Հա

Քաղաքական

14/10/2022 - 18:47

Ռուբէն Սաֆրաստեան․ Թուրքիան շտապում է երկու պատճառով

Պարոն Սաֆրաստեան, Պրահայում Փաշինեանն ու Էրդողանը հանդիպեցին առաջին անգամ։ Ինչպէ՞ս կը բնութագրէք այդ հանդիպումը, արդեօք այն ճանաչողական էր, թէ՞ այլ շերտեր էլ կային։ Պաշտօնական հաղորդագրութեան մէջ կրկնւում են այն կէտերը, որոնք նախկինում եղել են։ Արդեօք միայն դրանք են եղել՝ Ձեր տեղեկութիւններով։

Hetq.am-ի հարցազրոյցը ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի հետ:

 

-Պարոն Սաֆրաստեան, Պրահայում Փաշինեանն ու Էրդողանը հանդիպեցին առաջին անգամ։ Ինչպէ՞ս կը բնութագրէք այդ հանդիպումը, արդեօք այն ճանաչողական էր, թէ՞ այլ շերտեր էլ կային։ Պաշտօնական հաղորդագրութեան մէջ կրկնւում են այն կէտերը, որոնք նախկինում եղել են։ Արդեօք միայն դրանք են եղել՝ Ձեր տեղեկութիւններով։

-Տեղեկութիւններ չունեմ, բայց կարող եմ իմ տպաւորութիւններով կիսւել։ Իմ տպաւորութիւնն այն է, որ առանձնապէս սկզբունքային հարցեր յաջորդական յարաբերութիւնների առումով չեն քննարկւել։ Գիտէ՞ք, թէ ինչի վրայ են հիմնւում իմ տպաւորութիւնները, որ երկար չի տեւել հանդիպումը՝ 1 ժամ կամ հաւանական է՝ աւելի պակաս։ Եւ երկրորդ՝ առանձնազրոյց չի եղել Փաշինեանի եւ Էրդողանի միջեւ։ Այսինքն՝ դա վկայում է այն մասին, որ այնպիսի հարցեր են քննարկւել, որոնք մինչ այդ քննարկւել են։ Նոր, սկզբունքային հարց, որը կը նշանակէր, որ հայ-թուրքական յարաբերութիւններում նոր երեւոյթներ են ի յայտ գալիս, չկայ։ Իմ եզրակացութիւնը, որ յենւում է տպաւորութեան, այլ ոչ թէ տեղեկութեան վրայ, այն է, որ սա եղել է զուտ ճանաչողական հանդիպում։ Առաջին հանդիպումն էր երկու երկրների ղեկավարների միջեւ, եւ պարզ չէ՝ շարունակութիւն կը լինի՞, թէ՞ ոչ։

 

-Ձեր կարծիքով՝ մինչ այս ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն արդեօք իրականութիւն կը դառնան, թէ՞ նախկինի պէս Ձեր նշած 4 նախապայմաններով կը շարունակեն առաջնորդւել։

-Այդ հանդիպումից յետոյ Էրդողանը հանդէս եկաւ մամլոյ ասուլիսով, որտեղ հետեւեալ արտայայտութիւնն արեց՝ Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ քննարկւել են պահանջներ, չասաց, թէ ինչ պահանջներ են։ Այսինքն՝ դրանից եզրակացնում եմ, որ փաստօրէն, այն նախապայմանները, պահանջները, որոնք Թուրքիան վերջին շրջանում առաջ է քաշում՝ կապւած հայ-թուրքական յարաբերութիւնների հետ, այդ երկիրը նորից կրկնել է։ Իսկ դրանցից առաջինն այն է, որ Հայաստանը պէտք է ստորագրի պայմանագիր Ադրբեջանի հետ, եւ Արցախը ճանաչւի որպէս Ադրբեջանի մաս։ Դրա մասին Էրդողանն էլ է պաշտօնապէս խօսել, Չաւուշօղլուն էլ է խօսել։

Արդէն ակնյայտ է, որ սա Թուրքիայի կողմից նախապայման-պահանջ է, ինչպէս ձեւակերպում է Էրդողանը։ Եւ այստեղ պէտք է նաեւ հաշւի առնենք, որ թէ՛ Ադրբեջանը, թէ՛ Թուրքիան յայտարարել են, թէ շահագրգռւած են, որ միջանցք լինի, այսպէս կոչւած՝ «Զանգեզուրի միջանցք»։ Չի բացառւում, որ դա եւս քննարկւել է, եւ Թուրքիայի կողմից որպէս պահանջ ներկայացւել։ Մինչ այդ բանակցութիւնները Թուրքիայի կողմից պաշտօնական յայտարարութիւններ լսել ենք դրա մասին։ Այնպէս որ, այս երկուսը ներկայ փուլում, կարծում եմ, առաջնային նշանակութիւն ունեն Թուրքիայի համար։

