, բայց առաջիկայ օրերին ինչ-որ բաներ պարզ կը լինեն: Աշխատանքն ամենօրեայ է»:
Դիտարկմանը, թէ երբ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ ստորագրելու է խաղաղութեան պայմանագիր կոչւածը, այդ օրը Բաղրամեան պողոտան լեցուն էր մարդկանցով, այսինքն՝ հասարակութիւնը զգում է վտանգները, եւ խնդիրը երեւի աւելի շատ այն է, որ ընդդիմութիւնը դասեր չի քաղել, օրինակ՝ «Դիմադրութիւն» շարժման սխալներից, եւ չի փորձում նոր թափ հաղորդել պայքարին, նա արձագանգեց.
«Այն, ինչ տեղի է ունեցել, դրա վրայ, բնականաբար, հազար ու մի վերլուծութիւն է եղել: Ամսի 14-ին ժողովուրդը հաւաքւած էր, առաւօտւայ ժամը 4-ին մենք ելանք ժողովրդի առաջ խօսելու, այդ պատկերն էլ պէտք է լրատւամիջոցները նկարէին, որ պարզ լինէր՝ հարցը երկարատեւ պայքարի կարողութիւն ունենալու մէջ է: «Դիմադրութիւն» շարժումը կասեցրեց զիջողական ընթացքի գործնականացումը»:
Նա վտանգաւոր է համարում խաղաղութեան պայմանագրի ձեւակերպումը. «Ադրբեջանի հետ ստորագրւելիք այդ թուղթը պատերազմի պայմանագիր է Հայաստանի համար, ոչ թէ՝ խաղաղութեան: Այդ զիջումները պատերազմի են բերելու: 2021թ. խորհրդարանական ընտրութիւններում Նիկոլն ասում էր՝ խաղաղութիւն եմ բերելու, եթէ ընդդիմութիւնը յաղթի՝ պատերազմ է բերելու: Յաղթեց ինքը, բայց խաղաղութիւն բերե՞ց, պատերազմ բերեց, ամէն օրը մահ է: Խաղաղութեան մասին խօսողները մահ բերեցին: Մի ահաւոր բան պէտք է ասեմ՝ օրերս թաղման բիւրոյում էի, դռանը յայտարարութիւն կարդացի՝ զինւորներին սպասարկում են առանց հերթի: Ամենաահաւոր բանն էր, որ տեսել էի՝ զինւորի մահը առօրեայ է դարձել: Իրենց չեմ մեղադրում, մի փոքր սրտացաւութիւն կարող են դրսեւորել, որ հերթ չկանգնեն զինւորի հարազատները, բայց առօրեայ է դարձել»:
Հարցին՝ ընդդիմութիւնն ամէն ինչ անելո՞ւ է, որ թոյլ չտայ «խաղաղութեան» պայմանագրի ստորագրումը, Մանուկեանը պատասխանեց. «Այո՛: Նոյնիսկ ստորագրութիւնը վերջը չէ, դա դեռ պէտք է մարսեն կամ հազար ու մի տեսակի ընթացակարգերով անցնեն: Իրականում, մեր պայքարը ոչ թէ Նիկոլին հանելն ու մէկ ուրիշին դնելն է, այլ այս կործանարար քաղաքականութեանը վերջ տալն է: Այս երկու տարւայ պայքարը իշխանութեան համար պայքար չէ, սովորական պայքար չէ: Հիմա ով էլ գայ իշխանութեան, մահապարտի գործ է»: