Հա

Քաղաքական

15/10/2022 - 13:00

«Ադրբեջանը շտապում է, որովհետեւ երկրորդ Փաշինեան չի լինելու Հայաստանում եւս 1000 տարի». Արմինէ Ադիբէկեան

Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական խմբի տեղակայումը չի զսպի Ադրբեջանին:

«alikonline.ir» - Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական խմբի տեղակայումը չի զսպի Ադրբեջանին:

«Միջազգային հանրութիւնը իրաւունք չունի ասել Ալիեւին՝ ինչ անել, այսօրւայ իրավիճակը հէնց այդպիսին է, որովհետեւ Եւրոպան գտնւում է շատ խորը կախւածութեան մէջ Ադրբեջանի նաւթից, ինչը հաւասար է անձամբ Իլհամ Ալիեւին: Այսինքն՝ Իլհամ Ալիեւը, ինչպէս ժամանակին Վլադիմիր Պուտինը Եւրոպային զսպում էր կամ իր կամքն էր թելադրում՝ սպառնալով գազի փականը փակել, նոյնն անում է Ալիեւը: Ոչինչ չի փոխւելու, ասեմ աւելի՝ Ադրբեջանն էլ աւելի սանձարձակ քայլերի է դիմելու, իմանալով, որ նրան դիմադրող չի լինելու»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ Ռուսաստանի դէպքում Եւրոմիութիւնը սկսեց բաւականին կոշտ դիրքորոշում որդեգրել, եւ նրանք ասում են, որ իրենց համար եւրոպական արժէքներն են ամենակարեւորը, արդեօ՞ք Ադրբեջանի դէպքում էլ այդպէս չի լինի ինչ-որ մի փուլից, նա պատասխանեց. «Ոչ, որովհետեւ արժէքն՝ արժէքներով, իսկ տաք բնակարանները եւ ձէթը՝ խանութներում, ինքն իրենով: Եւրոպան կարող է իր արժէքների մասին խօսել՝ Ռուսաստանի դէմ ունենալով Ադրբեջանի գործօնը, այսինքն՝ ալտերնատիւ էներգատարների ուղիներ»:

Հետաքրքրւեցինք՝ չի՞ չափազանցնում Ադրբեջանի դերը՝ հաշւի առնելով, որ այդքան մեծ ռեսուրսներ չունեն:

«Հաշւի առնելով այն հանգամանքը, որ Եւրոպան ուրիշ տարբերակ չունի, ապա նա խաղում է որոշակի ակտուալ դեր: Հիմա այդ դերը չափազանցւած է, թէ թերագնահատւած, դա ուրիշ հարց է, ձմեռը ցոյց կը տայ: Բայց երբ Եւրոպան վեհ արժէքներից խոսելիս՝ հանդուրժում է այն այլանդակութիւնները, որոնք տիրում են մեր տարածաշրջանում, եւ այն ամէնը, ինչ անում է Իլհամ Ալիեւը, թոյլ տւէք՝ ես լուրջ կասկածներ յայտնեմ եւրոպական արժէքների վերաբերեալ:

ԵՄ դիտորդների տեղակայումը բացարձակապէս որեւէ բան չի փոխի, որովհետեւ դիտորդները չեն գտնւելու այն վայրերում, որտեղ հնչելու են կրակոցներ, և սպանւելու են մարդիկ, նրանք նստելու են Երեւանում կամ, լաւագոյն դէպքում, մարզկենտրոններում, որոնք քիչ թէ շատ անվտանգ են, ես դժւարանում եմ ասել՝ ինչպէս են նրանք չափելու՝ ով է սկսել, ով է մեղաւոր, ով է պատասխանատուն, եւ այլն: Դրանք լինելու են ստանդարտ, հերթապահ գրութիւններ առ այն, որ կողմերը կրկին խախտել են հրադադարը, եւ կոչ անեն կողմերին՝ վերադառնալ բանակցային սեղան»,-ի պատասխան՝ ասաց նա:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողութիւնների եւ լռեցրել են հակառակորդի կրակը:

Արմինէ Ադիբէկեանի գնահատմամբ՝ դրանով Ադրբեջանը Փաշինեանին է մեսիջներ յղում, որ ստորագրի այն փաստաթուղթը, որը, ըստ նրա՝ բխելու է Ադրբեջանի շահերից. «Ադրբեջանը շտապում է, որովհետեւ ինչպէս նախկինում եմ ասել՝ Նիկոլ Փաշինեանը Ադրբեջանի համար նւէր է, երկրորդ Նիկոլ Փաշինեան Հայաստանում չի լինելու եւս հազար տարի, եւ նրանք փորձելու են կթել այս իրավիճակից եւ Նիկոլ Փաշինեանից այն մաքսիմումը, որը նրանք կը ստանան եւ որը գրեթէ յաւերժ ծնկի կը պահի Հայաստանին եւ հայ ժողովրդին՝ բերելով մեզ կործանման»:

Նա նկատեց՝ Ադրբեջանն ունի բացայայտ, ստոյգ եւ անթաքոյց պլան՝ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է դադարի գոյութիւն ունենալ, իսկ հայ ժողովուրդը պէտք է տեղափոխւի ուրիշ տեղ, այլ ոչ այս տարածաշրջանում. «Մարդիկ չեն էլ թաքցնում դա, բացայայտ ասում են՝ Հայաստանը երբեք ոտքի չի կանգնի եւ կոչնչացւի քարտէզի վրայից»:

Ինչ վերաբերում է Հայաստանում հակառուսական տրամադրութիւններին եւ Արեւմուտքի ակտիւութեանը, նա շեշտեց, որ Եւրոպան Հայաստան զօրք չի ուղարկելու. «Այստեղ մտնելու է թուրքական զօրքը, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, ու մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ ՀԱՊԿ, կա՛մ ՆԱՏՕ, իսկ ՆԱՏՕ-ն ո՞վ է մեր տարածաշրջանում՝ Թուրքիան: Մենք ուզո՞ւմ ենք թուրքական զօրք մեր տարածքում՝ հաշւի առնելով, որ նրանք մեզ չեն պաշտպանելու՝ ոչնչացնելու են, օգտագործելու են այդ պատրւակը, որ իրենց նախշուն գործը էլ աւելի ոչ ռեսուրսատար միջոցներով իրականացնեն: Մենք ունենք մեծ խնդիր, որ ինչ-որ մի զանգւած փողով կամ հոգու պոռթկումով ինչ-որ լաւ-լաւ բաներ է ուզում, բայց բացարձակապէս չի մտածում հեռանկարների մասին:

Նրանք բացարձակապէս չեն կարողանում հաշւել ռիսկերը եւ իրենց քայլերի հետեւանքները, ես գիտեմ՝ ինչով է բացատրւում արեւմտամէտների ոգեւորութիւնը, բայց գիտեմ մի բան, որ նրանք ի վիճակի չեն հաշւարկել գոնէ մէկ տարւայ կտրւածքով մեր հեռանկարները: Հետեւաբար, նման մարդկանց ակտիւութիւնն իր մէջ աւելի շատ վտանգ է պարունակում, քան ռացիոնալ տարր, որից կարելի է բռնել եւ այդ կծիկը քանդել»:

Կառավարութեան վերջին նիստում Սուրէն Պապիկեանը յայտարարեց, որ եռամսեայ հաւաքներ այլեւս չեն լինելու, փոխարէնը՝ կանցկացւեն 25-օրեայ հաւաքներ, որոնք պարտադիր կը լինեն Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: 7 օր զինւորական պատրաստութիւն անցնելուց յետոյ այդ մարդիկ պէտք է 14 օր մարտական հերթապահութիւն անցկացնեն: Արմինէ Ադիբէկեանի կարծիքով՝ այս նախաձեռնութիւնը ներքին խնդիր լուծելու համար է. «Բոլոր այն մարդիկ, որոնք Ֆրանսիայի հրապարակում հաւաքւած էին եւ պահանջում էին Փաշինեանի հրաժարականը, այդ մարդկանց հեռացնում են քաղաքից եւ տանում են դիրքեր՝ յոյս ունենալով, որ այդ մարդիկ իրենց ցեղակիցների կողմից կը սպանւեն:

Այն, ինչ տեղի ունեցաւ օգոստոսին, երբ գրեթէ բոլոր ընդդիմադիր տղամարդկանց հաւաքեցին եւ տարան եռամսեայ հաւաքների, եւ մենք գրեթէ ամէն օր լուրեր էինք ստանում, որ մարդ է զոհւել կամ հանկարծամահ եղել: Այսինքն՝ ոչ թէ անվտանգային խնդիրներ են լուծում, այլ կոնկրետ իրենց իշխանութիւնը պահելու խնդիրն են լուծում՝ «վտանգաւոր» էլեմենտներին մեկուսացնում են սարերում: Նրանք այնպիսի մարդկանց են զօրակոչել, որոնք շատ ակտիւ ընդդիմադիր գործիչներ են, բայց ունեն լուրջ առողջական խնդիրներ»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։