Իսկ յետոյ արդեն 25 տարւայ ընթացքում Թուրքիան ունեցել է նախապայմաններ՝ կապւած Հայոց ցեղասպանութեան, Կարսի պայմանագրի հետ։ Եթէ մինչ այս Թուրքիան դրանք չի ներկայացրել, իմ կարծիքով, կը ներկայացնի հետագայ փուլերում։

 

-Շարունակո՞ւմ էք այն կարծիքին մնալ, որ հայ-թուրքական չորրորդ բանակցութիւններն էլ կը ձախողւեն՝ դատելով ընթացիկ հանդիպումներից ու յայտարարութիւններից։

-Այնպիսի հարց էք տալիս, որի պատասխանը միանշանակ չեմ կարող ունենալ։ Ինձ թւում է (սա եւս տպաւորութեան մակարդակով եմ ասում, քանի որ տեղեկութիւնները քիչ են), որ առաջիկայ փուլում Թուրքիան շահագրգռւած չէ շարունակել բանակցային գործընթացը Հայաստանի հետ, որն սկսւել է Քըլըչի ու Ռուբինեանի միջեւ։ Թուրքիան ներկայ փուլում կը ձգտի ամէն ինչ անել, որ վերը նշածս երկու նախապայմանները Հայաստանն ընդունի կամ դրանցից գոնէ մէկը՝ Արցախի հիմնահարցի վերաբերեալ։ Եւ մինչեւ դա չլինի, կարծում եմ, Թուրքիան չի գնայ այդ բանակցութիւնների շարունակութեան։

 

-Նախկինում մեզ (Hetq.am-ի) հետ հարցազրոյցի ժամանակ էլ նշեցիք, որ Թուրքիան բանակցում է Հայաստանի հետ ոչ թէ յարաբերութիւնների, այլ կոնկրետ հարցերում զիջումներ ստանալու համար։

-Միանգամայն այո, այդ միտքը իմ վերլուծութիւնների արդիւնք է։ Դա եղել եւ մնում է, Թուրքիայի համար ներկայ փուլում կարեւորը դա է։ Հետագայում եթէ Թուրքիան հասնի այդ նպատակի իրականացմանը, ինձ թւում է, բանակցութիւնները կը շարունակւեն, եւ Թուրքիան կը սկսի մտածել իր այն աւանդական նախապայմանների մասին, որոնց մասին խօսեցինք։ Այսինքն՝ կարեւոր հանգամանք կայ այստեղ․ Թուրքիայի յարաբերութիւնները Հայաստանի հետ ունեն որոշակի, բայց ոչ կարեւոր նշանակութիւն, քանի որ Հայաստանը տնտեսական առումով առանձնապէս չի հետաքրքրում Թուրքիային։ Միւս կողմից՝ Հայաստանը ռազմական առումով վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար։ Այնպէս որ, այս ամենակարեւոր երկու հանգամանքը Թուրքիային չի ստիպում, որ Հայաստանի հետ գնայ իրական բանակցութիւնների։ Դրա համար բանակցութիւնների ընթացքում լուծում է այլ խնդիրներ։

Մի հանգամանք ուզում եմ ընդգծել, որն իմ վերլուծութիւնների արդիւնքն է՝ մենք պէտք է վերագնահատենք Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականութիւնը։ Իմ գնահատմամբ՝ մեր տարածշրջանում Թուրքիան հիմա լուծում է ոչ թէ երկկողմանի խնդիրներ, այլ աւելի շատ ռազմավարական խնդիր՝ տարածաշրջանում հասնել գերակշռող դիրքի։ Այդ նպատակը Թուրքիայում եղել է Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, բայց հիմա սկսւել է այն փուլը, երբ փորձում է այդ նպատակը իրականութիւն դարձնել։ Եւ այս տեսակէտից է Թուրքիան մօտենում Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը։

 

-Ռուս–ուկրայինական պատերազմի ֆոնին Թուրքիան տարածաշրջանում զգալիօրէն ակտիւացել է։ Սա ինչի՞ կարող է յանգեցնել։

