Նիկոլ Փաշինեանը որոշել է բանակ տանել բոլորին։ Հէնց այս իմաստն ունէր նախօրէին կառավարութեան նիստում պաշտպանութեան նախարարի ներկայացրած կցկտուր տեղեկութիւնը՝ եռամսեայ հաւաքներից հրաժարւելու եւ բոլոր զինապարտ քաղաքացիներին տարւայ մէջ 25 օր զինւորական հաւաքներում ընդգրկելու մասին։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Նիկոլ Փաշինեանը որոշել է բանակ տանել բոլորին։ Հէնց այս իմաստն ունէր նախօրէին կառավարութեան նիստում պաշտպանութեան նախարարի ներկայացրած կցկտուր տեղեկութիւնը՝ եռամսեայ հաւաքներից հրաժարւելու եւ բոլոր զինապարտ քաղաքացիներին տարւայ մէջ 25 օր զինւորական հաւաքներում ընդգրկելու մասին։
Աւելի դետալային տեղեկութիւն իշխանութեան հերթական այսրոպէական որոշման վերաբերեալ յայտնի չէ։ Այն դէպքում, երբ այս որոշումը կամ նորամուծութիւնը խիստ համակարգային քայլ է, որը կարող է արդիւնաւէտ լինել միայն բոլոր քայլերի համակարգման ու համալիր մօտեցման դէպքում։ Սակայն դատելով այն մակերեսայնութիւնից, որով հանրութեանը ներկայացւեց այդ որոշումը, իրականում որեւէ խորքային վերլուծութիւն, քննարկում, հաշւարկ չի կատարւել եւ, ըստ ամենայնի, որոշումը կայացւել է «ոտքի վրայ»։
Զինապարտ բոլոր քաղաքացիներին տարւայ մէջ 25 օրով հաւաքների ներգրաւելու գործընթացը ենթադրում է միանգամայն այլ ենթակառուցւածքային, տեխնիկատնտեսական, լոգիստիկ եւ այլ բնոյթի կարողութիւններ, քան այսօր ունեն հայկական բանակն ու նրան սպասարկող ծառայութիւնները։
Խօսքն ամէն ամիս մի քանի տասնեակ հազար տղամարդկանց զօրահաւաքային գործընթացում ներգրաւելու մասին է, ինչը ենթադրում է հսկայական նոր կարողութիւնների գործադրում՝ սկսած տրանսպորտային միջոցներից, մինչեւ զօրամասային շէնքեր, զինպատրաստութեան համակարգեր, ի վերջոյ, զինամթերք։
Դրանք, եւ բազմաթիւ այլ անհրաժեշտ բաղադրիչներ ենթադրում են հսկայական նիւթական միջոցների ծախս, որը գոնէ հանրութեանը չի ներկայացւել «ժողովրդավարութեան բաստիոնի» իշխանութիւնների կողմից։
Այսինքն՝ հասարակութիւնը չի տեղեկացւել, թէ որքա՞ն է վճարելու այս՝ կասկածելի արդիւնաւէտութեամբ որոշման համար։ Իսկ արդիւնաւէտութիւնն այս դէպքում գլխաւոր հանգամանքն է, որովհետեւ չափելի ցուցանիշներ ունենալու պարագայում (նորմալ պայմաններում նման որոշումները ունենում են հիմնաւորումներ, արդիւնաւէտութեան կանխատեսում, եւ այլն) կարող էր պարզւել, որ աւելի արդարացւած է եռամսեայ հաւաքների ինստիտուտի կատարելագործումը, քան «բոլորին բանակ տանելը»։
Այս որոշման կայացման հապճեպութիւնն ու մակերեսայնութիւնը հիմք է տալիս մտածելու, որ այն իրականում ունի ոչ միայն, իսկ որ աւելի հաւանական է՝ ոչ այնքան պետութեան մարտունակութեան բարձրացման, որքան այլ, այդ թւում՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ նպատակներ։
Ամէն ամիս մի քանի տասնեակ հազար աշխատունակ տղամարդկանց կեանքի նորմալ ռիթմը խաթարելը ունենալու է բազմաթիւ յարակից հետեւանքներ՝ սկսած սոցիալ-հոգեբանական ազդեցութիւններից (ընտանեկան բնականոն կեանքի խաթարում, միջավայրային կապերի խզում եւ այլն) մինչ տնտեսական ցիկլի խաթարումներ (մեծ թւով աշխատակիցների թէկուզ մէկ ամսւայ բացակայութիւնը յատկապէս մասնաւոր բիզնեսում առաջացնելու է աշխատանքային, տեխոնոլոգիական, բազմաթիւ այլ բնոյթի անհամամասնութիւններ եւ դառնալու է յաւելեալ ծախս բիզնեսի համար)։
Հանրագումարում, բոլոր այս գործօնների համալիր ազդեցութիւնը յանգեցնելու է քաղաքացիական, նաեւ քաղաքական կեանքի յարաբերականօրէն բնականոն ռիթմի խաթարմանը՝ այդպիսով բացառելով ակտիւ քաղաքացիների հնարաւոր ներգրաււածութիւնը որեւէ քաղաքական գործընթացի, այդ թւում՝ հակաիշխանական ձեւաչափերի։
Հասկանալի է, որ այս որոշման իրագործումը մեծ խթան կը հանդիսանայ նաեւ կոռուպցիայի համար՝ էականօրէն բարձրացնելով պարտադիր հաւաքներից ազատւելու ստւերային ծառայութիւնների գները։ Հաշւի առնելով ինստիտուցիոնալ կոռուպցիայի նկատմամբ գործող իշխանութեան անյագուրդ սէրը, պէտք չէ բացառել, որ այդ հեռանկարը եւս որոշիչ ազդեցութիւն է ունեցել այս՝ գոնէ այս պահին անհեթեթ ու վտանգաւոր թւացող որոշման կայացման հարցում։
168.am