Հա

Քաղաքական

18/10/2022 - 13:50

«Փաշինեանի ձախողւած քաղաքականութիւնը նպաստում է, որ Ադրբեջանը, այսպէս կոչւած, միջանցքի հարցը նոր պատերազմով լուծի». Գառնիկ Դաւթեան

Անցակէտերի բացումն, առհասարակ, իրենից վտանգ է ներկայացնում այն առումով, որ հետագայում կարող է շահարկւել Ադրբեջանի կողմից, թէ պէտք է լինի էքստերիտորիալ ճանապարհ, այսինքն՝ փորձեն գործընթացներն այնպէս տանել, որ իրենց բեռնափոխադրումները դուրս մնան հայկական կողմի վերահսկողութիւնից, օրինակ՝ գոնէ ռուսական վերահսկողութեան տակ լինեն։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ադրբեջանագէտ Գառնիկ Դաւթեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի՝ Ադրբեջանին արւած առաջարկին։

«alikonline.ir» - Անցակէտերի բացումն, առհասարակ, իրենից վտանգ է ներկայացնում այն առումով, որ հետագայում կարող է շահարկւել Ադրբեջանի կողմից, թէ պէտք է լինի էքստերիտորիալ ճանապարհ, այսինքն՝ փորձեն գործընթացներն այնպէս տանել, որ իրենց բեռնափոխադրումները դուրս մնան հայկական կողմի վերահսկողութիւնից, օրինակ՝ գոնէ ռուսական վերահսկողութեան տակ լինեն։

«Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ադրբեջանագէտ Գառնիկ Դաւթեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի՝ Ադրբեջանին արւած առաջարկին։

Յիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն հոկտեմբերի 17-ին թւիթերում նշել էր, որ արդէն մի քանի ամիս է՝ պաշտօնապէս շրջանառւում է ՀՀ կառավարութեան որոշման նախագիծը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին 3 անցակէտ բացելու վերաբերեալ՝ ապահովելու արեւելեան Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ կապը։ «Հայաստանի կառավարութիւնը սպասում է Ադրբեջանի դրական արձագանգին»,- նշել էր նա։

Սրան հետեւեց Ադրբեջանի ԱԳՆ-ի յայտարարութիւնը, թէ Հայաստանը պէտք է հրաժարւի Զանգեզուրի միջանցքի հետ կապւած պատճառաբանութիւններից։ Ադրբեջանի գերատեսչութիւնից յայտարարել են, թէ Հայաստանը պէտք է դադարեցնի խուսափել 2020թ. նոյեմբերի ստորագրւած եռակողմ յայտարարութեան մէջ ամրագրւած իր պարտաւորութիւններից։

Գառնիկ Դաւթեանը ուշադրութիւն է հրաւիրում ոչ թէ այս արձագանգի, այլ Իլհամ Ալիեւի՝ ԱՊՀ գագաթնաժողովին արած յայտարարութեան վրայ, ըստ որի, Ադրբեջանն ունի համբերութիւն, որը լցւելու դէպքում ստիպւած կը լինի դիմել այլ մեթոդների։

«Այսիքն, իր հեռահար քաղաքականութեամբ, Ադրբեջանը միջազգային ասպարէզում փորձում է իր համար լեգիտիմութիւն ստեղծել, որ իր կողմից ռազմական ագրեսիան պայմանաւորւած չէ հայկական տարածքները գրաւելով, այլ՝ հայկական կողմին ստիպելուն է ուղղւած, որ վերջինս կատարի իր պարտականութիւնը։ Այստեղ շատ հետաքրքիր է նաեւ ՀՀ իշխանութեան դիրքորոշումը, որը, պարբերաբար, Եւրոպայում հանդիպումների ժամանակ, անընդհատ խօսում է խաղաղութեան պատրաստակամութեան մասին, բայց, մեկնելով Ռուսաստան, հակառակ յայտարարութիւններ է անում՝ փորձելով հաճոյանալ ռուսական կողմին, բայց պէտք է արձանագրել, որ երկու դաշտում խաղը բերելու է Հայաստանի, այսպէս կոչւած, արտաքին քաղաքականութեան որակազրկմանը, որովհետեւ խաղացողները կը տեսնեն, որ Փաշինեանը, մանիպուլացնելով, փորձում է հնարաւորինս ձգել պրոցեսը՝ հնարաւորինս ներգրաւելով տարբեր ուժերի՝ Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ մրցակցութիւն ստեղծելով։ Հայաստանի իշխանութիւնն ասում է՝ ես պատրաստ եմ բոլորին տրւելու, միայն թէ, ով աւելի շատ շահագրգռի»,- նշում է մասնագէտը։

