Panorama.am-ը զրուցել է «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» ՀԿ նախագահ, ՀՀ ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանի հետ՝ արցախահայութեան իրաւունքների, հնարաւորութիւնների եւ ստեղծւած իրավիճակում հնարաւոր ելքերի մասին։
«alikonline.ir» - Panorama.am-ը զրուցել է «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» ՀԿ նախագահ, ՀՀ ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանի հետ՝ արցախահայութեան իրաւունքների, հնարաւորութիւնների եւ ստեղծւած իրավիճակում հնարաւոր ելքերի մասին։
Panorama.am - Ի՞նչ հնարաւորութիւն ունի այսօր արցախահայութիւնը՝ միջազգային հարթակներում իրաւունքների պաշտպանութեան առումով։ Արդեօ՞ք ունեն դեռ չօգտագործւած հնարաւորութիւններ։
Լարսա Ալավերդեան - Այնպէս չէ, եթէ Արցախի հանրապետութիւնը միջազգայնօրէն ճանաչւած չէ, ապա նա ոչ մի դաշտում չի կարող հանդէս գալ՝ որպէս միջազգային իրաւունքի սուբիեկտ, ճիշտ հակառակը։ Ես կարող եմ թւարկել քաղաքական, քաղաքացիական միջազգային մարմինների, տնտեսական, սոցիալական ինստիտուտների, Հաագայի կոնւենցիայում ի վերջոյ կայ նշւած դրոյթ՝ չճանաչւած պետութիւնների մասով կամ ագրեսիայի բանաձեւը, որը տալիս է ՄԱԿ-ը, բացարձակապէս կապ չունի պետութիւնը ճանաչւած է, թէ՝ ոչ։ Այսինքն՝ կան յատուկ մարմիններ, այդ թւում ագրեսիայի առումով անվտանգութեան խորհուրդ, որին պէտք է դիմի Արցախը։ Դա պէտք է լինի դիւանագիտական նոտա՝ գրւած բոլոր կանոններով, յստակեցւի ոչ թէ Հայաստանի դիրքորոշումը, այլ Ադրբեջանի բոլոր հնչեցւած սպառնալիքները, որոնք ուղղակի հակասում են ՄԱԿ-ի կանոնադրութեանն ու մնացած փաստաթղթերին։ Այս «նոտաները» ոչ թէ պէտք է էլեկտրոնային տարբերակով ուղարկել, այլ ձեռքից ձեռք՝ օգտագործելով Սփիւռքի կապերը, ԱԳ նախարարութեան եւ նախագահների հնարաւորութիւնը։ Նախեւառաջ պէտք է տրւեն այն երեք պետութիւններին, որոնք ՄԱԿ-ի անդամ, միաժամանակ նաեւ՝ Մինսկի խմբի անդամ պետութիւններ են եւ ԵԱՀԿ-ին։ Խնդիրը Հայաստանը չէ, եթէ Արցախ հանրապետութիւնը չի դիմում որպէս ինքնուրոյն սուբիեկտ, դրանով համակերպւում է, որ սուբիեկտ չէ։ Բոլոր միջազգային կառոյցներին պէտք է դիմել ոչ թէ դիմումով, ոչ թէ նամակով, այլ դիւանագիտական նորմերով գրւած կամ այդ ինստիտուտների կողմից մշակւած կանոնակարգով գրւեն նիւթեր։ Հասկանում էք, մենք չենք կարող սպասել։ Ադրբեջանի արարքները բաւարար են դիմելու համար։
Panorama.am - Ի՞նչ խնդիր է դա լուծելու։
Լարսա Ալավերդեան - Մեծ խնդիր կարող է լուծել։ Դա այսպէս ասած՝ շտապ ձեւերից մէկն է, երբ պահանջւում է միջամտութիւն։ Այդ «նոտայի» մէջ պէտք է ձեւակերպւեն բոլոր պահանջները կամ ակնկալիքները, որոնց իրաւունքն ունի Արցախի հանրապետութիւնը։ Հասկանում էք, չճանաչւածութիւնը բոլորի կողմից ընկալւում է՝ չլինել միջազգային իրաւունքի դաշտում, մինչդեռ դա այդպէս չէ։
Panorama.am - Ի՞նչն է Արցախին յետ պահում կամ ի՞նչն է խնդիրը, որ մինչեւ հիմա Արցախն այս քայլին չի դիմել։
Լարսա Ալավերդեան - Համոզւած եմ, որ կայ մտայնութիւն՝ քանի դեռ ոչինչ ստորագրւած չէ, չարժէ դրա մասին խօսել։ Հնարաւոր է մտածում են, որ կարող է դա ստւեր գցի Հայաստանին։ Տւեալ դէպքում իշխանութիւնների մասին չեմ խօսում, նորից եմ ասում՝ կապ չունի ճիշտ կամ սխալ քաղաքականութիւնը, պէտք է սուբիեկտն ինքը յստակեցնի, որ իր դիմաց կանգնած ճանաչւած պետութիւնն իրականացնում է ցեղասպանութիւն, կէտ առ կէտ պէտք է գրւի այդ մասին։ Հայաստանն ինչ անում է՝ դա մի կողմ, իսկ Արցախը որպէս հանրապետութիւն, միջազգային նորմերի վրայ յենւելով, պէտք է ինքը դիմի եւ այն պէտք է լինի այսօրւայ ցեղասպանութիւնը կանխարգելող գործիք։