Հա

Քաղաքական

18/10/2022 - 12:00

«Կառավարութիւնն ասում է՝ «Աղքատ ես, քանի որ անխելք ես»». Սուրէն Պարսեան

Աղքատութեան յաղթահարման համաշխարհային օրւայ շրջանակներում Panorama.am-ը զուցեց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի հետ:

«alikonline.ir» - Աղքատութեան յաղթահարման համաշխարհային օրւայ շրջանակներում Panorama.am-ը զուցեց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի հետ:

«Հայաստանում հազարաւոր մարդիկ շարունակում են մնալ աղքատութեան մէջ, թերսնւած վիճակում, պատահական չէ, որ Համաշխարհային բանկի 2020 թ. զեկոյցի համաձայն Հայաստանում աղքատների թիւն աճել է հասնելով 27%-ի: Աղքատութիւնն ունի ստորին եւ վերին շեմ եւ վերջինիս համաձայն Հայաստանում աղքատութեան տոկոսը 47-48 է»,- ասաց Պարսեանը::

Տնտեսագէտի խօսքով՝ ստացւում է, որ Հայաստանում ամէն երկրորդ մարդն ունի աղքատութեան խնդիր եւ այն աւելի է սրւել 2021-22թթ.-ի ընթացքում:

«Յայտնի խօսք է, որ աղքատութիւնը ծնում է աղքատութիւն: Աղքատ ընտանիքի զաւակները, մեծ հաւանականութեամբ, ապագայում լինելու են աղքատ, քանի որ չեն ստանում բաւարար սնունդ, որակեալ կրթութիւն, առողջապահական ծառայութիւններ եւ ակնյայտ է, որ այս ամէնն ազդելու է նրանց ապագայ բարեկեցութեան վրայ: Պատահական չէ, որ Համաշխարհային բանկի գնահատականներով Հայաստանի աղքատների մէջ մեծ կշիռ ունեն նաեւ դպրոցահասակ երեխաները, որոնք չեն ստանում որակեալ սնունդ, կրթութիւն: Նրանց թիւը տատանւում է 3-ից 7-%-ի սահմաններում՝ կապւած նրանից, թէ ինչ տարիքային խմբում են գտնւում:

Աղքատների թիւը, ցաւով պէտք է արձանագրեմ, վերջին տարիներին էլ աւելի է մեծացել, քանի որ 2021-22 թթ. ընթացքում մենք ունենք աննախադէպ բարձր գնաճ: Միայն 2022թ. գնաճը կազմում է 8.6%, այն դէպքում, երբ մարդկանց եկամուտները թոշակները եւ նպաստները համաչափ չեն աճել: Ունենք իրավիճակ, որ մարդկանց ծախսերն աւելացել են՝ յատկապէս սննդամթերքի դէպքում, երբ միայն այս տարի այն թանկացել է 12-14%-ի շրջանակներում, իսկ մարդկանց եկամուտներն, հաստատապէս կարելի է ասել, որ 12-14%-ով չի աւելացել, յատկապէս՝ նպաստառու ընտանիքներում:

Աղքատների թիւն աւելացել է պետական սոցիալական քաղաքականութեան ձախողման արդիւնքում: Այս տարի մենք ունենք 13.9% տնտեսական աճ, բայց ակնյայտ է, որ այդ աճից չի օտւել մեր հասարակութեան մեծ մասը: Նման իրավիճակ է նաեւ ամբողջ աշխարհում, բայց տարբեր երկրներ մոդելներ են մշակել՝ նւազեցնելով իրենց աղքատների թիւը: Յաճախ տեսնում ենք իրավիճակ, երբ մեր գնաճը համեմատում են այս կամ այն երկրի գնաճի հետ՝ փորձելով ցոյց տալ, թէ իբր մեր մօտ աւելի լաւ է քան այլ երկրներում, սակայն այդ ցուցանիշը համեմատելու հետ մէկտեղ, մենք պէտք է համեմատենք նաեւ աղքատութեան թիւը: Օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն ամենաբարձր աղքատութեան մակարդակն ունի, ինչը մտահոգիչ իավիճակ է: Սա խօսում է այն մասին, որ Հայաստանը, լինելով մի ինտեգրման միաւորի մէջ, գտնւում է շատ վատ եւ թոյլ վիճակում՝ տնտեսական աճից եւ զարգացումից հասարակութեան մեծ մասը չի օգտւել:

