Հա

Քաղաքական

14/10/2022 - 13:00

«Ինչ ասաց Հաջիեւը, եւ ինչու է լռում Հայաստանը». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«Հիքմեթ Հաջիեւը երէկ բաց տեքստով ներկայացրեց պաշտօնական Բաքւի ծրագրերը։ Աւելի բաց տեքստ միջազգային յարաբերութիւններում դժւար է պատկերացնել։ Նա ասում է.

- Արցախի հարցը մոռացեք։ Ոչ մի միջազգային մեխանիզմ։

- Մինչեւ տարւայ վերջ՝ խաղաղութեան պայմանագրի ստորագրում։

- Դրանից յետոյ՝ սահմանազատման գործընթաց, եւ միանգամից՝ նոր պայմաններ՝ Տաւուշի 6 գիւղեր եւ Քեարքի։

- Սա նշանակում է՝ խաղաղութեան պայմանագրի՝ առ ոչինչ ճանաչում եւ նոր ռազմական էսկալացիա։

Ադրբեջանի համար՝ այս տարբերակով եւ այս միջնորդութեամբ, խաղաղութեան պայմանագիրը միայն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների վերջնական փչացման համար է, եւ Արցախից պաշտօնական հրաժարման։ Ադրբեջանը չի թաքցնում, որ դրանից յետոյ սկսելու է նոր լարւածութեան փուլ, որը կարող է բերել նորանոր պահանջների, իսկ կարճ ժամանակ անց՝ լայնածաւալ յարձակման։

Հայ ժողովուրդը այս իրականութիւնը չի հասկանում։ Այն վայելում է Մակրոնի յայտարարութիւնները, իսկ մի մասն էլ՝ թէ ինչպէս Արարատ Միրզոյեանը «տեղը դրեց» Լաւրովին։

Ընդդիմութիւնը պահպանում է խոր լռութիւն, որը արդարացնող որեւէ հիմնաւորում չունի։ Ես չէի ուզում մտածել, որ այդ լռութեան տակ մասնաւոր շահեր կամ հաշւարկներ են։

Եւ վերջապէս՝ կառավարութեան նիստում ազդարարւում է բոլոր զինապարտ քաղաքացիներին խրամատ տանելու մասին նոր գաղափարը, որը, ըստ էութեան, Հայաստանը Ուկրայինայի վերածելու մասին պաշտօնական անոնս է։

Հայաստանն այսօր կանգնած է պատմական սխալների եւ պատմական աղէտի շեմին, որի մասին ժողովուրդը չի գիտակցում, որովհետեւ ոչ ոք նրան դա չի բացատրում։ Փաստը կայանալուց յետոյ մեղաւորների փնտրտուքը ինձ համար երկրորդական եւ անիմաստ հարց է։

Ամէն հնարաւոր բան պէտք է անել՝ սրընթաց աղէտի գնացող գնացքը կանգնեցնելու համար։ Այդ քայլերի մէջ մտնում է.

- Երկխօսութիւն՝ իշխանութեան եւ պետական ինստիտուտների հետ

- Երկխօսութիւն սեփական ժողովրդի հետ։ Բացատրել ռիսկերը, եւ բացատրել հակառուսական արշաւի ծայրայեղ վտանգաւորութիւնները։ Այսօրւայ Վրաստանը պետական մտածողութեան լաւագոյն օրինակն է, որը չտրւեց հակառուսական ճնշումներին։ Կասէք՝ նրանք ունեն դառը փորձ, բայց չէ՞ որ արդէն մենք էլ մերն ունենք, ու շատ աւելի թարմ։

- Ամէն անձնական շահ մի կողմ դնելու ունակութիւնը։

- Իրավիճակը դեռ կարելի է փրկել. Հայաստանը պէտք է հանել Ռուսաստան-Արեւմուտք-Իրան բախման էպիկենտրոնից։

Դեռ կարելի է խուսափել վատագոյնից, դեռ կարելի է նորմալ բանակցել եւ մերժել պատերազմը, բայց հնարաւորութիւնները օր օրի նւազում են։ Շատերի լռութիւնն այս պայմաններում չի հասկացւելու»։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։