-Այստեղ միայն Թուրքիան չէ։ Տարածաշրջանում տեսնում ենք մի քանի գործընթաց, դրանցից մէկն արդէն նշեցինք՝ Թուրքիան ձգտում է իր դերն աւելի կարեւոր դարձնել տարածաշրջանում, դա, իհարկէ, այնպիսի նպատակ է, որ միանգամից չի իրականացնի, ժամանակ է պահանջւում։ Կան այլ գործընթացներ, որոնցից մէկը Ռուսաստանի թուլացումն է տարածաշրջանում, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի նշանակութիւնը, կարծես թէ, թուլանում է՝ կապւած ռուս-ուկրաինական պատերազմով։

Բայց մէկ այլ կարեւոր գործընթաց կայ, որն ակնյայտ է դառնում՝ ԱՄՆ-ի ակտիւացումն է մեր տարածաշրջանում։ Կարող ենք արձանագրել, որ եթէ ներկան համեմատենք Թրամփի նախագահութեան շրջանի հետ, ապա ԱՄՆ-ն մանաւանդ վերջին ամիսներին ակտիւացրել է իր քաղաքականութիւնը մեր տարածաշրջանում։ Բացի Փելոսիի այցից՝ տեսնում ենք, որ  հանդիպումներ, զրոյցներ, հեռախօսազրույցներ են տեղի ունենում ամերիկեան բարձրագույն ղեկավարութեան ներկայացուցիչների հետ, այսինքն՝ ամերիկացիները, իմ կարծիքով, գնահատելով Ռուսաստանի թուլացումը, ցանկանում են աւելի ակտիւանալ այս տարածաշրջանում։ Իմ գնահատմամբ՝ Թուրքիան ինչու՞ է շտապում․ բացի նրանից, որ ուզում է (քանի պարտութիւնը համեմատաբար նոր է Հայաստանի համար)՝ Ադրբեջանն իր նպատակին հասնի, նաեւ շտապում է, քանի որ մտավախութիւն ունի, որ ԱՄՆ-ն կարող է աւելի լայնածաւալ քաղաքականութիւն իրականացնել տարածաշրջանում՝ այստեղ վերցնելով հիմնական պատասխանատւութիւնը։ Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Թուրքիան շտապում է լցնել այդ որոշակի վակուումը։ Հետաքրքիր զարգացումներ կարող են լինել։

Յաջորդ գործընթացը Եւրոմիութեան ակտիւացումն է մեր տարածաշրջանում, որն արդէն կոնկրետ ձեւեր ունի։ Գիտենք, թէ Բրիւսէլում ինչ քննարկումներ են տեղի ունենում։

Սրան կաւելացնենք (գործընթաց չէ, բայց որոշակի դիրքորոշում է) Իրանի դիրքորոշումը։ Վերջինս կոնկրետ գործողութիւններ չի իրականացնում այստեղ, բայց գոնէ կոնկրետ յայտարարութիւնների մակարդակով փորձում է արտայայտել իր դիրքորոշումը։ Այն կապւած է, ինչպէս գիտէք, սահմանների անփոփոխ մնալու հետ։ Իրանը շատ զգայուն է Սիւնիքում ադրբեջանական ագրեսիւ գործողութիւնների նկատմամբ։

Տարածաշրջանում մի նոր փուլ է սկսւում։ Եթէ մինչեւ 44-օրեայ պատերազմը տարածաշրջանն անջատւած էր համաշխարհային գործընթացներից, եւ այստեղ միանձնեայ կարեւոր դեր էր խաղում Ռուսաստանը, տեսնում ենք, որ հիմա ակտիւացել են այլ խաղացողներ եւս։ Որպէս Հարաւային Կովկաս՝ ներգրաււում ենք համաշխարհային գործողութիւնների մէջ։ Եթէ աւելի լայն նայենք, ապա տեղի է ունենում գոյութիւն ունեցող աշխարհակարգի թուլացում կամ նոյնիսկ փլուզում եւ նոր աշխարհակարգի ձեւաւորում։ Եւ մեր տարածաշրջանը գտնւում է այդ գործընթացների շրջանակում։ Սա լաւ է, թէ վատ, այլ խնդիր է, ես փաստն եմ արձանագրում։

 

-Այսինքն՝ շահերի վերաձեւման փուլում տարածաշրջանը հեռու է խաղաղութիւնից, եթէ կոպիտ ձեւակերպենք։

-Այո, եւ, իհարկէ, այստեղ շատ կարեւոր նշանակութիւն ունեցաւ 44-օրեայ պատերազմում մեր պարտութիւնը, ինչը հնարաւորութիւն տւեց, որ տարածաշրջանում այս բոլոր գործընթացներն ի յայտ գան ու արագ տարածւեն։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։