«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն երէկ՝ հոկտեմների 17-ին, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարեանն այս առիթով նախ նշել է․ «2018թ․ յետոյ վարչապետի կին Աննա Յակոբեանը քանիցս հագել է զինւորական համազգեստ եւ ամուսնուն ուղեկցել զօրամասեր։ Ինչո՞ւ։ Պետութեան ղեկավարի կինն ի՞նչ գործ ունի բանակի համազգեստով, առհասարակ՝ ռազմական համազգեստով շրջելուց։
«alikonline.ir» - Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ-ն հետեւեալ հաղորդագրութիւնն էր տարածել․ «Հաշւի առնելով քաղաքացիներից ստացւող բազմաթիւ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանութեան նախարարութիւնը կազմակերպում է մարտական հրաձգութեան դասընթացներ, որոնց մասնակցելու են զինւորական ծառայութիւն չանցած քաղաքացիները: Դասընթացները ներառելու են հրաձգութեան տեսական, ինչպէս նաեւ գործնական պարապմունքներ՝ մարտական զէնքով։ Առաջին փուլի հերթագրումն իրականացւելու է Երեւան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառեալ։ Այս փուլում մասնակցութեան առաջնահերթութիւնը տրւելու է իգական սեռի ներկայացուցիչներին: Գրում է Aravot.am-ը:
Յաջորդ փուլերով դասընթացներ կանցկացւեն նաեւ հանրապետութեան մարզերում։ Դասընթացներն անվճար են, մասնակիցների յարմարաւէտութեան համար անցկացւելու են հանգստեան օրերին (շաբաթ եւ կիրակի), մասնակիցներն ապահովւելու են սննդով»։
«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն երէկ՝ հոկտեմների 17-ին, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարեանն այս առիթով նախ նշել է․ «2018թ․ յետոյ վարչապետի կին Աննա Յակոբեանը քանիցս հագել է զինւորական համազգեստ եւ ամուսնուն ուղեկցել զօրամասեր։ Ինչո՞ւ։ Պետութեան ղեկավարի կինն ի՞նչ գործ ունի բանակի համազգեստով, առհասարակ՝ ռազմական համազգեստով շրջելուց։ Այն կնոջ մասին է խօսքը, որ պատերազմից առաջ մեկնել էր Արցախ եւ առաջնագծում կոչ էր անում հալել զէնքերը, փամփուշտներն ու դրանցից կանացի զարդեր պատրաստել։ Խաղաղասեր կինը զինւորական համազգեստ է հագնո՞ւմ։ Բացի այդ, նա պատերազմից մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի սկզբին, անհասկանալի կանանց մի խմբի հետ 7-օրեայ զօրավարժանքներ էր արել Արցախի ՊԲ զօրամասերից մէկում։ Ի՞նչ ծրագրով, ի՞նչ նպատակով։ Լուսանկարներ էին տարածում՝ ֆենւած, շպարւած, աւտոմատով․․․ո՞րն էր այս ամէնի նպատակը»։
Էդգար Ղազարեանը շարունակել է․ «Իսկ պատերազմի ժամանակ, երբ զօրահավաք էր, կանանց «Էրատօ» ջոկատ է ստեղծւում, որն իբր թէ մեկնում է մարտական առաջադրանք կատարելու։ Զինծառայութեան հետ երբեւէ առնչութիւն չունեցող մարդիկ, էլ չասած կանայք, ինչո՞ւ պէտք է մեկնեն մարտական առաջադրանք կատարելու։ Սրա նպատակը ծաղրն է։ Ծաղրի են վերածում մահը, պատերազմը․․․նոյնը հիմա է կատարւում։ ՊՆ-ն յայտարարում է, որ զինծառայութիւն չանցած մարդկանց համար կազմակերպւում են կրակային վարժանքներ, սննդի հարցն էլ լուծում է ՊՆ-ն։ Այսինքն, պիկնիկ են կազմակերպում այն դէպքում, երբ ՀՀ-ի վրայ կայ ռազմական ներխուժում, երբ ՀՀ գերիշխող դիրքերն անցել են թշնամուն, երբ չի յայտարարւել ռազմական դրութիւն եւ անգամ մասնակի զօրահաւաք չկայ։ Եւ ՊՆ-ն պիկնիկ է անում՝ յատկապէս կանանց եւ աղջիկների համար, ընդ որում՝ շաբաթ-կիրակի։ Այսինքն, պատերազմը զւարճանքի եւ ծաղրի են վերածում։ Երբ երկրի վրայ ներխուժում կայ, զօրահավաք պէտք է յայտարարւի, եւ բոլոր զինւորականներն ու սպաները պէտք է ըստ բանակի կարիքների զօրակոչւեն, կցւեն զօրամասերին եւ կատարեն մարտական առաջադրանքներ։ Ի՞նչ կանանց մասին է խօսքը։ Սա ինչի՞ց է գալիս՝ Աննա Յակոբեանի յօդւածից այն մասին, թէ ինչու կանայք ժամանակին չեն արձագանքել «մեծն ռազմական առաջնորդի» ռազմական կոչին, եւ կանանց ջոկատը սահմանափակւել է միայն «Էրատօ»-ով։ Պատերազմի սպառնալիքը վերածում են ծաղրի եւ պիկնիկի»։
Նկատառմանն ի պատասխան, որ կը հնչեն գնահատականներ, որ կանայք եւս պէտք է ներգրաււեն երկրի պաշտպանութեան գործում, որ նախկինում ես կանայք տղամարդկանց հետ միասին զէնք են վերցրել թշնամու դէմ, Էդգար Ղազարեանն ասաց․ «Կանանց ներգրաւելու յարաբերութիւնները եւս կարգաւորւած են օրէնքով։ Սեպտեմբերի պատերազմը նշանաւորւեց նրանով, որ հինգ կին զինւորական զոհւեց, ընդ որում՝ խոշտանգումներով։ Այսինքն, կանանց ներգրաււածութիւնը բանակում կարգաւորւում է օրէնքներով։ Դա չի թողնւում կամաւորականներին կամ վերացական գործունէութեանը։ Իսկ այն, ինչ ՊՆ-ն է անում, դրա հետ ոչ մի կապ չունի։ Աւելին՝ այս պահին էլ առաջնագծում մարտական հերթապահութիւն են անում կամաւորականները։ Իմ կարծիքով՝ դա անթոյլատրելի է, որովհետեւ արցախեան պատերազմի յաջողութիւնները եղել են կամաւորական ջոկատների կողմից։ Բայց երբ բանակն արդէն իսկ ձեւաւորւած է այսօր, կան ստորաբաժանումներ, ի՞նչ կամաւորների մասին է խօսքը, երբ բանակն ունի նաեւ հաշւառւած ռեզերվ։ Եթէ բանակին պէտք է հրետանաւոր, ապա կանչում են ռեզերւից եւ կցում զօրամասին։ Այս խնդիրը եղաւ նաեւ 2020թ․-ի ժամանակ, երբ կար զօրահավաք, բայց առաջնագիծ էին ուղարկում կամաւորականներին։ Հիմա էլ փորձում են սպասւող պատերազմում հնարաւորինս շատ մարդ սպանել»։
Լուիզա Սուքիասեան