Անդրադառնալով հարցին, թէ Բաքուն ու Անկարան պարբերաբար խօսում են այն մասին, որ Հայաստանը պէտք է պարտաւորութիւնները կատարի, այսպէս կոչւած Զանգեզուրի միջանցքի մասով, արդեօ՞ք սա կարող է նշանակել, որ այդուհանդերձ, Փաշինեանը որոշակի բանաւոր պայմանաւորւածութեան է եկել եւ հիմա նրանից պահանջում են կատարել խոստումը, ադրբեջանագէտն ասաց․ «Ես մէկ տոկոս անգամ կասկած չունեմ, որ Փաշինեանը ոչ միայն միջանցքի, այլեւ միւս բոլոր պրոցեսների պարագայում, որոնց ականատեսն ենք մենք՝ տարածքային զիջումներից մինչեւ կորուստներ ու բախումներ, տւել է որոշակի խոստումներ։ Մենք այսօր ունենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ղեկավարութիւն։ Բոլոր պրոցեսները տանում են ոչ միայն կորուստների, այլեւ, առհասարակ, հարցականի տակ են դնում Հայաստանի սուբիեկտայնութիւնը, իսկ Ալիեւի յայտարարութիւնները պատահական չեն։ Նա շարունակ փորձ է անում ի ցոյց դնել Հայաստանի իշխանութեան բացթողումները, օրինակ, ակնարկում է, որ նա փորձում է Հարաւային Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, ինչը ինչ-որ առումով ճշմարտութիւն է, հետեւաբար, փորձելով հաճոյանալ ռուսական կողմին, ցանկանում է ստանալ իր բաղձալի միջանցքը, քանի որ միայնակ Ադրբեջանը չի կարող այդ հարցը լուծել։ Այստեղ պէտք է կամ ռուսներին մոլորեցնել՝ օգտւելով Նիկոլի արտաքին քաղաքականութեան բացթողումներից կամ պէտք է պատերազմ սկսել, ինչը լեգիտիմացնելու քայլեր, արդէն իսկ իրականացնում է Ադրբեջանը»,- բացատրում է Գառնիկ Դաւթեանը։

Ադրբեջանագէտը նկատում է՝ Փաշինեանը հանրութիւնից գաղտնի է պահում գործընթացները, ոտքի վրայ ինչ-որ անցակէտեր է յօրինում, առանց հեռահար հաշւարկի՝ առաջարկ անում Ադրբեջանին։

«Կարծում եմ, որ Փաշինեանի՝ նման որոշումները հապճեպ կայացւած են՝ հաշւի առնելով Հայաստանի վրայ ճնշման լուրջ մակարդակը եւ իր կողմից պատահական արւած յայտարարութիւնները։ Նա, չունենալով որեւէ լուրջ հաշւարկ, փորձում է ինչ-ինչ առաջարկ անել, որոնք կամ կը մեղմեն գործադրւող ճնշումը կամ պրոցեսները կերկարաձգեն կամ էլ՝ ինքը ցոյց կը տայ, որ պատրաստ է զիջումների, բայց ոչ այն մակարդակում, որը Ադրբեջանն է պատկերացնում։ Այս քաղաքականութիւնը դրսի խաղացողների շրջանում չհասկացւածութեան է բերում, եթէ դու մի բան ես խոստանում կամ ստորագրում ես որեւէ յայտարարութեան տակ եւ փոխարէնը այլ բան ես առաջարկում, նշանակում է՝ Ադրբեջանին հնարաւորութիւն ես տալիս նոր պատերազմ սկսել»,- շեշտում է մեր զրուցակիցը՝ նկատելով, որ Փաշինեանն այդպէս արեց նաեւ 44-օրեայ պատերազմի ժամանակ, երբ մեկուսացրեց ԵԱՀԿ ՄԽ-ին, ինչ-որ անհեթեթ առաջարկներից սկսեց խօսել։

«Պատերազմի վտանգը բնաւ չի նւազել, Հայաստանի իշխանութեան արտաքին քաղաքականութեան ձախողումները դրան են տանում, որ Ադրբեջանը լեգիտիմութիւն ստանայ միջանցքի խնդիրը պատերազմով կամ լոկալ բնոյթի բախումներով լուծել։ Ադրբեջանին ընդամէնը պատճառ է պէտք»,- եզրափակում է մասնագէտը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։