Այս ամենի դէմն առնելու համար մենք պէտք է փոխենք մեր սոցիալական քաղաքականութիւնը՝ այն դարձնելով մարդակենտրոն եւ այստեղ շատ կարեւոր է, որ հարկային համակարգի բարեփոխումն իրականացնել արդիւնաւէտ եւ շատ արդար ձեւով: Սոցիալական արդարութիւնն ինքը բարոյական կատեգորիա չէ, այն ունի սոցիալական տրամաբանութիւն, հաշւարկներ եւ տնտեսական հիմնաւորումներ: Եկամտահարկի համահարթեցման այս քաղաքականութիւնը խաթարում է այս ամբողջ տրամաբանութիւնը: Պէտք է անցնել պրոգրեսիւ եկամտային հարկին, շահութահարկին: Սա Հայաստանի տնտեսութեան մէջ սոցիալական արդարութեան ներդրման կարեւոր գործօն պէտք է դառնայ: Վերջապէս պետութիւնը պէտք է նւազագոյն սպառողական շեմն ազատի հարկերից: Այսինքը՝ այն մարդը, որը չի կարողանում իր նւազագոյն կարիքները հոգալ, այդ մարդուց չպէտք է պետութիւնը հարկ վերցնի:

Հարկային քաղաքականութիւնը պէտք է միտւած լինի մարդուն, ոչ թէ մարդուց վերցւի այդ ամէնը՝ իր նւազագոյն կենսագործունէութիւնն նոյնիսկ չապահովելու պայմաններում: Մենք ունենք մեր ներքին խնդիրները, որոնք էլ աւելի են խորացնում աղքատութիւնը: Ցաւով պէտք է արձանագրեմ, որ աղքատութիւնն վերջին տարիներին էլ աւելի է խորանալու, քանի որ որեւէ հետեւութիւն չի արւում եւ ամէն ինչ բարդւում է մարդկանց խելքի վրայ: «Աղքատ ես, քանի որ անխելք ես», այս տրամաբանութեամբ է փորձում կառավարութիւնը իր քայլերն արդարացնել:

Այն դէպքում, երբ աղքատութիւնն բազմաչափ է: Նրա վրայ ազդում են բազմաթիւ գործօններ՝ կրթական, սոցիալական, առողջապահական: Ընտանիքներ կան, որ ունեն բաւարար եկամուտներ, բայց չունեն բաւարար գիտելիքներ այդ գումարներն արդիւնաւէտ ծախսելու համար: Ընտանիքներ կան, որ ունեն մեծ եկամուտներ, բայց այդ գոմարները ծախսում են առողջական խնդիրենրը լուծելու համար, քանի որ հիւանդ է այդ ընտանիքի անդամը, լուրջ առողջական խնդիրներ ունի: Այսինքը՝ մեքն պէտք է տարանջատենք այդ ամէնը եւ չպէտք է ընկնենք ծայրայեղութեան մէջ՝ ամէն ինչ բարդելով մի գործօնի՝ «Աղքատ ես քանի որ անխելք ես»-ի վրայ: Այս տրամաբանութամբ մենք չենք կարող արմատախիլ անել աղքատութեան քաղցկեղը, որն արդէն 30 տարի է մեր հասարակութեան մէջ մեծ ազդեցութիւն է թողնում:

Աղքատ ընտանիքները նաեւ սովորել են նպաստներին, օգնութիւններին, որը դեգրադացնում է մեր հասարակութիւնը: Պէտք է նպաստից անցել աշխատանքի: Այս մարդկանց պէտք է աշխատանք տալ: Նպաստները շատ յաճախ չեն օգնում, ճիշտ հակառակ ազդեցութիւնն են ունենում: Մենք մեծ անելիքներ ունենք եւ Աղքատութեան յաղթահարման օրւան ընդառաջ պէտք է վերանայենք մեր քաղաքականութիւնը:

Ցաւօք, հասարակութեան մէջ, պետական եւ մասնագիտական մակարդակներում քննարկումենր չկան այս ուղղութեամբ, թէ ինչպէս գտնել աղքատութեան յաղթահարման բանալին: Մեզ մօտ այլ օրակարգեր են, այլ քննարկումներ եւ շատ սպեկուլեատիւ գործընթացներ են տեղի ունենում: Շատ յաճախ թոշակների կամ նպաստների բարձրացումն տեղի են ունենում զուտ քաղաքական տրամաբանութիւնից ելնելով, առանց հաշւարկի եւ հիմնաւորման: Մենք այսպիսի քննարկումների կարիք ունենք: Անկախ նրանից, թէ այն կը նախաձեռնի ընդդիմութիւնը, թէ իշախանութիւնը՝ մեր սոցիալական քաղաքականութիւնը պէտք է վերանայենք ամբողջութեամբ»,- յայտարարեց Սուրէն Պարսեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։